28
10, 2010

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արգենտինայի նախկին Նախագահ Նեսթոր Կիրչների մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արգենտինայի Հանրապետության Նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին` Արգենտինայի նախկին Նախագահ Նեսթոր Կիրչների անժամանակ մահվան կապակցությամբ:

Հեռագրում ասված է.

«Մեծարգո տիկին Նախագահ,

Խոր ցավով տեղեկացա Ձեր ամուսնու` Արգենտինայի նախկին Նախագահ Նեսթոր Կիրչների անժամանակ մահվան մասին:

Հեղինակավոր քաղաքական գործիչ, ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների հետևողական պաշտպան Կիրչների ներդրումը մեծ է Արգենտինայի արդի պատմության մեջ: Շնորհիվ իր հետևողականության և նպատակամետ աշխատանքի` պարոն Կիրչներն իր անգնահատելի նպաստն է բերել նաև հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների զարգացման և խորացման գործին:

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին և եղբայրական Արգենտինայի ժողովրդին: Այս դժվարին պահը հաղթահարելու համար մաղթում եմ Ձեզ համբերություն, ուժ և կորով:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

← Վերադառնալ