02
03, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ դիվանագետի օրվա առթիվ

 

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա առթիվ:


«Հարգելի՛ դիվանագետներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակցությամբ։

Նորանկախ Հայաստանի դիվանագիտությունը թեև կարճ, բայց արդեն բավականին հարուստ պատմություն ունի, որը լի է ազգային և պետական շահերի պաշտպանության օրինակելի դրսևորումներով։

Հայ դիվանագետները աչքի են ընկնում հայրենասիրությամբ, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և նվիրումով։ Հենց այս հատկանիշների շնորհիվ է մեր ազգային շահերի գիտակցման վրա հիմնված և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը լայն ընկալում գտնում միջազգային ասպարեզում` հնարավոր դարձնելով արդյունավետ և իրատեսական լուծումներ գտնել Հայաստանի առջև դրված խնդիրներին։

Համոզված եմ, որ ձեր ամենօրյա անձնվեր գործունեության արդյունքում մենք ի զորու ենք պաշտպանելու մեր երկրի և ժողովրդի շահերը, առավել բարձրացնելու Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ակնկալում եմ այդ ոճրագործության միջազգային ճանաչման և դատապարտման, ինչպես նաև հետագայում նման հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ հայ դիվանագիտության ջանքերի կրկնապատկում:

Վստահ եմ, որ մեր դիվանագիտական ծառայությունն այսուհետ ևս նույն նպատակասլացությամբ շարունակելու է տարբեր երկների հետ համագործակցության ընդլայնմանը, աշխարհում մեր բարեկամների թվի ավելացմանն ուղղված ջանքերը։

Այս հիշարժան օրը մաղթում եմ ձեզ արդյունավետ գործունեություն, ուժ և եռանդ Հայրենիքին ծառայելու ձեր առաքելության մեջ՝ հանուն մեր երկրի անվտանգ և բարեկեցիկ ապագայի»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում։
 

← Վերադառնալ