Շնորհավորական
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական կամերային նվագախմբի 50-ամյակի առթիվ
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Շնորհավորում եմ Հայաստանի պետական կամերային նվագախմբին և Հայաստանի ողջ երաժշտասեր հասարակությանը նվագախմբի հիմնադրման 50-ամյակի առթիվ:
1962-ին նվագախմբի ստեղծման ակունքներում կանգնած՝ հայ կատարողական արվեստի մեծ նվիրյալ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Սահակյանցը մեծապես պայմանավորեց նվագախմբի հետագա դի-մագիծը և պրոֆեսիոնալ մակարդակը, գեղարվեստական ոճի և ճաշակի ձևավորումը:
Հիմնվելով ձևավորված գեղարվեստական նկարագրի վրա՝ նվագախմբի հետագա ստեղծագործական ուղին կերտեցին հաջորդ շրջանների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կոնստանտին Բաղդասարյանը, ժողովրդական արտիստ Ռուբեն Ահարոնյանը, արվեստի վաստակավոր գործիչ Զավեն Վարդանյանը, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, վաստակաշատ դիրիժոր Էմին Խաչատուրյանը, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը, և այսօր այդ գործը փառքով շարունակում է մաեստրո Վահան Մարտիրոսյանը: Փայլուն տաղանդի ու վարպետության տեր այդ երաժիշտներն իրենց նվիրված աշխատանքով կերտեցին նվագախմբի կենսագրությունը, մեծացրին հասարակության հետաքրքրությունը կամերային արվեստի հանդեպ, նպաստեցին Հայաստանում կամերային մշակույթի տարածման ու համընդհանուր հետաքրքրության արմատավորմանը, և որ անչափ կարևոր է` բարձրաճաշակ ունկնդրի ձևավորմանը: Կամերային նվագախմբի գոյությունը ոգեշնչել է հայ հեղինակներին` ստեղծելու կամերային նոր ստեղծագործություններ` դրանով իսկ հարստացնելով ժամանակակից հայ կոմպոզիտորական դպրոցի երանգապնակը:
Նվագախմբի կողմից համաշխարհային և հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունների կատարումները մշակութային ակնառու երևույթ են եղել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան բազմաթիվ երկրներում՝ մեծ ճանաչում և փառք ապահովելով հայ կատարողական արվեստի հանդեպ և ցուցադրելով հայկական կոմպոզիտորական դպրոցի ձեռքբերումները:
Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի պետական կամերային նվագախմբին ստեղծման 50-ամյակի առթիվ՝ մաղթում եմ երկար և բեղմնավոր ուղի, ստեղծագործական բերկրանք, նորանոր հաջողություններ` ի փառս հայ մշակույթի և կատարողական արվեստի»: