Указы Президента Республики Армения
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ՆՀ-264-Լ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը.
1. Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրով (այսուհետ՝ հրամանագիր) հաստատված կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝
1) աշխատակազմի Տնտեսական և հաշվապահական հաշվառման վարչությունը բաժանել՝ ստեղծելով Ֆինանսական վարչություն և Գործերի կառավարչություն.
2) աշխատակազմի Տեղեկատվության կառավարման վարչությունը բաժանել՝ ստեղծելով Քարտուղարություն, իսկ Տեղեկատվության կառավարման վարչության Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը միացնել Գործերի կառավարչությանը, որն ուժի մեջ է մտնում սույն հրամանագրի հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը.
3) աշխատակազմում ստեղծել նոր կառուցվածքային ստորաբաժանում՝
ա. Փորձագիտական-խորհրդատվական խումբ:
2. Այս կապակցությամբ՝ հրամանագրով հաստատված 1-ին հավելվածում՝
1) 42-50-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝
«42. Ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման բաժինը՝
1) կազմակերպում, ապահովում և ամփոփում է աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման գործառնությունները.
2) իրականացնում է աշխատակազմի միջնաժամկետ ծախսային ծրագրերի և տարեկան բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմումը, ամփոփումը և ներկայացնում համապատասխան պետական կառավարման մարմնին.
3) ապահովում է աշխատակազմի ֆինանսական և բյուջետային կարգապահությունը.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հաշվարկում է աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները.
5) սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները և նյութական արժեքները:
43. Ֆինանսական վարչության գնումների բաժինը՝
1) կազմակերպում և համակարգում է աշխատակազմի գնումների գործընթացը.
2) ապահովում է գնման ընթացակարգերի և դրանց առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին, եզրակացություն տալիս գնումների շրջանակներում աշխատակազմի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ,
3) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը.
4) հրապարակում է աշխատակազմին առնչվող՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ հրապարակման ենթակա տեղեկատվությունը.
5) պատասխանատու ստորաբաժանման առաջարկության հիման վրա վարում է աշխատակազմի գնումների պլանը:
44. Քարտուղարության ընդհանուր բաժինը՝
1) աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով իրականացնում է ոչ գաղտնի փաստաթղթաշրջանառության կազմակերպումը և ապահովում է աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառումը.
2) իրականացնում է աշխատակազմի ղեկավարին ներկայացվող փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունը և հետագա ընթացքի վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
3) ապահովում է ձևաթղթերի վրա տպված փաստաթղթերի հանձնումը աշխատակազմի ղեկավարին՝ Հանրապետության նախագահի ստորագրմանը (վավերացմանը) ներկայացնելու համար.
4) ապահովում է աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի կամ սուրհանդակային ծառայության միջոցով Հանրապետության նախագահի ստորագրած (վավերացրած) իրավական ակտերի, ելից գրությունների, փաստաթղթերի, նամակների, դիմումների առաքումը համապատասխան հասցեատերերին.
5) իրականացնում է հսկողություն` աշխատակազմ մուտքագրված բոլոր փաստաթղթերի, այդ թվում՝ նամակների և դիմումների, ինչպես նաև Հանրապետության նախագահի ստորագրած հրամանագրերում, կարգադրություններում առկա հանձնարարականների կատարման ընթացքի նկատմամբ.
6) աշխատակազմում համակարգում է փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքը.
7) աշխատակազմում կազմակերպում և վարում է արխիվային գործը.
8) իրականացնում է գաղտնիության ռեժիմի ապահովումն աշխատակազմում և հսկում գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ պահանջների կատարումը, կազմակերպում և վարում է գաղտնի գործավարությունը:
45. Քարտուղարության արձանագրային բաժինը՝
1) ապահովում է Հանրապետության նախագահի և աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը հայոց լեզվի կանոններին, դրանց լեզվաոճական և տերմինաբանական միասնականությունը՝ իրականացնելով հիշյալ փաստաթղթերի խմբագրումը, համընթերցումը, սրբագրումը, համապատասխան ձևաթղթերի վրա տպումը.
2) նախապատրաստում է աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրվող ուղեկցական նամակները.
3) հաշվառում և համարակալում է Հանրապետության նախագահի կողմից ստորագրված (վավերացված) իրավական ակտերը, նախապատրաստում առաքման, դրանք տրամադրում համապատասխան ստորաբաժանմանը՝ պաշտոնական հրապարակումն ապահովելու համար.
4) պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների բնoրինակները, Հանրապետության նախագահի կողմից ստորագրված մյուս փաստաթղթերի պատճենները և ապահովում դրանց հանձնումն արխիվ.
5) ապահովում է Ազգային ժողովից ստացված oրենքների թարգմանությունների վերստուգումը և խմբագրումը, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ՝ Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ինչպես նաև այլ փաստաթղթերի թարգմանությունը:
46. Փորձագիտական-խորհրդատվական խումբը՝
1) ապահովում է Հանրապետության նախագահի գործունեության առաջնահերթություններից բխող նախագծերի մշակումն ու իրականացումը.
2) ուսումնասիրում և վերլուծում է Հանրապետության նախագահին ուղղված դիմում-բողոքները և ուսումնասիրության հիման վրա, բարձրացված խնդիրներին լուծում տալու նպատակով, ապահովում է Հանրապետության նախագահին վերլուծական առաջարկությունների և խորհրդատվության ներկայացումը.
3) կազմակերպում է Հանրապետության նախագահի ուղերձների, հայտարարությունների, ելույթների, նամակների, այլ փաստաթղթերի մշակումն ու նախապատրաստումը.
4) ապահովում է Հանրապետության նախագահի՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փորձագիտական, վերլուծական և տեղեկատվական նյութերի նախապատրաստումը, իրականացնում փորձագիտական ուսումնասիրություններ.
5) իրականացնում է Հանրապետության նախագահի գրադարանի ձևավորումը, վարումն ու համալրումը:
47. Գործերի կառավարչության տնտեսական բաժինը՝
1) իրականացնում է աշխատակազմի աշխատողների նյութատեխնիկական սպասարկման հետ կապված աշխատանքները.
2) կազմակերպում է աշխատակազմի կողմից զբաղեցված տարածքների կահավորման և տեխնիկական միջոցներով ապահովման աշխատանքները.
3) ապահովում է աշխատակազմում շինարարական և վերանորոգման աշխատանքների նախագծման և դրանց կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.
4) իր գործունեության ոլորտում հետևում է պայմանագրի կողմի (կապալառու, մատակարար և այլն)՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացին.
5) ապահովում է իր գործունեության ոլորտում գտնվող նյութատեխնիկական միջոցների հանձնման, ընդունման աշխատանքները.
6) ապահովում է պահեստում առկա նյութական արժեքների հաշվառման և պահպանման հետ կապված աշխատանքների իրականացումը.
7) ապահովում է Հանրապետության նախագահի այցերի, Հանրապետության նախագահի, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նյութատեխնիկական և տրանսպորտային միջոցների ապահովման աշխատանքների նախապատրաստումը և կազմակերպումը:
48. Գործերի կառավարչության սպասարկման բաժինը՝
1) իրականացնում է աշխատակազմի վարչական շենքի, դրան հարող տարածքերի, ընդհանուր օգտագործման տարածքների,
աշխատասենյակների պահպանման, կապի, էներգամատակարարման, ջրամատակարարման, վերելակային ծառայությունների մատուցման, հակահրդեհային և պահակային ծառայությունների նկատմամբ ինժեներատեխնիկական վերահսկողություն, ինչպես նաև ապահովում է աշխատակազմում սննդի սպասարկման ծառայությունը.
2) ապահովում է աշխատակազմի վարչական շենքի, դրան հարող տարածքների և ընդհանուր օգտագործման տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ շինարարությունը.
3) հսկողություն է իրականացնում աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված գույքի պահպանման նկատմամբ.
4) իրականացնում է աշխատակազմի նյութական արժեքների տարեկան գույքագրումը՝ կատարելով դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.
5) իր գործունեության ոլորտում հետևում է պայմանագրի կողմի (կապալառու, մատակարար և այլն)՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացին.
6) ապահովում է իր գործունեության ոլորտում գտնվող նյութատեխնիկական միջոցների հանձնման, ընդունման աշխատանքները.
7) աշխատակիցներին ապահովում է աշխատանքային անհրաժեշտ պայմաններով.
8) ապահովում է աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկումը:
49. Գործերի կառավարչության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը՝
1) ապահովում է աշխատակազմի համակարգչային, հեռախոսային և հեռուստատեսային ցանցերի, ինչպես նաև ընդգրկված տեխնիկական և ծրագրային միջոցների անխափան աշխատանքը, կազմակերպում դրանց նախագծման, կառուցման, ընդլայնման, արդիականացման և նորոգման աշխատանքները.
2) կարգավորում է համացանցի ռեսուրսների հասանելիությունը աշխատակազմի համակարգչային ցանցում, իրականացնում դրանց արդյունավետ և նպատակային օգտագործման հսկողությունը, համակարգում համակարգչային ցանցի անվտանգության աշխատանքները.
3) կազմակերպում և ապահովում է աշխատակազմի էլեկտրոնային փոստի անվտանգ և անխափան աշխատանքը.
4) նախապատրաստում և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում սարքավորումների, ծրագրային միջոցների և տեղեկատվական համակարգերի ներդրման, արդիականացման և նորոգման անհրաժեշտության հիմնավորումը.
5) իրականացնում է կապը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագիտական կազմակերպությունների հետ և կատարում աշխատակազմի ղեկավարի համապատասխան հանձնարարականները.
6) անցկացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան մարքեթինգային վերլուծություն, կազմակերպում դրանց ձեռքբերումը.
7) համակարգում է աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթերի թվայնացման և բազմացման աշխատանքները.
8) իր գործունեության ոլորտում հետևում է պայմանագրի կողմի (կապալառու, մատակարար և այլն)՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացին.
9) տրամադրում է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն:
50. Ներքին աուդիտի բաժինն ապահովում է աշխատակազմում աուդիտորական գործառույթների իրականացումը:»:
2) լրացնել 51-րդ և 52-րդ կետերը՝
«51. Աշխատակազմի ղեկավարի քարտուղարությունը ներառում է` աշխատակազմում պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձին, քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:
52. Աշխատակազմի ղեկավարի քարտուղարությունն օժանդակում է աշխատակազմի ղեկավարին, նրա տեղակալներին, ինչպես նաև Հանրապետության նախագահի խորհրդականներին, օգնականներին վերապահված առանձին խնդիրների, գործառույթների և հանձնարարականների իրականացմանը՝ ըստ անհրաժեշտության ապահովելով վերջիններիս կողմից ստորագրվող գրությունների, նամակների նախապատրաստումը, խորհրդակցությունների և հանդիպումների կազմակերպումը, ամենօրյա փոստի հետ կապված այլ աշխատանքների իրականացումը:»:
3. Հրամանագրով հաստատված 2-րդ հավելվածում՝
1) 13-16-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝
«13. Ֆինանսական վարչություն
13.1. Հաշվապահական հաշվառման բաժին
13.2. Գնումների բաժին
14. Քարտուղարություն
14.1. Ընդհանուր բաժին
14.2. Արձանագրային բաժին
15. Փորձագիտական-խորհրդատվական խումբ
16. Գործերի կառավարչություն
16.1. Տնտեսական բաժին
16.2. Սպասարկման բաժին
16.3. Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ և 18-րդ կետերը՝
«17. Ներքին աուդիտի բաժին
18. Աշխատակազմի ղեկավարի քարտուղարություն:»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. հոկտեմբերի 18
Երևան
ՆՀ-449-Լ