27
11, 2021

«Նվիրում»` դիմանկար անցյալից

«Առավոտը» ներկայացրել է ՀՀ նախագահի տիկնոջ՝ արվեստաբան, մանկագիր Նունե Սարգսյանի հոդվածը` անվանի օպերային երգիչ (տենոր) եւ բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի մասին.

Այս ակնարկը Գեղամ Գրիգորյանի մասին ես գրել եմ տարիներ առաջ՝ 2000թ.-ին, Լոնդոնում։ Այս տարի՝ 2021-ին, Գեղամ Գրիգորյանը կլիներ 70 տարեկան։ Հիշենք նրան։

«Առաջին անգամ Գեղամ Գրիգորյանին հանդիպեցի մի քանի տարի առաջ՝ 90-ականների սկզբին, պատահական եւ անսպասելի։ Երբ «Ռեյտեր» գործակալության տնօրեն Սթիվըն Սոմերվիլի եւ նրա կնոջ՝ Մարի Էլենի հետ մտանք Լոնդոնի Թագավորական օպերային շենքը, պարզվեց, որ Լոնդոն ժամանած Լուչիանո Պավարոտին հիվանդացել է եւ դժբախտաբար, այդ երեկո չի կարող երգել Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» ներկայացման մեջ։ Նրան կփոխարինի Գեղամ Գրիգորյանը։ Հանդիսատեսի անհանգստությունը նկատելի էր. «Տեսնես ո՞վ է երգիչը, որ պետք է փոխարինի հռչակավոր եւ «անփոխարինելի» Պավարոտիին»։

Ներկայացումից հետո իմ բարեկամները եւ բոլոր հանդիսատեսները, որ եկել էին լսելու Պավարոտիին, հոտնկայս եւ երկարատեւ ծափահարում էին Գեղամ Գրիգորյանին։ Դա մեծ հաղթանակ էր Գեղամի համար՝ կոտրել մարդկանց նախապաշարումը Պավարոտիի անզուգականության եւ բացարձակության մասին եւ գրավել Լոնդոնի օպերան մեկ գիշերում։

Երբ ներկայացումից հետո բեմի հետեւում հանդիպեցի Գեղամին, կարծիքս փոխվեց։ Դա հաղթանակած երգիչ չէր, այլ՝ պարզ, բարի եւ ուրախ մի մարդ, որ հանգստանում էր աշխատանքից հետո։ Ես հասկացա, որ հաղթանակները սովորական են այս երգչի համար։

2000 թ. հուլիսն էր։ Լոնդոնյան պաղ ամառ էր։ Մարդիկ երեկոյան նույնիսկ վերարկու էին հագնում կամ ուղղակի գերադասում էին իրենց տներում նստել բուխարիկների կրակի առջեւ։ Սակայն քաղաքի կենտրոնում՝ Royal Opera House-ի շուրջը, ամեն երեկո անասելի աշխուժություն էր: Թագավորական օպերայի շենքում իր ելույթներն էր սկսել Սանկտ Պետերբուրգի Մարիինյան օպերային թատրոնը։

Թատրոնը մեկ ամիս շարունակ հյուրախաղեր ունեցավ Լոնդոնում եւ աղմկալից հաջողության հասավ՝ ներկայացնելով հինգ բալետ եւ հինգ օպերա՝ քսանչորս ներկայացումով։

Շնորհիվ թատրոնի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիեւի, Մարիինյան թատրոնի հինգհարյուր հոգանոց կազմը աշխատում էր մեկ մարդու պես։ Անգլիական մամուլը գրեց Գերգիեւի եռանդի, հմայքի եւ հատկապես դինամիկ դիրիժորության մասին, որի շնորհիվ նա անցած տասներկու տարիներին կարողացավ պահել, զարգացնել եւ հռչակել թատրոնը։

«Գերգիեւը հանճար է, որ դարձրեց Մարինսկին ժամանակակից աշխարհի արտիստիկ հրաշքներից մեկը», գրեց The Sunday Telegraph թերթը։

Ես, ինչպես կաներ ամեն հայ, հյուրախաղերի առաջին իսկ օրը բացեցի թատրոնի անձնակազմի անվանացանկը՝ հայկական անուն գտնելու նկատառումով։ Գեղամ Գրիգորյանը պետք է երգեր Վալերի Գերգիեւի հրավերով՝ Պրոկոֆեւի «Պատերազմ եւ խաղաղություն» օպերայում։

Հուլիսի 15-ին Royal Opera House-ը լեփ-լեցուն էր։ Մարիինյան հյուրախաղերի վերջին ներկայացումն էր։

Պիեռ Բեզուխովը` Գեղամ Գրիգորյանի կատարմամբ անթերի էր։ Գեղամի բեմական կատարյալ պահվածքը, ձայնի եւ շնչառության բացարձակ ճիշտ կառավարումը հմայեցին լոնդոնցի հանդիսատեսին, որը ներկայացման վերջում երկարատեւ ծափահարություններով ողջունեց Գեղամին։ «Պատերազմ եւ խաղաղություն» ներկայացման մեջ, որ բեմադրել էր հայտնի ռուս կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին, մասնակցում էր մոտ չորս հարյուր մարդ, ներառյալ երգչախումբը եւ նվագախումբը։ Այս մոնումենտալ երաժշտական ստեղծագործության մեջ հեշտ չէր ներկայացնել բարդույթներով հարուստ Պիեռ Բեզուխովի կերպարը։ Սակայն, Գեղամն իր բազմամյա բեմական փորձի եւ արտիստիկ տաղանդի ու չմոռանանք ամենակարեւորը՝ իր հիանալի ձայնի շնորհիվ հասավ մեծ հաջողության։

