Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Սիրելի աշակերտներ, ուսանողներ,
հարգելի մանկավարժներ և ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ յուրովի առանձնահատուկ ու պարտավորեցնող է բոլորիս համար: Արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը, հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան հաղթահարել ամենատարբեր մարտահրավերներն ու խնդիրները:
Սիրելի՛ առաջին դասարանցիներ և առաջին կուրսեցիներ, առանձնահատուկ ուզում եմ ձեզ մաղթել խաղաղ ընթացք ձեր կյանքի այս նոր փուլում, որտեղ պետք է սովորեք, գիտելիք ու փորձ ձեռք բերեք և հարստացնեք մեր հանրության մտավոր ներուժը, որը ոչ միայն մեր պետության զարգացման ու հզորացման առաջնային գրավականներից մեկն է, այլև մեր հասարակության ու քաղաքացիների բարեկեցության նախապայմանը:
Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում նաև բոլոր ուսուցիչներին և պրոֆեսորադասախոսական կազմին, մաղթում հաջողություններ ձեր բարդ և պատասխանատու աշխատանքում: Ձեր ուսերին են դրված ոչ միայն զուտ աշխատանքային կամ մասնագիտական պարտականությունները, այլև սերունդներին որակյալ կրթություն տալու շնորհիվ գիտակից և արժանապատիվ քաղաքացի ձևավորելու պատասխանատվությունը:
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մի՛ մոռացեք, որ գիտելիքը ձեր ապագան է, ճանապարհը դեպի մեծ կյանք։ Այն ձեզ հնարավորություն կտա գտնել ձեր տեղը ժամանակակից աշխարհում, դառնալ մեր երկրի արժանավոր քաղաքացիներ և հայրենասերներ։
Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: