24
10, 2021

«Մտքերի գագաթնաժողով»-ներն ավելի լավ աշխարհ ունենալու համար գաղափարներ ու լուծումներ որոնելու միակ ճանապարհն են. «Ապագայի զրույցներ» ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն Ռոջեր Գրեյսիի հետ

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում «Մտքերի գագաթնաժողով»-ի կազմակերպիչ, «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հիմնադիր Թիերի Մալըրեն «Ապագայի զրույցներ» խորագրի ներքո քննարկում է ունեցել բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն, «Ռոջեր Գրեյսի ակադեմիա»-ի հիմնադիր Ռոջեր Գրեյսիի հետ։

Ի պատասխան Թիերի Մալըրեի հարցի, թե ինչ է նշանակում ջիու-ջիթսուն Ռոջեր Գրեյսիի համար՝ հանրահայտ մարզիկը նշել է, որ իր ընտանիքն ինչ-որ առումով հեղափոխությունն է արել այդ մարտարվեստում. «Իմ ընտանիքը փոխել է այդ մարտարվեստի ձևը՝ այն ավելի ոչ ագրեսիվ դարձնելով։ Իմ պապը ցանկացել է ցույց տալ, թե ջիու-ջիթսուն ինչքան կարևոր է աշխարհի, մարդկանց համար»։

Խոսելով «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասին՝ Գրեյսին նշել է, որ ուրախ է Հայաստան այցի և նման միջոցառմանը մասնակցելու համար։ «Սա իմ առաջին այցն է Հայաստան։ Այն ամենը, ինչ տեսել եմ, ուղղակի հիասքանչ է,- ասել է հանրահայտ մարզիկը։ -Կարծում եմ՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի նման միջոցառումները գաղափարներ քննարկելու և այստեղից ավելի լավ մտքերով ու լուծումներով հեռանալու միակ ճանապարհն են՝ հանուն ավելի լավ աշխարհ ունենալու։ Նման աշխարհի հասնելու միակ ճանապարհը համատեղ աշխատելն է։ Քանի դեռ մենք կլինենք տարանջատված՝ մութ ժամանակներում կապրենք։ Միայն միավորվելով ու համատեղ աշխատելով կկարողանանք ավելի լավ աշխարհ ունենալ»։
 

← Վերադառնալ