Շնորհավորական
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Փիթեր Բալաքյանին՝ Պուլիցերյան մրցանակին արժանանալու առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Փիթեր Բալաքյանին՝ պոեզիայի բնագավառում 2016 թվականի Պուլիցերյան մրցանակին արժանանալու կապակցությամբ:
«Համայն հայության համար սա նշանակալի իրադարձություն է, քանզի ամերիկահայ հանճարեղ գրող Վիլյամ Սարոյանից հետո Դուք երկրորդ տաղանդաշատ հայորդին եք, ով իր բարձրարժեք ստեղծագործությամբ գրավեց գրական հեղինակավոր այս բարձունքը: Հայոց ցեղասպանության թեման արծարծող «Օզոնի հանդես» պոեմների ժողովածուն դարձավ Ձեր գրական ժառանգության տրամաբանական շարունակությունը:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրեի այս իրողությունը լավագույն պատասխանն էր մեկ դար առաջ հայերի նկատմամբ իրականացված ոճրագործության հեղինակներին ու նրանց հետնորդներին: Մրցանակը աշխարհին մեկ անգամ ևս հիշեցնում է վերածնված մի ողջ ժողովրդի մասին, որն ապրում և հաստատում է մնայուն արժեքներ արարող իր էությունն այս մեծ աշխարհում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: