Շնորհավորական
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին` պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ համագործակցության ընդլայնումն ու խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Մեր երկրների միջև առկա կայուն գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու անկեղծ ցանկությամբ:
Այս տարին հոբելյանական է մեր երկրների համար, քանի որ լրանում է հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Սա լավ առիթ է վերարժևորելու անցած տարիների ընթացքում մեր գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև նախանշելու փոխգործակցության նոր ուղղություններ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»: