13
10, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել բարոնուհի Մարգարետ Թետչերին` հոբելյանի կապակցությամբ

Ուղերձում ասված է.

“Մեծարգո բարոնուհի,

Ընդունեք խնդրեմ իմ անկեղծ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները Ձեր հոբելյանի կապակցությամբ:

Ձեր պաշտոնավարությունը Դաունինգ Սթրիթ 10-ում ոչ միայն նշանավորվեց որպես ամենաերկարը 20-րդ դարի Մեծ Բրիտանիայի պատմության մեջ, այլեւ Ձեր խորաթափանցության ու կամային բարձր հատկանիշների շնորհիվ Դուք նպաստեցիք աշխարհի երկու բեւեռների միջեւ փոխհարաբերությունները մեղմելուն` դառնալով կարեւորագույն դերակատար միջազգային խաղաղության, կայունության եւ համընդհանուր առաջընթացի ապահովման գործում:

Այսօր, այս նշանակալի առիթով չեմ կարող եւս մեկ անգամ երախտիքի խոսքեր չհղել Ձեզ Հայաստանի համար ծանրագույն օրերին` 1988 թվականին ավերիչ երկրաշարժից հետո Ձեր ցուցաբերած անուրանալի նյութական եւ բարոյական օժանդակության համար: Հայաստանում հաճույքով են հիշում 1990 թվականի հունիսին Ձեր այցելությունը մեր երկիր` որպես Մեծ Բրիտանիայի առաջին եւ առայժմ միակ վարչապետ: Հավաստիացնում եմ Ձեզ, որ բրիտանական կառավարության եւ բրիտանացի ժողովրդի օժանդակությամբ կառուցված եւ Ձեր կողմից բացված Լորդ Բայրոնի անունը կրող դպրոցը խորհրդանշական հիմնաքար հանդիսացավ Հայաստանում բրիտանական մշակույթի տարածման, ինչպես նաեւ նոր անկախացող Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների սկզբնավորման համար:

Լիահույս եմ, որ մեր երկու երկրների կառավարությունների եւ հանրությունների ջանքերով հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել ու խորանալ` ի շահ մեր պետությունների եւ ժողովուրդների:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո բարոնուհի, խորին հարգանքներիս հավաստիքը”:

← Վերադառնալ