Գեղամ Գրիգորյանը տասը տարեկան էր, երբ հասկացավ, որ բնատուր երգիչ է, սակայն մասնագետների խորհրդով չերգեց մինչեւ վաղ պատանեկության տարիները։ Ուսանեց Երեւանի պետական կոնսերվատորիայում եւ ձայնը մշակեց Լա Սկալայում։ Մարինսկի թատրոնին Գեղամը միացավ 1989թ., մինչ այդ՝ տարիներ շարունակ երգեց Վիլնյուսի օպերային թատրոնում։ Ապա հանդես եկավ բազմաթիվ երկրներում՝ թե որպես հրավիրյալ տենոր, թե Մարինսկի թատրոնի հետ միասին։ Նրա երգացանկը հարուստ է եւ բազմազան. Պիեռ Բեզուխով՝ «Պատերազմ եւ խաղաղություն», Դուքս՝ «Ռիգոլետո», Լենսկի՝ «Եվգենի Օնեգին», Ալֆրեդո՝ «Տրավիատա», Ռադամես՝ «Աիդա», Ֆաուստ, Դոն Կառլոս եւ շատ ուրիշ դերեր։ Գեղամ Գրիգորյանն առաջին անգամ Լոնդոնի Royal Opera Hօuse-ում երգեց 1993 թվականին եւ այնուհետ դարձավ թատրոնի սիրված երգիչներից մեկը։

Չնայած հյուրախաղերի խիտ ծրագրին, Գեղամ Գրիգորյանն իր վրա հետագայում վերցրեց մեկ այլ պարտականություն։ Նա դարձավ Երեւանի ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Սկսելով խիստ պատասխանատու եւ դժվար գործ, նա որոշել է մեր օպերան եւ բալետը դուրս բերել լռության պատնեշից, որի համար մեծ համարձակություն եւ հսկայական աշխատանք է հարկավոր։

«Հոյակապ երիտասարդ ձայներ ունենք, բայց միջոցներ չունենք նրանց մեծ բեմ հանելու,- ասում է պարոն Գրիգորյանը,- հիանալի գաղափարներ կան մեր օպերան եւ բալետը միջազգային ասպարեզ դուրս բերելու, որի համար բացի գաղափարներից, հարկավոր է աշխատանք եւ դրամ»։

Այդ նպատակի համար Գեղամ Գրիգորյանի գործնական առաջարկներից մեկը «Երեւանի պետական ակադեմիական օպերայի եւ բալետի պետական թատրոնի բարեկամների անդամություն» ստեղծելն է։

Արժե համախմբվել եւ օգնել Գեղամ Գրիգորյանին ու նրա համախոհներին եւ Երեւանի Օպերայի եւ բալետի թատրոնը «ոտքի կանգնեցնել», ինչպես ասում է Գեղամը։

Մաղթենք, որ թատրոնը վերահաստատի իր նախկին փառքը եւ դառնա հայ ժամանակակից մշակույթի ամենահզոր խորհրդանիշներից մեկը»։

Գեղամի դստեր՝ Հասմիկ Գրիգորյանի հետ վերջերս հիշում էինք ու ափսոսում, որ Գեղամն այլեւս մեզ հետ չէ, որ տեսնի Հասմիկի արտակարգ համբավը աշխարհով մեկ։

Հասմիկը Լիտվայի Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի մեներգչուհի է, որ վերջին տասնամյակում իր ձայնով, բեմական վարպետությամբ եւ իր գեղեցկությամբ հմայեց աշխարհի մի շարք օպերաների հանդիսատեսներին։ New York Times-ը նրան վերջերս անվանեց A Soprano with a Bottomless Appetite for Risk’, այսինքն՝ սոպրանո, որ ոչնչից չի վախենում։ Իսկ Անգլիայի ամենահայտնի եւ ամենախստապահանջ երաժշտական քննադատը՝ Նորման Լեբրեխտը, Հասմիկին անվանեց «սոպրանո, որ գիսաստղի պես հայտնվեց օպերային աշխարհում»։ Հասմիկը հաճախ է երգում Երեւանում։ Սակայն միայն Հասմիկը չէ, որ պետք է պահպանի Գեղամի անունն ու համբավը, այլեւ մեր ողջ օպերային թատրոնը եւ մեր հասարակությունը։

Հուսանք եւ մաղթենք, որ Երեւանի Սպենդիարյանի անվան պետական ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնը, որ հայկական մշակույթը ներկայացնող կարեւոր հաստատություն է եղել միշտ, շարունակի Գեղամ Գրիգորյանի եւ հայ հասարակության կողմից վաղուց ի վեր սկսած ավանդույթները եւ հայանուն տաղանդավոր երգիչների, երաժիշտների եւ բալետի պարողների շնորհիվ մնա որպես մշակութային կարեւոր եւ հանրահայտ օրրան։

 

 

 

← Վերադառնալ