22
09, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներից:

Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին և փոխէմիր Աբդուլլա բին Համադ Ալ Թանին։

Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդը նախագահ Սարգսյանին հղած ուղերձում ողջունել է երկու երկրների միջև բարեկամությունը և հարաբերություններն ու համագործակցությունն առավել խորացնելու պատրաստակամությունը։ Նա իր բարեմաղթանքներ է փոխանցել նախագահ Սարգսյանին, իսկ հայ ժողովրդին մաղթել է առաջընթաց և բարգավաճում։

Միջազգային հեղինակավոր Արևելք-Արևմուտք ինստիտուտի նախագահ Վիլյամ Փարկերը նախագահ Սարգսյանին ուղղված ուղերձում մասնավորապես նշել է․ «Արևելքի և Արևմուտքի միջև երկխոսություն հաստատելու մեր ջանքերում Հայաստանի դերը՝ որպես քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվող հնագույն ազգ և ժամանակակից պետություն, շատ կարևոր է։ Ակնկալում ենք ընդլայնել մեր հետագա համագործակցությունը Հայաստանի հետ»։ 

← Վերադառնալ