Ցավակցական
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Բարխուդարյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բարխուդարյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, անվանի պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանի մահվան կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված մտավորականի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:
«Վլադիմիր Բարխուդարյանն իր ողջ գիտական գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի պատմության, մասնավորապես՝ միջնադարագիտության, հայ գաղթավայրերի պատմության, հայ-ռուսական հարաբերությունների պատմության ուսումնասիրմանը և արժանիորեն վաստակեց իր գործընկերների և ողջ մտավորականության հարգանքն ու համակրանքը:
Մեծ է նաև վաստակաշատ պատմաբանի՝ որպես գիտության կազմակերպչի ավանդը, որ ներդրել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում և ակադեմիայի նախագահությունում երկարամյա պաշտոնավարության տարիներին»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում: