16
09, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Նոր տարվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ռոշ ա Շանայի` Նոր տարվա կապակցությամբ:

Միանում եմ Հայաստանում բնակվող հրեական բոլոր ընտանիքների ուրախությանը, որոնք այսօր նշում են դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը: Մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին և Հայաստանի ողջ հրեական համայնքին առաջընթաց ու հաջողություն: Նաև մաղթում եմ, որ դուք պահպանեք ու զարգացնեք ձեր լեզուն, ձեր հոգևոր արժեքներն ու մշակույթը, որոնք նաև Հայաստանի մշակութային բազմազանությունն ու հարստությունն են:

Թող գալիք նոր տարին Հայաստանի հրեաների համար լինի խաղաղության և նոր ձեռքբերումների տարի: Թող հրեական համայնքը Հայաստանի ողջ ժողովրդի հետ միասին երբևէ չբախվի այնպիսի հակամարդկային երևույթների, ինչպիսիք են ազգային ու կրոնական խտրականությունը կամ այլամերժությունը: Թող հրեական համայնքը, հայերի և մյուս համայնքների հետ ուս ուսի, շարունակի իր դարավոր և անխափան ընթացքը:

Կրկին շնորհավոր Նոր տարի: Առողջություն և բարձր տրամադրություն ձեզ»:
 

← Վերադառնալ