ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման և ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին

Ելնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու գործում հանրապետության տնտեսության մրցունակությունը որակական նոր մակարդակի հասցնելու, ինչպես նաև տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ (այսուհետ` բարեփոխումների խորհուրդ) և հաստատել դրա կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հաստատել սույն հրամանագրի 1-ին կետով նախատեսված բարեփոխումների գործընթացում ընդգրկվող ոլորտների ցանկը` համաձայն 2-րդ հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում հաստատել բարեփոխումների խորհրդի կանոնադրությունը.

2) մինչև 2012 թվականի հունվարի 1-ը հաստատել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգը (արդյունավետ կառավարման օրակարգը):

4. Սահմանել, որ`

1) բարեփոխումների խորհրդի բնականոն գործունեությունն ապահովվում է պետական կազմակերպության միջոցով.

2) բարեփոխումների խորհուրդն առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, սույն հրամանագրի 1-ին կետով նախատեսված գործընթացի շրջանակներում, իր կողմից իրականացվող գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին.

3) բարեփոխումների խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման, պարզեցման մասին առաջարկությունները և նպատակահարմարության դեպքում սահմանված կարգով ընթացք է տալիս դրանց: Ներկայացված առաջարկությունների վերաբերյալ համապատասխան մարմինների տարակարծությունների դեպքում բարեփոխումների խորհուրդն իր կանոնադրության համաձայն որոշում է ընդունում դրանց ընթացք տալու նպատակահարմարության վերաբերյալ:

5. Առաջարկել Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին՝ համագործակցել բարեփոխումների խորհրդի և նրա գործունեությունն ապահովող պետական կազմակերպության հետ` սույն հրամանագրի 1-ին կետով նախատեսված գործընթացի շրջանակներում:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 17
Երևան



← К списку