Շնորհավորական
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Կանանց տոնի կապակցությամբ
Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ: Վստահ եմ` այսօր ձնծաղիկներով թոռնիկների, շնորհավորական տողեր շարադրող աշակերտների ու ուսանողների, ամուր գրկող եղբայրների ու զավակների և անակնկալ մատուցող ամուսինների պակաս չենք ունենալու: Այսօր մենք մեծարում ենք մեր կանանց` մեր ընտանիքների ջերմության և մեր հասարակության հասունության պահապաններին:
Այժմ մեր երկրում կանայք շատ ավելի մեծ դեր ունեն, քան ունեցել են երբևէ: Սահմանադրական բարեփոխումների գործընթացն այս միտումն ավելի է խորացնելու ժամանակի ընթացքում, ինչի հիմքերն արդեն իսկ դրված են: Կանանց ավելացող դերակատարությունը Հայաստանում իր հերթին շարունակաբար ամրացնելու է խաղաղ համակեցության, արդար աշխատանքի և ստեղծարարության այն ուղղորդիչները, որոնք մենք իսկապես առաջնային ենք համարում:
Կրկին շնորհավորում եմ մեր կանանց, դուստրերին ու մայրերին գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ: Թող արևոտ այս օրը լույս և հաջողություններ բերի բոլորի ընտանիքներին: