01
09, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ, դաստիարակներ, ծնողներ,

Շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Ուսումը բացում է ճանապարհը դեպի նոր կյանք ու նոր աշխարհ: Եղե՛ք համարձակ ու վստահ: Գիտելիքի միջոցով բացե՛ք բոլոր դռները, բացե՛ք կամքի ուժով ու սրտի թելադրանքով, աշխատասիրությամբ, միմյանց օգնելով, միմյանց վստահելով, միմյանցից սովորելով:

Յուրաքանչյուրդ ձեր մեջ հավատացած եղեք, որ կարող եք ձեր գիտելիքներով, եռանդով, հաստատակամությամբ, հավատամքով դրական փոփոխություն բերել, օգտակար լինել Հայրենիքին, Ազգին, Ընտանիքին և, իհարկե, ինքներդ ձեզ:

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ,

Այս ուսումնական տարին մեկնարկում է Հայաստանի անկախության 30-ամյակի շեմին: Դուք կերտում եք երկրի ապագան, ինչպես 30 տարի առաջ Հայաստանի և Արցախի անկախությունը կերտեցին ձեր ծնողները, տատիկ-պապիկները, ինչպես մեր ողջ պատմության ընթացքում մեր նախապապերն են պայքարել հանուն ազատության, անկախության և ապագայի:

21-րդ դարը մտքի ու գիտելիքի, տեխնոլոգիաների ու ստեղծարարության դար է։ Մենք կարող ենք և պարտավոր ենք մասնակից լինել աշխարհի սրընթաց զարգացմանն ու առաջընթացին։

Մեր ժողովրդի տաղանդն աշխատասիրության, նպատակասլացության, պատասխանատվության հետ ձեռք ձեռքի կարո՛ղ է արդյունք ստեղծել: Եվ դա՝ նաև ձեր շնորհիվ։

Ամենադժվար բարձունքները, որոնք հաճախ անհասանելի են թվում, հնարավոր է նվաճել, եթե այս որակներին ավելանում է հայրենասիրությունը՝ հանուն հայրենիքի, հանուն ազգային ընդհանուր շահի ինչ-որ բան անելու ձգտումը: Սովորե՛ք հաղթահարել մարտահրավերները, առանց վհատվելու ընդառաջ գնալ երազանքներին, ստեղծել, ստեղծագործել և պատասխանատվություն ստանձնել հայրենիքի ճակատագրի համար:

Հավատարի՛մ եղեք անցյալի ժառանգությանը, մեր ինքնությանը և հավատացե՛ք վաղվա օրվան:

Սիրելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, դաստիարակներ,

Վաղվա օրը ձևավորվում է նաև ձեր նվիրված աշխատանքի և այն ջանքերի շնորհիվ, որ դուք ներդնում եք սերունդներ կրթելու և դաստիարակելու մեջ: Վստահ եմ՝ բոլորդ գիտակցում եք, որ ժամանակին համընթաց քայլելու՝ կրթական համակարգի ունակությունն է որոշելու Հայաստանի տեղը սրընթաց զարգացող աշխարհում: Լինելով Հայաստանի իրական էլիտայի կարևորագույն մասը՝ դուք մեր երկրի ապագան կերտելու առանձնահատուկ առաքելություն եք իրականացնում: Ձեզանից է կախված, թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը 10, 50, 100 տարի հետո:

Ես հավատում եմ մեր անխուսափելի հաջողությանը: Չափազանց կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը հավատա դրան և իր գիտելիքով, կարողություններով ու հնարավորություններով մասնակցի այն մոտեցնելուն:

Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն: 

← Վերադառնալ