01
06, 2020

Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագա, երկրի ապագա, բանակի ապագա, հողի ապագա. նախագահ Սարգսյանը շնորհավորել է երեխաների իրավունքների պաշտպանության օրը

Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է:

Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագա, երկրի ապագա, բանակի ապագա, հողի ապագա... Ապագան գալիս է վաղը, բայց սկսվում է այսօր՝ յուրաքանչյուր նորածնի ճիչով, յուրաքանչյուր ծնողի բերկրանքով, պետության ամեն նոր քաղաքացու անվամբ:

Սիրելի՛ երեխաներ, իմ կրտսե՛ր բարեկամներ,

Գիտեմ, որ այս օրերին շատ դժվար է տանը նստելը, երբ բնությունը, բակը, խաղը դուրս են կանչում: Շնորհակալ եմ, որ համբերում եք և հասկանում: Հավատացեք, որ այսօրվա դժվարությունն ու անհարմարությունը վաղվա ավելի լավ օրվա համար են, երազանքների օրվա համար:

Ձեր մեջ երազանքներ կան, որոնք ոչ միայն ձերն են, այլև ձեր ծնողներինը: Պետք է կարողանանք միասին այնպես անել, որ իրականությունը լինի ձեր երազանքի նման:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեխաների միջոցով մենք նորովի ենք բացահայտում մեզ շրջապատող հսկա աշխարհը: Այն մեծ ու փոքր, բազմագույն ու բազմաշերտ աշխարհների խճանկար է: Մանկական աշխարհն այդ խճանկարի ամենագունագեղ մասն է, որը կառուցվում է երեխաների շնորհիվ ու մեծերիս մասնակցությամբ: Որպես պետություն և քաղաքացի, որպես ընտանիք և ծնող, որպես իշխանություն և հասարակություն եկեք չխնայենք մեր ջանքերը: Գործի դնենք մեր սիրտն ու միտքը, որ այդ աշխարհը կառուցվի ամուր և կայուն հիմքերի վրա, լինի հնարավորինս գեղեցիկ ու լուսավոր, հուսառատ ու հուզառատ:

Սակայն հանուն երեխաների և երեխաների համար գործադրվող բոլոր ջանքերը իզուր կլինեն, եթե նախ և առաջ չերաշխավորվի նրանց խաղաղ մանկությունը: Խաղաղությունը միայն կապույտ երկինքը չէ: Խաղաղությունը նաև այն մթնոլորտն է, որտեղ սեր, հանդուրժողականություն ու համերաշխություն կա ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի, ինչպես հարազատների, այնպես էլ անծանոթների միջև:

Այսօր մեր ապագայի պաշտպանության օրն է: Պաշտպանությունը նշանակում է նաև պատասխանատվություն երեխայի այսօրվա ու վաղվա համար, նրա ազատության և իրավունքի համար, նրա ճակատագրի համար:

Երեխաները պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում: Անկախ մեր զբաղեցրած պաշտոնից և հասարակական դիրքից բոլորս պետք է դրսևորենք ամենօրյա և անձնական բարձր պատասխանատվություն: Իսկ ցանկացած պարտավորություն ստանձնելիս՝ միջազգային փաստաթղթերից մինչև դրանցից բխող օրենքներն, ուսման ծրագրերն ու դասագրքերը, մենք պետք է առաջնորդվենք նախ և առաջ ընտանիքի և երեխաների մասին մեր ազգային արժեհամակարգից բխող ընկալումներով: Այդ փաստաթղթերը, օրենքները կիրառելիս պետք է գտնվեն այնպիսի կարգավորումներ, որոնք կհամապատասխանեն մեր պետությանն, ապագայի ու երեխաների մասին մեր պատկերացումներին, հարիր կլինեն մեր ազգային նկարագրին:

Սիրե՛նք ու պաշտպանե՛նք երեխաներին և նրանց իրավունքներն, ի դեմս նրանց՝ պաշտպանե՛նք մեր ընտանիքի, մեր երկրի, մեր հասարակության վաղվա օրը:  

← Վերադառնալ