Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
Նախագահ Սերժ Սարգսյանի և Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի համատեղ մամուլի ասուլիսը
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ Չեխիայի Հանրապետության Նախագահի հրավերով առաջին անգամ պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվելու առիթով:
Քիչ առաջ մենք Նախագահ Զեմանի հետ բովանդակալից և արդյունավետ բանակցություններ ունեցանք, որոնք անցան լիակատար փոխըմբռնման մթնոլորտում: Անդրադարձանք ինչպես մեր համագործակցության երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային արդիական թեմաներին:
Գոհունակությամբ արձանագրեցինք, որ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր միջպետական կապերը նկատելի զարգացում են ապրել: Դրա վկայությունն են այս այցի ընթացքում այսօր ստորագրված և դեռևս վաղը ստորագրվելիք՝ տարբեր ոլորտներում մեկ տասնյակից ավելի փաստաթղթերը: Ուրվագծեցինք համագործակցության հեռանկարային այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը, բնապահպանությունը, ապակենտրոնացված համագործակցությունը, առևտրատնտեսական փոխգործակցությունը, մշակույթը: Շեշտեցինք գործարար կապերի ընդլայնման և ներդրումների խթանման, մարդկանց միջև շփումների ակտիվացման և զբոսաշրջության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը, ինչի համար կարևոր նախադրյալ է մեր մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթերի առկայությունը: Կարևորեցինք, որ այցի շրջանակներում Պրահայում անցկացվում է հայ-չեխական գործարար համաժողով:
Մենք երկուստեք կարևորեցինք հայ-չեխական միջխորհրդարանական համագործակցությունը, ինչին նպաստում են երկու խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերը:
Ընդգծեցինք մշակութային և գիտակրթական կապերի հետևողական զարգացման անհրաժեշտությունը: Այս տարի Երևանում և 2015 թվականին Պրահայում կանցկացվեն համապատասխանաբար չեխական և հայկական մշակույթի օրեր: Պարոն Նախագահն առաջարկեց, որպեսզի մենք ավելի ակտիվ կերպով խրախուսենք մեր երիտասարդներին` Չեխիայում կրթություն ստանալու նպատակով, ինչի համար, բնական է, ես շնորհակալ եմ:
Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում` ՄԱԿ-ի կառույցներում, ԵԱՀԿ, ԵԽ, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը:
Պրահան կարևոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում, որը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից է: Մոտ հինգ տարի առաջ հենց այստեղ՝ Պրահայում Արևելյան գործընկերության մեկնարկով Հայաստանը ստանձնեց Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը, որը վերահաստատեցինք նաև անցած նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում և այս առումով ակնկալում ենք բարեկամ երկրների, մասնավորապես Չեխիայի համակողմանի աջակցությունը:
Մենք համոզված ենք, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացները միանգամայն հնարավոր է զարգացնել ոչ թե հակադրության այլ համատեղելիության և համագործակցության հունով: Այս իմաստով Արևելյան գործընկերությունը կարող է բնական կամուրջ դառնալ՝ նպաստելով տնտեսական ինտեգրմանը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրելու առավել ընդգրկուն, բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ։ Ես շնորհակալ եմ պարոն Նախագահին՝ Մաքսային միությանը միանալու մեր որոշմանը ըմբռնումով մոտենալու համար: Շնորհակալ եմ Չեխիայի Նախագահին նաև ապրիլի 24-ին Պրահայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին հրավիրելու համար և շնորհակալ եմ առանձնապես այն բանի համար, որ նա գնահատում է իմ այցն ապրիլի 24-ին Պրահա՝ հասկանալով հանդերձ, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերին:
Մենք բարձր ենք գնահատում Չեխիայի Հանրապետության կառուցողական դիրքորոշումը՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Շուրջ 2 տարի տևած դադարից հետո 2013 թվականի նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչն ինքնին, իհարկե, դրական քայլ է բանակցային գործընթացում: Նախագահների մակարդակով ուղիղ շփումները կարևոր խթան են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, որը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափն է: Վերջին հինգ տարիների ընթացքում համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների մակարդակով ընդունված հայտարարություններում ամրագրված սկզբունքներն ու դրույթները լավ հիմք են ապահովում հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար: Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակետը, որ այդ սկզբունքներն ու դրույթները պետք է դիտար-կվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերը անհնարին կդարձնեն փոխզիջման ձեռք բերումը և կարգավորման հասնելը:
Այդուհանդերձ, հիմնահարցի կարգավորումն իրատեսական չի թվում, եթե Ադրբեջանը մեկընդմիշտ չհրաժարվի ռազմատենչ քարոզչության, սպառազինությունների մրցավազք հրահրելու և շփման գծում սադրիչ գործողություններ իրականացնելու արատավոր քաղաքականությունից: Ժամանակն է, որ ադրբեջանական կողմը կառուցողական մոտեցում ցուցաբերի հիմնախընդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցում: Այստեղ պետք է մի շատ կարևոր շեշտադրում կատարեմ, պարոն Նախագահ. հիմնախնդրի խաղաղ և տևական կարգավորման հարցում մենք ակնկալում ենք միջազգային հանրության անկողմնակալ մոտեցումը կամ առնվազն գործընթացին չվնասելու սկզբունքով առաջնորդվելը:
Նախագահ Զեմանի հետ լիովին համակարծիք էինք, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով:
Մեր հանդիպումը գնահատում եմ արդյունավետ և հույս հայտնում, որ հայ-չեխական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը` համատեղ ջանքերի և արդեն իսկ ստեղծված նախադրյալների շնորհիվ ավելի կընդլայնվի և կզարգանա:
Ես շնորհակալություն հայտնեցի Նախագահ Զեմանին ջերմ հյուրընկալության համար և հրավիրեցի պետական այցով այցելել Հայաստան և շնորհակալ եմ, որ նա այս հրավերն ընդունեց հաճույքով:
***
Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հայտարարությունը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Հարգելի պարոն Նախագահ,
Տիկնայք և պարոնայք,
Ես ուրախ եմ ողջունելու Հայաստանի Նախագահին Պրահայի ամրոցում: Ես ասացի նրան, որ մեր ժողովուրդների պատմությունը ինչ-որ չափով նման է: Հաջորդ տարի լրանում է հարյուր տարին 1915թ. Հայոց ցեղասպանության, որի ժամանակ սպանվել է մեկ ու կես միլիոն հայ: Պարոն Նախագահին ասացի նաև, որ ցեղասպանություն սպառնում էր նաև չեխ ժողովրդին, եթե Գերմանիան հաղթեր 2-րդ համաշխարհային պատերազմում:
Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նայել դեպի ապագա, իսկ ապագայի հիմնական խնդիրներից են ինչպես առևտրային, այնպես էլ մշակութային կապերի ամրապնդումը: Ինչ վերաբերում է առևտրային հարաբերություններին, ապա պետք է ասել, որ չեխ գործարարները, որոնք ներկայացված են Հայաստանում, որը շատ արագ զարգանում է և ունի համախառն ներքին արդյունքի բարձր աճ, ունեն բազմաթիվ հնարավորություններ թե՛ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, և թե՛ մի շարք այլ ոլորտներում ներդրումների համար, սակայն այդ հնարավորությունները ոչ միշտ են լիովին օգտագործվում: Այնպես որ, ես ուրախությամբ ընդունել եմ Հայաստանի Նախագահի հրավերը՝ այցելելու իր երկիր, խոստացել եմ ինձ հետ բերել չեխ գործարարների մեծ պատվիրակություն:
Այն, որ մեր հարաբերությունները կրում են ոչ ձևական բնույթ, ապացուցում է ոչ միայն այն փաստը, որ հենց հիմա ստորագրվել է փոխգործակցության վեց համաձայնագիր, այլ նաև այն, որ վաղը գործարար համաժողովի ժամանակ կստորագրվի ևս յոթ համաձայնագիր: Եվ մենք շատ բարձր ենք գնահատում այն փաստը, որ վաղն ստորագրվելիք համաձայնագրերից մի քանիսը ներառում են նաև տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես օրինակ՝ Կառլովի Վարիի նահանգի հետ, քանի որ տարածաշրջանային համագործակցությունը նույնքան կարևոր է, որքան միջպետական համագործակցությունը:
Շնորհակալություն ուշադրության համար:
***
Հարց – Հրայր Թամրազյան - «Ազատություն» ռադիոկայան - Պարոն Նախագահ, ռուսական կողմը պնդում է, թե Հայաստանն այնքան ջանասիրաբար է գործի լծվել Մաքսային միությանը միանալու հարցում, որ պատրաստել է բոլոր փաստաթղթերը այդ միությանը միանալու համար: Ի՞նչն է Հայաստանին ստիպում այսքան արագ միանալ այդ միությանն այն դեպքում, երբ հենց այդ միության նախաձեռնող երկիր Ռուսաստանը անտարբերությամբ հետևում է, թե ինչպես են սահմանամերձ շրջաններն ամեն օր գնդակոծության ենթարկվում Ադրբեջանի կողմից: Եվ եթե Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի շրջանակներում, ապա ինչպե՞ս եք մեկնաբանում այն փաստը, որ Ռուսաստանը հսկայական քանակությամբ արդիական զենք է վաճառում Ադրբեջանին:
Սերժ Սարգսյան - Ես այստեղ երկու նկատառում ունեմ, պարոն Թամրազյան: Առաջին նկատառումս այն է, որ մենք սովոր չենք բողոքելու: Ես կոնկրետ սովոր չեմ բողոքելու: Երկրորդ՝ ես կարծում եմ, որ Դուք հնարավորություն ունեք Երևանում այս հարցերն ինձ ուղղելու, և եթե այս հարցը ուղղում եք Պրահայում, ես ստիպված ուղղակի Ձեզ պատասխանում եմ, որ ցանկացած գործ, որին ձեռնամուխ ես լինում, պետք է անել հնարավորինս արագ և որակով: Եթե մենք որոշում ենք կայացրել միանալու Մաքսային միությանը, ապա պետք է անենք դա հնարավորինս արագ: Ինչո՞ւ դանդաղեցնենք: Եթե մեր որոշման հիմքում ընկած է մեր ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ուզում եմ հիշեցնել, որ Մաքսային միությունն առաջին հերթին տնտեսական կառույց է և ոչ ռազմական: Եվ բնավ պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Այո՛, ռուսական կողմը՝ Ռուսաստանի կառավարությունը, համագործակցում է նաև Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք և հնարավորություն ունենք ռուսական կողմին արգելելու Ադրբեջանի հետ համագործակցել: Ինչ վերաբերում է մեր սահմաններին տեղի ունեցող իրադարձություններին, ապա Դուք հնարավորություն եք ունեցել համոզվելու, որ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է մեր կողմից: Մենք ունենք բոլոր հնարավորությունները պաշտպանելու մեր տարածքների ամբողջականությունը, մեր սահմանների անառիկությունը, և, իմիջայլոց, Ձեզ պիտի ասեմ, որ մեր այդ կարողությունները ձևավորվել, հիմա էլ համալրվում են նաև Ռուսաստանի Դաշնության ջանքերով: Շնորհակալ եմ:
Հարց – Պետրովա - ՉՏԿ (Չեխական լրատվական գործակալություն) - Հարցս ուղղված է երկու նախագահներին՝ Չեխիան կոնկրետ ինչպե՞ս կարող է օգնել Հայաստանին, որպեսզի այն լինի Եվրոպական միության հետ ընդհանուր Մաքսային միության կազմում, և երկրորդ հարցը, որը, ներողություն եմ խնդրում, ներքին հարց է՝ պարոն Նախագահ, ի՞նչ կնշանակեր, եթե պարոն Բաբիշն այսօր տանուլ տար Սլովակիայի դատարանում լսվող ՍՏԲ կազմակերպության հետ համագործակցության վերաբերյալ դատը, և արդյո՞ք դա որևէ բան կփոխեր չեխական կառավարության մեջ: Շնորհակալություն:
Միլոշ Զեման – Շնորհակալություն: Իրոք երկու տարբեր հարցեր էին: Ես կարծում եմ, որ պարոն Բաբիշի հետ կապված հարցին, իհարկե, կարձագանքի Հայաստանի Նախագահը (Չեխիայի Նախագահը կատակում է՝ ժպտալով շրջվում դեպի ՀՀ Նախագահը), իսկ ես կխոսեմ մյուս թեմայի շուրջ: Այսինքն՝ հարցը կայանում է նրանում, թե ինչպես է Չեխիան վերաբերում այն փաստին, որ Հայաստանը չի նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում և որ որոշել է մաքսային համագործակցության մեջ մտնել Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք լիովին հարգում ենք այս որոշումը, ինչը պարզ է դառնում նաև մեր պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցություններից: Մենք հավատացած ենք, որ այդ հարցը չի կարելի բարձրացնել հետևյալ կերպ՝ կա՛մ համագործակցում եք ԵՄ-ի հետ, կա՛մ Ռուսաստանի Դաշնության: Պետք է երկուսի հետ էլ համագործակցել:
