Շնորհավորական
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առթիվ
Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:
Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Սերժ Ազատի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային նմանությունների բազմադարյա ավանդույթների վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են դաշնակցային գործընկերության ոգով: Փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում որակական նոր մակարդակի է բարձրանում եվրասիական ինտեգրացիոն նախագծում Ձեր երկրի ներգրավվման լույսի ներքո:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ կապերի ողջ համալիրի հետագա զարգացումը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում ջանքերի արդյունավետ կոորդինացիան: Դա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ բարօրություն և բարգավաճում»,-ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում:
***
ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման:
«Հարգելի պարոն Նախագահ,
Ամերիկայի ժողովրդի հետ միասին բարեմաղթանքներ եմ հղում սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն գործընկերության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների հարուստ պատմություն: Մարդկանց միջև շփումները, մշակութային և տնտեսական կապերը, որոնք միավորում են մեր երկրները, տպավորիչ են և ոգեշնչող: Մենք գնահատում և հարգում ենք Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունը, ինչպես նաև այն մեծ ավանդը, որը տարիների ընթացքում հայկական ծագմամբ ամերիկացիները ներդրել են Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները մնում են ամուր, և մենք առաջիկա բազում տարիների համար ևս ակնկալում ենք համագործակցության շարունակում և խորացում»,-ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում:
***
Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ հղել Ձեզ և ողջ հայ ժողովրդին խաղաղության և բարգավաճման իմ անկեղծ բարեմաղթանքները:
Ավելի քան քսան տարի է, ինչ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ձևավորվել են առանձնահատուկ հարաբերություններ` հիմնված վստահության և բարեկամության վրա: Ես հետամուտ եմ Ձեզ հետ միասին շարունակելու աշխատանքը` միտված մեր երկու երկրների միջև կապերի խորացմանը, ինչպես դա իրականացրել ենք վերջին երկու տարիների ընթացքում:
Այս տարվա մայիսին Երևան կատարած իմ պետական այցի ընթացքում հնարավորություն ունեցա նաև իրազեկ լինելու այն կարևոր բարեփոխումներին, որոնք նախաձեռնել է Ձեր երկիրը` ապահովելու համար իր զարգացումն ու արդիականացումը: Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան լիակատար աջակցություն կցուցաբերի այս ձեռնարկի շարունակման գործում:
Ի վերջո ցանկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղված բանակցությունները, որոնցում Ֆրանսիան` որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծապես ներգրավված է, առաջիկայում պսակվեն հաջողությամբ: Ուրախ եմ այս առիթով հյուընկալելու Ձեզ Փարիզում սույն տարվա հոկտեմբերի վերջին:
Խնդրում եմ ընդունել, մեծարգո պարոն Նախագահ, ամենախորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է Ֆրանսիայի Նախագահի շնորհավորական ուղերձում:
***
Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը:
«Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ պատիվ ունեմ Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Հայաստանի բարեկամ ժողովրդին հղել սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ:
Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում: 22 տարիների ընթացքում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից, առաջընթաց կերպով զարգանում է բարեկամական համագործակցությունը Չինաստանի և Հայաստանի միջև: Երկկողմ քաղաքական փոխվստահությունն անընդհատորեն ամրապնդվում է, գործնական համագործակցությունը որոշակի արդյունքներ է տվել, հումանիտար կապերն օր-օրի դառնում են ավելի սերտ: Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և մտադիր եմ Ձեզ հետ միասին ջանքեր ներդնել այն ուղղությամբ, որպեսզի չին-հայկական հարաբերությունները, բարեկամական համագործակցությունը հաստատակամորեն հասցնենք նոր մակարդակի՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք:
Ձեր երկրին մաղթում եմ բարգավաճում, Ձեր ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն»,-ասված է Չինաստանի Նախագահի շնորհավորական ուղերձում:
***
Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
«Մեծարգո Սերժ Ազատի,
Ի սիրտե շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին Անկախության տոնի առթիվ:
Սեպտեմբերի 21-ը պատմական ու հիշարժան օր է համայն հայության կյանքում: Այն նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի օր, ինչի համար մեր ժողովուրդը շատ է պայքարել: Սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու ձգտումը միշտ ուղեկցել է մեր նախնիներին, դարձել գերագույն նպատակ և ազգային ինքնության պահպանման ու գոյատևման միակ ուղին:
Եվ արդեն 23 տարի է, ինչ մենք ընթանում ենք այդ ճանապարհով՝ ազգովի հաղթահարելով բոլոր դժվարություններն ու կերտելով փառավոր հաղթանակներ: Այդ հաղթանակները մենք ձեռք ենք բերել անասելի զրկանքների ու կորուստների գնով, ինչն էլ պարտավորեցնում է մեզ միշտ լինել զգոն ու աչալուրջ, համատեղ ու միասնական ջանքերով օր օրի ամրապնդել ու զորացնել հայոց անկախ պետականությունը: Հայաստանը և Արցախը հանդիսանում են համայն հայության հայրենիքը, և նրանց զարգացումն ու բարգավաճումը պատվի ու արժանապատվության խնդիր է յուրաքանչյուր հայի համար:
Վստահ եմ, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ մենք այսուհետ էլ կկարողանանք հաջողությամբ լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները և արձանագրել նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք՝ ի բարօրություն Մայր Հայաստանի ու հայ ժողովրդի»,-ասված է ԼՂՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
***
Տոնի առթիվ ՀՀ Նախագահին ուղղված Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձում ասված է. «Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը հղելու շնորհավորանքներ և ջերմ բարեմաղթանքներ Ձեր Ազգային տոնի առթիվ, միաժամանակ գալիք տարում երջանկության և բարօրության լավագույն մաղթանքները փոխանցելով Հայաստանի Հանրապետության ժողովին»:
***
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն Նախագահ, իմ և համերկրացիներիս անունից մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում Ձեզ և Ձեր ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի կապակցությամբ:
Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր բարեկամական հարաբերությունները մեր երկու երկրների միջև դինամիկ զարգացում են ապրել: Օրինակելի, արդյունավետ երկկողմանի հարաբերություններ ունենք մշակույթի և գիտության բնագավառներում: Քաղաքական հարթության վրա մեր առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ Ձեր երկրի հետագա մերձեցումը եվրոպական արժեհամակարգին՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակներում: Գերմանիան նախկինի պես պատրաստ է որպես գործընկեր աջակցել Ձեր այդ մերձեցման հետագա գործընթացը ինքնուրույն վճռելու հարցում: Միաժամանակ Գերմանիան շարունակելու է իր ջանքերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև փոխըմբռնման եզրեր գտնելու ուղղությամբ:
Հաջողություն եմ ցանկանում Ձեր գործերին, իսկ հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղ, ազատ և բարեկեցիկ ապագա»:
***
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Դիդիե Բուրկհալտերը, Իռլանդիայի Նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսը, Կորեայի Հանրապետության Նախագահ Փաք Գյոն Հեն, Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջին, Կանադայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնստոնը, Ճապոնիայի կայսր Ակիհիտոն, Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդ բին ալ-Հուսեինը, Սաուդյան Արաբիայի Թագավոր Աբդուլա բին Աբդել Ազիզ Ալ Սաուդը, Ուզբեկաստանի Հանրապետության Նախագահ Իսլամ Քարիմովը, Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադը, Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասը, Իտալիայի Հանրապետության Նախագահ Ջորջո Նապոլիտանոն, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Պիթեր Քոսգրովը, Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն, Իսրայելի Պետության Նախագահ Ռեուվեն Ռիվլինը, Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը, Ինդոնեզիայի Հանրապետության Նախագահ Ջոկո Վիդոդոն, Սինգապուրի Հանրապետության Նախագահ Թոնի Թան Քենգ Յամը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդ Ալ Ֆաթթահ Ալ Սիսին, Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Բենինի Հանրապետության Նախագահ Բոնի Յային, Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Դիլմա Ռուսեֆը, Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռոսեն Պլևնելիևը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Նախագահ Չիոնգ Տան Շանգը, Օմանի Սուլթանության Սուլթան Կաբուսա Բեն Սաիդը, Նեպալի Ժողովրդավարական Հանրապետության Նախագահ Ռամ Բարան Յադավը, Պորտուգալիայի Հանրապետության Նախագահ Անիբալ Կավակու Սիլվան, Ռումինիայի Նախագահ Տրայան Բասեսկուն, Սլովակիայի Հանրապետության Նախագահ Անդրեյ Կիսկան:
Նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ: