Շնորհավորական
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին` Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առթիվ
Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հայաստանը մեծապես կարևորում է դարերի խորքից եկող հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունների հետևողական ամրապնդումը:
Հայաստանը և Իրանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:
Համոզված եմ, որ առաջիկայում ավելի կխորացնենք և կզարգացնենք փոխվստահության ամուր հիմքերի վրա խարսխված երկկողմ և բազմակողմ գործակցությունը՝ ի նպաստ մեր պետությունների առաջընթացի, տարածաշրջանի կայունության և մեր ժողովուրդների բարեկեցության»:
***
Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին:
Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մեր ժողովուրդներին միավորում է փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված սերտ բարեկամությունը, որը դարերի փորձություն է անցել:
Ուրախ եմ փաստել, որ Հայաստանը և Իրանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը մշտապես առանձնահատուկ կարևորություն է տվել միջպետական համագործակցության ամրապնդմանը և երկկողմ օրակարգի հարստացմանը։
Համոզված եմ, որ հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության և մեր ժողովուրդների բարօրության»։