Օրագիր
Տիկին Նունե Սարգսյանը մրցանակներ է հանձնել Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաներին
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել է Երևանի պարարվեստի պետական քոլեջ:
Հանրապետության նախագահի ֆոնդից հատկացված գումարներով վերանորոգվել էին քոլեջի երկու դասասենյակները: Նունե Սարգսյանը հարսի և թոռնուհու հետ շրջել է սենյակներով, ներկա եղել լսարաններից մեկում անցկացվող պարային փորձին:
Այնուհետև նրանք դիտել են քոլեջի սաների մասնակցությամբ բեմադրված պարային համարները, ինչից հետո Նունե Սարգսյանն անակնկալ կերպով հանձնել է Հանրապետության նախագահի մրցանակը քոլեջի լավագույն պարուհուն և պարողին՝ Նարե Մարկոսյանին և Րաֆֆի Գալստյանին:
Մրցանակը նրանց հնարավորություն կտա այցելել Մոսկվայի Մեծ թատրոն, դիտել բեմադրություններ, ներկա լինել փորձերին, ծանոթանալ պարողներին ու պարարվեստի գաղտնիքներին:
«Պարողների աշխարհում Մեծ թատրոնը երազանքի պես մի բան է: Մենք ուզեցինք նրանց երազանքն ի կատար ածել»,- միջոցառման ավարտին լրագրողների հետ զրույցում ասել է Նունե Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ քոլեջի սաները հայկական պարարվեստի փոքրիկ դեսպաններն են աշխարհում: