Շնորհավորական
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի 25-ամյակի առթիվ
Սիրով շնորհավորում եմ Հայաստանի պարարվեստի ասպարեզի բարձրարվեստ կատարողական կոլեկտիվներից մեկի` «Բարեկամություն» պետական համույթի 25-ամյա հոբելյանը:
Հիմնադրվելով 1987 թվականին` «Բարեկամություն» պարային համույթը նոր շունչ հաղորդեց հայ պարարվեստին: Գոյության առաջին իսկ օրերից համույթը գրավեց հանրությանը՝ իր բազմաժանր պարացանկով, տարբեր ազգերի ժողովրդական պարերի վառ կատարումներով: Այն նաև դարձավ հայկական ժողովրդական պարերի յուրօրինակ մեկնաբան և տարածող աշխարհի ամենատարբեր բեմահարթակներում:
«Բարեկամության» յուրահատկություններից մեկը հայկական ազգային պարը խորեոգրաֆիկ դասական պարի տարրերով ներհյուսելն է, ինչը հրաշալիորեն իրականացնում է նրա գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը:
Կատարողական բարձր արվեստի և ստեղծագործական ակնառու հաջողությունների համար 2008 թվականին համույթին արժանիորեն շնորհվեց վաստակավոր կոլեկտիվի բարձր կոչումը:
Սրտանց շնորհավորելով ստեղծման 25-ամյակի առթիվ` Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթին մաղթում եմ անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ: