24
04, 2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ

Այսօր հայ ժողովուրդն ու նրա բարեկամները, ողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Անցյալ դարասկզբին, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթից և մեծ տերությունների թողտվությունից, Օսմանյան կայսրության երիտթուրք պարագլուխները ծրագրավորեցին և իրականացրեցին հայ բնակչության դաժանագույն ջարդերն ու կոտորածը: Այդ ողբերգությանը զոհ դարձավ ավելի քան 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավոր հայեր ստիպված լքեցին իրենց բնօրրանը, տարհանվեցին, զրկվեցին հայրենիքից ու գույքից՝ բռնելով գաղթի ճամփան: Փրկվելով մահից, կորցնելով հարազատներին՝ մեր հայրենակիցները սփռվեցին աշխարհով մեկ, գտան իրենց նոր հանգրվանն օտար ափերում, տարբեր հյուրընկալ երկրներում: Դրսևորելով ապրելու և արարելու անկոտրում կամք՝ նրանք կազմեցին ընտանիք, կառուցեցին դպրոցներ ու եկեղեցիներ, հիմնեցին գաղթօջախներ, հայրենակցական միություններ ու տարաբնույթ կազմակերպություններ: Սփյուռքահայությունը հարստացրեց իր ապրած երկրների հասարակական, գործարար ու մշակութային ներկապնակը՝ ի ցույց դնելով հայի տաղանդն ու բացառիկ ընդունակությունները, փառք ու պատիվ բերելով մեր ժողովրդին:

Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մի քանի տասնյակ պետություններ և հեղինակավոր միջազգային կազմակերպություններ: Համոզված ենք, եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ապա կկանխարգելվեին հետագա ցեղասպանությունները: Հենց այդ պատճառով է Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում հետևողական պայքար մղում ցեղասպանության հանցագործության դատապարտման և կանխարգելման ուղղությամբ: Հայաստանի ջանքերով դեկտեմբերի 9-ը ամրագրվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր է պատմական հիշողությունը, շարունակական կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը:

Մենք գիտակցում ենք, որ մեր նահատակված հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը՝ հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է, մեր ժողովրդի բարօր կյանքի, մեր երկրի սահմանների ամրության ու անվտանգության ապահովումն է, Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումն է:

← Վերադառնալ