13
03, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ

«Մեծարգո վարչապետ,

Վեհափառ Տեր,

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

ՀՀ Ազգայի ժողովի մեծարգո նախագահ,

ՀՀ Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Ձերդ գերազանցություններ,

Հարգելի հյուրեր, սիրելի հայրենակիցներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախ, մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այսպիսի վստահության արժանացնելու համար:

Այսօր Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնում եմ Հայաստանի ապագայի համար կարևոր մի ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում: Մենք ականատեսն ենք արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադարձությունների, որոնց արդյունքում գործող համաշխարհային անվտանգության համակարգերը վերափոխվում են: Այսօր մեզ առավել քան երբևէ հարկավոր է իմաստություն, վստահություն, կայունություն, միաբանություն:

Այսօրվա աշխարհը շատ արագ է փոփոխվում, որտեղ մրցակցությունը տարբեր ռեսուրսների համար ավելի կտրուկ է դառնում: Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու: Ի վերջո պետություն ունենալը մեր ինքնատիպ տեսակը պահպանելն է, զարգացնելը և այլ ազգերի հետ հարաբերվելու նոր հնարավորություններ ստանալը: Այս ամենը կիրագործվի, եթե վերաիմաստավորենք մեր ներկան և ամեն գնով կազմակերպվենք՝ ստեղծելու մեր նոր, արժանապատիվ ապագան, որտեղ ամուր պետությունը մեր հանրային կյանքի վստահելի, արդար գործընկերը պետք է լինի:

Ցանկացած հասարակությունում, իսկ անցումային փուլում գտնվողների համար ավելի քան առանձնահատուկ կարևորություն են ստանում պետական ինստիտուտները: Հանրային կառավարման արդյունավետությունը, իշխանության տարբեր թևերի համագործակցությունը, ինչու չէ նաև պետության հարատևությունը պայմանավորված են ինստիտուտների կայացվածությամբ: Չկայացած կամ թերի գործող պետական ինստիտուտները կործանարար ազդեցություն են ունենում պետությունների ճակատագրերի վրա: Առավել վտանգավոր է, երբ դրանք գործում են Սահմանադրությունից և օրենքներից դուրս՝ արժեզրկելով, բարոյազրկելով արժեքային այն ամբողջ համակարգը, որը կանխորոշվում է Սահմանադրությամբ կամ այլ իրավական ակտերով: Արդյունքում պետությունը վերածվում է մի խումբ մարդկանց շահերը սպասարկող մեծ պատժիչ մեքենայի, որն էլ ի վերջո խոչընդոտում է զարգացմանը, ցանկացած նոր մտահղացումներին, առաջընթացին: Ցավոք սրտի, այս ամենի ականատես կամ մասնակիցը ոչ վաղ անցյալում եղել ենք նաև մենք:

Ցանկացած երկրի զարգացման համար շատ մեծ նշանակություն ունի կառավարման համակարգի ընտրությունը: Սակայն պետական կառավարման այս կամ այն համակարգն ինքն իրեն ժողովրդավարություն կամ բռնապետություն չի ծնում, բայց նրանցից յուրաքանչյուրը, միահյուսվելով հասարակական կյանքի այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնների հետ, կարող է հիմք հանդիսանալ մի դեպքում իսկական ժողովրդավարության ձևավորման, մեկ այլ դեպքում՝ բռնապետության հաստատման համար: Այստեղ, իհարկե, իր մեծ դերակատարումն ունի գործող քաղաքական համակարգը, քաղաքացիական հասարակությունն իր գաղափարախոսությամբ, անաչառությամբ, ակտիվ գործունեությամբ:

Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ հռչակվել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն: Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչված են ապահովելու իշխանության երեք թևերի՝ օրենսդիրի, գործադիրի և դատականի գործունեությունը՝ ուղղված սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման համակարգի անխափան գործելուն՝ անկախ իրավիճակներից: Այս համակարգում, իհարկե, իր ուրույն տեղն ունի նաև Նախագահի ինստիտուտը, որն ըստ Սահմանադրության հանդիսանում է Պետության գլուխը, հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Մեր ժողովրդի պատմության տարբեր ժամանակահատվածների իրադարձություններին անդրադարձը հիմնականում հնարավորություն չի տալիս մեզ հետաքրքրող շատ հարցերի պատասխանները ստանալ. շատ դեպքերում դա անհնար է, քանի որ իրականությունը գնահատելու համարձակություն չենք ունենում կամ էլ չենք ունեցել: Իրականությունը գնահատելու համար չափազանց կարևոր է պատրանքներից ազատվելը, որն էլ հնարավորություն կտա ընդունելու, օրինակ, որ քաղաքական ոչ մի համակարգ իդեալական լինել չի կարող: Ե՛վ նախագահական, և՛ խորհրդարանական քաղաքական համակարգերը բոլոր պետություններում, իրենց առավելություններով հանդերձ, ունեն որոշակի թերություններ ու բացթողումներ: Եթե այս կամ այն երկրում հետևողականորեն չեն իրականացվում և ամրապնդվում ժողովրդավարական գործընթացները, չեն հարգվում մարդու իրավունքները, չեն պաշտպանվում մարդկանց բոլոր խմբերի շահերը, ապա ժողովրդավարությունը զարգանալ և ընդարձակվել չի կարող:

Մի երկրի ժողովրդավարությունը կարող է տարբեր լինել մյուս երկրի ժողովրդավարությունից, սակայն այս կամ այն երկրի ժողովրդավար քաղաքական համակարգին պետք է բնորոշ լինի.

· իշխանության տարանջատումը,

· օրենքի գերակայությունը,

· զանգվածային լրատվության միջոցների ազատությունը,

· քաղաքական մրցակցությունը,

· իշխանափոխության հնարավորությունը,

· ազատ ընտրությունները:

Մեր երկրի Սահմանադրությունն այս առումով նախատեսում է Անփոփոխելի հոդվածներ, որոնք կոչված են երաշխավորելու Հայաստանի Հանրապետության գոյությունը: Դրանք ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 203-րդ հոդվածներն են:

Անտարակույս է այն մտածողության ճշմարտությունը, որ ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր երկիր պետք է անցնի իր ճանապարհը, որն էլ բնութագրում է, թե ինչպիսի հասարակություն է ձևավորված, և կարող է արդյոք այդ հասարակությունը հաղթահարել այն դժվարությունները, որոնք ժամանակի և դեպքերի, իրադարձությունների թոհուբոհի մեջ առաջանում են նրա զարգացման ճանապարհին :

Մենք էլ անկախություն ստանալուց հետո ընտրեցինք զարգացման մեր ուրույն ուղին: Անցած երեսուն և ավելի տարիները մեծ փորձությունների ժամանակաշրջան էր մեր ժողովրդի, հայրենակիցների համար: Ցավոք, պետության կայացման այդ շրջանում եղան նաև կորուստներ, անդառնալի կորուստներ: Խոսքս վերաբերում է հատկապես մարդկային կորուստներին՝ ՀՀ քաղաքացիներին, ովքեր զոհվեցին՝ պահպանելով մեր հայրենիքը. հավերժ փառք ու պատիվ բոլորին:

Սա իհարկե մեծ ցավ է բոլորիս համար, բայց մյուս կողմից էլ պարտադրանք և հարկադրանք իշխանությանը՝ փոխելու իրավիճակը, համախմբելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, համայն հայությանը՝ վերականգնելու երկրի տնտեսական հզորությունը, ամրապնդելու անվտանգային համակարգերը, կառավարելի դարձնելու տեղի ունեցող գործընթացները, ստեղծելու և զարգացնելու ժամանակակից և ապագային միտված նոր տնտեսական համակարգ, իր ենթակառուցվածքներով, որը ճանապարհ կհարթի դեպի նոր որակի տնտեսություն՝ թռիչքաձև զարգացման մեծ պոտենցիալով:

2018թ. թավշյա հեղափոխությունն էլ արդյունք էր նոր նպատակների իրականացման մեծ հույսի և ակնկալիքի, որ կար շատ-շատերիս, մեր հանրության գերակշռող մասի մոտ: Մինչ հեղափոխական շրջանն արդեն հասցրել էր մարդկանց հուսալքել, հիասթափեցնել, հոռետեսության մթնոլորտ ձևավորել: Բոլորս կարիք ունեինք արմատական փոփոխությունների, և դրանք 2018թ. ապրիլին իրականություն դարձան: Սա էլ հերթական, նոր փորձություն էր պետության, քաղաքացիների համար: Վերջնական նպատակներին հասնելու ճանապարհը դժվար էր լինելու, ժամանակ պահանջող: Հույսն ու հավատը, սերը և համբերատարությունը նոր հեղափոխության հաջողությունների գրավականը պետք է լինեն:

Այսօր էլ, աշխարհաքաղաքական վերափոխումների, հետպատերազմյան այս ժամանակաշրջանում, երբ քովիդյան անորոշությունները դեռ շարունակվում են, երբ տնտեսական և սոցիալական դժվարությունները չեն չեզոքացվել, երբ պատերազմի վերքերը դեռ չեն սպիացել, երբ դեռևս չեն վերացել նոր բախումների և պատերազմների հնարավորությունները, երբ Արցախի մեր հայրենակիցների՝ իրենց հողում ապրելու իրավունքը դեռևս ապահովագրված չէ, մեզ բոլորիս, մեր պետությանը՝ Հայաստանի Հանրապետությանը, առավել քան հարկավոր է համբերություն, միասնություն, հույս, հավատ, սեր՝ մեր հայրենիքի, միմյանց նկատմամբ, որպեսզի իրար հետ միաբան աշխատենք և կերտենք մեր նոր Հայաստանը:

Ի՞նչ է հարկավոր մեզ իրավիճակը փոխելու, նախատեսված հեռանկարային ծրագրերը իրականացնելու ճանապարհին.

· Իրականության հետ առնչվելու համարձակություն և պատրաստակամություն, իրական իրավիճակները գնահատելու ունակություն,

· Տարածաշրջանային համագործակցության սահմանների ընդլայնում, խոչընդոտների վերացում,

· Սպասվող մարտահրավերներին դիմակայելու հանձնառություն և պատասխանատվություն,

· Ապագային միտված ծրագրերի իրականացում, որոնք իրենց բնույթով և նշանակությամբ պետք է լինեն ոչ միայն պետական, այլ նաև համազգային:

Համոզված եմ՝ բոլորս էլ ունենք մեր պատկերացումները երկրի, պետության, համայն հայության, Արցախի ապագայի մասին: Շատ կարևոր է, թե ի՞նչ Հայաստան ենք մենք ունենալու ապագայում, ինչո՞վ է ներկայանալի լինելու ապագա Հայաստանը: Հայաստանի ապագան պայմանավորված է լինելու մարդկային կարողություններով, գիտելիքով, բարձր տեխնոլոգիական տնտեսությանը միտված մարդկային մտքի, գիտելիքի կիրառմանը նպաստող համապատասխան միջավայրով:

Կրկին անդրադառնամ պետական ինստիտուտներին:

Որպես նորընտիր նախագահ՝ գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որ ստանձնում եմ, այն մարտահրավերները, որ կան և կարող են լինել Հանրապետության նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորություններն իրականացնելիս: Սակայն կա մի պարզ ճշմարտություն. առանց պետական մյուս ինստիտուտների՝ Ազգային ժողովի, կառավարության, դատական համակարգի հետ սերտ համագործակցության՝ ուղղված ՀՀ Սահմանադրության պահպանմանը, հաջողություն չի կարող լինել:

Համազգային և համապետական շահերի հրամայականը պահանջում է ամեն ջանք գործի դնել՝ հանուն մեր ժողովրդի բարօրության և հայրենիքի առաջընթացի: Դա էլ իր հերթին նախ և առաջ նշանակում է հանրության և համազգային լայն շրջանակների հետ աշխատանք. առանց դրա հնարավոր չէ գնահատել իրականությունը, երկրի իրական վիճակը, ուղղել բացթողումները և գտնել զարգացման նոր հնարավորություններ:

Համոզված եմ նաև, որ այսօր գոյություն ունեցող հիմնախնդիրներից շատերը կարելի է լուծել, երբ բոլորիս մոտ լինի գիտակցում, որ.

· միասին մենք կարող ենք բարգավաճել միայն ընդհանուր լավատեսության և հույսի պայմաններում,

· միասնությունն ուժի, պատվի և ընդհանուր բարիքի ճանապարհն է,

· մենք մեր ապագայի համար պարտական ​​ենք մեր հավերժական արժեքների ուժին,

· միայն ազատությունը և ազատ մարդը կարող են երաշխավորը լինել մեր հարատևության, զարգացման,

· և ի վերջո, մեր շրջապատում, մեր իրականության մեջ կան մարդիկ՝ Երազողներ, ովքեր այսօր կերտում են ավելի լավ վաղվա օրը:

Սա մեր առաջիկա տարիների գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը պետք է դառնա: Մենք առաջ շարժվելու, այս դժվարությունները հաղթահարելու այլընտրանք չունենք: Մեր միասնությունը, միասնականությունը կարող են դրա գրավականը լինել: Շատ կարևոր է հատկապես ապագայի հեռանկարի և ապագա անելիքների մասին անդրադարձը: Փոքրաթիվ ժողովուրդները պետք է ավելի նորարար լինեն, ավելի ստեղծագործ: Այս ամենին հնարավոր է հասնել միայն մրցունակ կրթական համակարգով, որը հնարավորություն կտա յուրացնել գործող և ստեղծել նորագույն տեխնոլոգիաներ: Կրթությունը, գիտելիքը, մշակույթը մեր ազգի երկարակեցության գրավականն են եղել:

Այս ամենին հասնելու համար մեզ հարկավոր են լայն քննարկումներ և համազգային ներառականություն Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների մասնակցությամբ, հստակ տեսիլ, պատկերացումներ, գործունյա պետական ինստիտուտներ և ամուր պետություն, որտեղ մարդը և քաղաքացին կլինեն կենտրոնում, իսկ պետությունը երկրում կստեղծի այնպիսի պայմաններ, որտեղ բոլոր քաղաքացիները կլինեն ազատ, հավասար հնարավորություն կունենան բացահայտելու և զարգացնելու իրենց տաղանդները: Այս ամենի ապահովման և պետական ինստիտուտների սահուն աշխատանքին, ի շահ մեր պետության, պետք է լծված լինի նաև Հայաստանի Հանրապետության նախագահը:

Վերջում պարզապես ևս մեկ մեջբերում ՀՀ Սահմանադրությունից, որի հոդված 123-ում գրված է. «Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով»:

Սա իմ համոզմամբ ամբողջական է ներկայացնում Հայաստանի Հանրապետության նախագահի առաքելությունը, որն էլ պետք է դառնա իմ գործունեության ուղենիշը:

Շնորհակալություն»:  

← Վերադառնալ