30
09, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդիական Տաուսե Մալակի տաճարի օծման և բացման առիթով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաուսե Մալակի տաճարի օծման և բացման առիթով, որում ասվում է.

«Սրտանց շնորհավորում եմ եղբայրական եզդի ժողովրդին Տաուսե Մալակի տաճարի օծման և բացման առիթով:

Հայաստանը դարեր ի վեր հայրենիք և տուն է բազմահազար եզդիների համար, որը մենք միասին պաշտպանել, կառուցել եւ զարգացնում ենք: Տաուսե Մալակի տաճարի վեր խոյացմամբ հայոց հողն այսօր դարձավ նաև մեր եզդի քույրերի և եղբայրների հոգևոր կյանքի կենտրոն:

Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները՝ անկախ կրոնական կամ ազգային պատկանելությունից, լիարժեք հնարավորություն ունենան պահպանելու իրենց լեզուն, սովորույթներն ու ծեսերը, հոգևոր և մշակութային ժառանգությունը:

Մաղթում եմ, որ նորաօծ այս սրբատեղին խաղաղության և բարեկեցության աղոթքներով լցնի եզդի մեր հայրենակիցների օջախները և հարստացնի նրանց հոգևոր ու մշակութային կյանքը»:  

← Վերադառնալ