16
10, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի մահվան կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ցավով տեղեկացա Նոբելյան մրցանակի դափնեկիր, ականավոր գործիչ, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի մահվան մասին:

Ահտիսաարին իր ողջ կյանքն ու գործունեությունը նվիրել է արդար և խաղաղ աշխարհ կերտելուն՝ զուգակցելով հայրենիքին իր անմնացորդ ծառայությունն այլ ժողովուրդների իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի հետ։ Խաղաղությունն իր առաքելությունը դարձրած այս գործիչը բացառիկ ավանդ է ունեցել ինչպես ժամանակակից Ֆինլանդիայի կերտման, հայ-ֆիննական հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարբեր մայրցամաքներում հակամարտությունների կանխման և կարգավորման գործում։ Ֆինլանդիայի նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ահտիսաարին շարունակել է իր աննահանջ պայքարը հանուն խաղաղության՝ ողջ կյանքում մնալով համամարդկային արժեքների նվիրյալ:

Խաղաղության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Նոբելյան մրցանակի արժանացած Ահտիսաարին հավատում էր, որ «պատերազմներն ու հակամարտություններն անխուսափելի չեն։ ․․․ Եվ նրանք, ովքեր իշխանություն և ազդեցություն ունեն, կարող են նաև դադարեցնել դրանք»։ Մարտահրավերներով լի ներկայիս դժվարին ժամանակաշրջանում այս խոսքերը կարևոր ուղերձ են հանուն խաղաղության գործելու և արարելու համար»։

 

← Վերադառնալ