Սերժ Սարգսյան - Ինչպես հայտնի է, Մաքսային միությանը մեր անդամակցությունը չի բացառում Եվրամիության հետ մեր համագործակցության շարունակությունը։ Մենք Վիլնյուսում ԵՄ-ի հետ համատեղ հայտարարություն ընդունեցինք, որտեղ հաստատեցինք հետագա համագործակցության մեր ցանկությունը և շարունակելու ենք Եվրամիության հետ մեր համագործակցությունն օգտագործել՝ որպես Հայաստանում բարեփոխումների համար լավ խթան և միջոց։ Մենք առաջարկել ենք Եվրոպական միությանն ստորագրել Ասոցացման համաձայնագիր՝ առանց ազատ առևտրի պայմանագրի, որովհետև Մաքսային միության և ազատ առևտրի կանոնակարգերը, ոչ մեր մեղքով, իրար հակասում են, և կարծում եմ, որ մենք համագործակցելու ենք Եվրամիության հետ շատ ավելի ինտենսիվ, քան նախկինում էր: Չեխիան իր դրական ըմբռնումով, իհարկե, դրան կարող է նպաստել, և այսպիսի դիրքորոշումն իսկ արդեն նպաստում է: Ես տեսնում եմ Նախագահ Զեմանի, Չեխիայի կառավարության նոր անդամների մոտ հավասարակշռված մոտեցում Մաքսային միության հետ կապված մեր որոշման, Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցելու վերաբերյալ, և սա չափազանց կարևոր, ոգևորիչ և էական հանգամանք է։ Շատ շնորհակալ եմ այսպիսի դիրքորոշման համար: Մենք շարունակելու ենք համագործակցությունը ԵՄ-ի հետ, խորացնելու ենք մեր հարաբերությունները Մաքսային միության հետ, որովհետև սա է պահանջում Հայաստանի Հանրապետության շահը, սա է պահանջում հայ ժողովրդի շահը։
Հարց – Գևորգ Ալթունյան - Հանրային հեռուստաընկերություն – Հարցն ուղղված է երկու նախագահներին: Անցյալ տարի նոյեմբերին 5-ին Թուրքիան և Եվրամիությունը 3,5 տարվա ընդմիջումից հետո բացեցին անդամակցության շուրջ բանակցությունների հերթական 22-րդ գլուխը: Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի անդամակցության հեռանկարները Եվրամիությանը և ինչպիսի՞ դիրքորոշում ունեք Դուք այս հարցում:
Միլոշ Զեման - Չեխիայի Նախագահը դժվար թե կարողանա արտահայտվել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային հակամարտության վերաբերյալ: Ես կուզեի միայն ասել, որ այդ սահմանների փակ լինելուց, միանշանակ, չի շահում ո՛չ առևտուրը, ո՛չ զբոսաշրջությունը, և ո՛չ էլ քաղաքական վստահությունը երկու երկրների միջև: Ես միայն կողջունեմ, եթե հասնեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի իրական բացմանը:
Սերժ Սարգսյան - Ես բազմաթիվ անգամ լսել եմ այս հարցադրումը, բայց այս տարիների ընթացքում իմ կարծիքը չի փոխվել: Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը առաջին հերթին Եվրամիության անդամ երկրների գործն է: 28 երկրներն առանձին-առանձին պետք է համաձայնություն տան այս հարցին: Իսկ սա ինքնին նշանակում է, որ բարդ պրոցես է՝ 28 երկրներից համաձայնություն ստանալ: Հայաստանի համար Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանն առաջին հերթին նշանակում է սահմանների բացում: Իհարկե, մեզ համար շատ ավելի հեշտ կլինի գործ ունենալ ժողովրդավար, կանխատեսելի երկրի հետ: Իսկ Եվրամիության անդամ լինելը հենց սա է նշանակում: Մենք, ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր համարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիան պետք է առանց նախապայմանների հարաբերություն հաստատեն, և Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանն այսպիսի նախապայմաններ է ստեղծում: Ես կասկած չունեմ, որ եվրոպական շատ երկրներ շահեր ունեն Թուրքիայում, բայց միևնույն ժամանակ ես կասկած չունեմ, որ Եվրամիության ներսում գերակայում են արժեքները, այլ ոչ թե շահերը: Վստահ եմ նաև, որ Թուրքիայի անդամակցությունը բավարար հիմքեր է ստեղծում նաև, որպեսզի Թուրքիան առանց վախենալու առերեսվի իր պատմության հետ, որովհետև Եվրամիության անդամ երկիրն այդպես վարվել է: Դա շատ լավ օրինակ է: Եթե ընդհանրացնելու լինեմ, պետք է նորից ասեմ, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանն առաջին հերթին անդամ երկրների գործն է, բայց մեր տեսակետը հնչում է այնպես, ինչպես ես շարադրեցի: Շնորհակալ եմ: