Շնորհավորական
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել այս փորձությունը ևս. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի ազգային տոնի՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Պատմական ու մշակութային սերտ շփումների և համագործակցության արդյունքում ձևավորված հայ և վրացի ժողովուրդների բարեկամությունն ու փոխվստահությունը դարերի ընթացքում ապացուցել են իրենց կենսունակությունը՝ հաջողությամբ հաղթահարելով բոլոր փորձությունները և հիմք դառնալով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների ձևավորման ու զարգացման համար:
Հատկապես այսօր՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ ժամանակաշրջանում առավել պարզորոշ է զգացվում մեր հարևան և բարեկամ երկրի հետ սերտ փոխգործակցության կարևորությունը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել մարդկության առջև ծառացած այս ծանր փորձությունը ևս»:
Նախագահ Սարգսյանը Սալոմե Զուրաբիշվիլիին մաղթել է հաջողություն և քաջառողջություն, իսկ բարեկամ վրացի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։