21
10, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ՀԲԸՄ նորընտիր նախագահ Սեմ Սիմոնյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀԲԸՄ նորընտիր նախագահ Սեմ Սիմոնյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Սիմոնյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ ընտրվելու առթիվ և մաղթում եմ բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք: ՀԲԸՄ-ն այն բացառիկ համահայկական կազմակերպություններից է որի տասնամյակների գործունեությունն ու ավանդը հայապահպանության, Սփյուռքի համախմբման, իսկ անկախացումից հետո արդեն՝ մեր պետությանը ցուցաբերած անշահախնդիր աջակցության գործում դժվար է գերագնահատել:

Լիահույս եմ, որ որպես ոչ քաղաքական և համահայկական կազմակերպություն, Բարեգործական ընդհանուր միությունը Ձեր նախագահությամբ կշարունակի հավատարիմ մնալ իր բովանդակության հիմնարար սկզբունքներին և իդեալներին, իրագործել ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ժամանակի պահանջներին ու մարտահրավերներին համապատասխան նոր ռազմավարությամբ, նոր շնչով ու արդի գլոբալ փոփոխությունները հաշվի առնելով կորդեգրի բարեփոխումներ ու նորարարություններ իրականացնելու առաքելությունը:

Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, կենտրոնական իշխանության և կառավարությունների համար առանձնահատուկ կարևոր է Հայկական բարեգործական ընդհանուր միության և Սփյուռքի բոլոր կառույցների հետ սերտ համագործակցությունը, քանի որ այսօր մեր պետականության և աշխարհասփյուռ հայության առաջ ծառացած մարտահրավերներին հնարավոր է դիմագրավել միայն մեր բոլորի ջանքերի մեկտեղումով:

Վստահ եմ, որ բոլորիս երազանքներն ու նպատակները համընկնում են՝ ունենալ հզոր ու բարգավաճ Հայաստան, ազդեցիկ և համախմբված Սփյուռք, վստահ եմ նաև, որ այս նպատակներին հասնելու համար Դուք ջանք ու եռանդ չեք խնայելու:

Հարգարժան պարոն Սիմոնյան,

Կրկին շնորհավորելով Ձեզ ՀԲԸՄ պատասխանատու և անչափ պարտավորեցնող նախագահի պաշտոնն ստաձնելու կապակցությամբ, մաղթում եմ անսպառ եռանդ, քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր ձեռնարկներում»:


 

← Վերադառնալ