05
10, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ,

Այսօր նշում ենք ձեր մասնագիտական տոնը՝ Ուսուցչի օրը:

Նշում ենք բարդ ժամանակներում, մտահոգիչ ու ուժերի գերլարում պահանջող իրավիճակում, երբ ոչ միայն մեր հնարավորություններն ու ուժերը համատեղելու, մեր փորձն ու գիտելիքը ներդնելու, այլև նորովի սովորելու և սովորեցնելու կարիք ունենք՝ երբեք չզլանալով աշակերտ լինել և սովորել Ուսուցչից՝ այդ բառերի ամենալայն իմաստով:

Մենք, որպես ժողովուրդ, շատ լավ գիտենք ուսուցչի տեղը մեր արժեքային համակարգում: Պետականությունը ծնվում և ապրում է նաև կրթության շնորհիվ, որ նույնն է՝ կրթված անհատի, կրթված հասարակության, կրթված ժողովրդի շնորհիվ: Այն ժամանակներում, երբ չենք ունեցել պետականություն, ուսուցիչն է հոգևորականի հետ միասին մեր մեջ վառ պահել Հայրենիքի, Հավատի ու Լեզվի, ասել է թե՝ մեր ինքնության լույսը:

Մեր կյանքի ընթացքում մենք միշտ ունենում ենք ուսուցիչներ՝ ընտանիքում թե դպրոցում, մեր շրջապատում թե աշխատավայրում: Այս կամ այն կերպ նրանք մեզ սովորեցնում են ապրել ու սիրել, գթալ ու ներել, պայքարել ու հաղթել, լինել ուժեղ, լինել իմաստուն ու կիրթ, ձեռք բերել գիտելիք ու փորձ: Նրանցից մեկը մեզ սովորեցնում է պաշտպանել ու պահպանել Հայրենիքը և ազգային արժեքները, մյուսը՝ խիզախ ու հաստատակամ լինել, երրորդը՝ աշխատել ու ստեղծել, չորրորդը՝ երջանիկ ու կարեկից լինել, հինգերորդը...

Նրանք բոլորը սովորաբար ամբողջանում են մեկ՝ Ուսուցչի կերպարի մեջ...

Դպրոցն այն մեկնարկային կետն է, որտեղից, ինչպես և ընտանիքից, սկսվում է մեր ինքնության գիտակցումը՝ շնորհիվ մեր ծնողների, մեր ուսուցիչների, որոնք հաճախ են տարբեր իրավիճակներում փոխարինում միմյանց: Ասել է, թե՝ երկրի ապագան սկսվում է ուսուցչից, նրա տված դաստիարակությունից ու գիտելիքից, մեզ փոխանցվող նրա փորձից ու խորհրդից, որոնք բոլոր ժամանակներում էլ մնում են արժեքավոր ու անհրաժեշտ:

Մենք ապրում ենք մարտահրավերներով լի աշխարհում, երբ ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում անսպասելի, չնախատեսված ու անկանխատեսելի փոփոխություններ, երբ ավելի է մեծանում գիտակից, կրթված ու ստեղծագործ մարդկանց անհրաժեշտությունը, որոնք պետք է ստեղծեն ոչ միայն Հայաստանի ապագան, այլև դրանով իսկ մասնակից դառնան աշխարհի վաղվա օրը կառուցելուն:

Այսօրվա աշխարհում ուսուցչի դերն այլևս չի սահմանափակվում գիտելիքի մատուցմամբ: Պետք է կարողանալ առավելագույն խորությամբ ըմբռնել երկրում, հասարակության մեջ, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների էությունը: Մենք կարող ենք կառուցել դպրոց, համալսարան, բայց առանց որակյալ ուսուցչի չի կարող որակյալ արդյունք լինել:

Պետք է ստեղծել բոլոր պայմանները, որ դուք, հարգելի՛ ուսուցիչներ, հնարավորություն ունենաք ոչ միայն արժանի քաղաքացիներ կրթել, այլև կատարելագործել ձեր հմտությունները, զարգացնել գիտելիքները, որպեսզի միասին՝ դուք, ձեր ընտանիքներն ու ձեր աշակերտները, նրանց ծնողներն ու հարազատները, մենք բոլորս կարողանանք ապրել ուժեղ, բարեկեցիկ, անվտանգ և առողջ երկրում:

Սիրելի՛ ուսուցիչներ,

Մեզանից յուրաքանչյուրը եղել է աշակերտ դպրոցում. ես ջերմությամբ ու երախտագիտությամբ եմ հիշում իմ ուսուցիչներին:

Մեզանից յուրաքանչյուրը շարունակում է աշակերտ մնալ: Ես շնորհակալ եմ ինչպես դպրոցի իմ ուսուցիչներին, այնպես էլ բոլոր այն մարդկանց, որոնցից ես ինչ-որ մի բան եմ սովորել ու շարունակում եմ սովորել:

Բոլորիդ մաղթում եմ, որ ձեր աշակերտները ողջ կյանքում հարգանքով ու սիրով հիշեն ձեզ:

Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք:

 

← Վերադառնալ