Ցավակցական
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Սերգեյ Սարինյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սարինյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, անվանի գրականագետ Սերգեյ Սարինյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված մտավորականի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:
«Վաստակաշատ գիտնականն իր ողջ գործունեությունը նվիրեց հայ դասական և ժամանակակից գրականության, գրականագիտության մեթոդաբանության և տեսության ուսումնասիրությանը: Նա մեծ ավանդ ներդրեց նաև հայ գրականության գիտական հրատարակման և հանրահռչակման հայրենանվեր գործում:
Նշանակալի է Սերգեյ Սարինյանի վաստակը մանկավարժության՝ բանասերների նոր սերնդի կրթման և դաստիարակման ասպարեզում: Նա արժանիորեն վաստակեց իր գործընկերների և ուսանողների հարգանքն ու համակրանքը»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում: