Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը բանակի կազմավորման օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
Հայոց բանակի գեներալներ, սպաներ և զինվորներ, զինծառայողներ և պահեստազորայիններ,
1992 թվականի հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորումն անկախության և ինքնիշխանության համար պայքարում մեր ժողովրդի նվիրական իղձերի բյուրեղացումն էր, որն ապացուցում էր Հայաստանի Հանրապետության լինելիության իրավունքը:
Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Զինված ուժերն անցել են կայացման դժվարին ուղի՝ մեր պետականության կերտման հետ համաքայլ: Այս ճանապարհին բանակը հաղթահարել է բազմաթիվ փորձություններ, նվաճել հաղթանակներ և ճաշակել կորուստների դառնություն: Բայց այս ամենի հանրագումարում մեր բանակը եղել և մնում է մեր պետության, հայրենիքի ու քաղաքացիների անվտանգության ու պաշտպանության ամենագլխավոր և ամենավստահելի երաշխավորը:
Այսօր մենք տոնելով բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը, խոնարհվում ենք հանուն մեր երկրի անկախության ու անվտանգության զոհվածների հիշատակի առաջ և միաժամանակ մեր երախտիքի խոսքն ու շնորհակալությունն ենք հայտնում Հայոց բանակի զինծառայողներին, որոնք անկախ եղանակային կամ որևէ այլ պայմաններից, անձնվիրաբար հսկում են մեր երկրի սահմանների անդորրն ու մեր քաղաքացիների անվտանգությունը:
Սիրելի ժողովուրդ,
Շնորհավորում եմ բոլորիս բանակի կազմավորման օրվա կապակցությամբ և մաղթում ոգու ամրություն, ուժ ու կորով մեր բոլոր զինծառայողներին՝ հանուն Հայաստանի Հանրապետության խաղաղության և հզորացման: