29
01, 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի Ուղերձը Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված «Հոլոքոստի հիշողության շաբաթ» հավաքին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
29 հունվարի, 2020 թ.

Հարգելի բարեկամներ,

Հայաստանի հրեական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,

Հոլոքոստի հիշողության շաբաթի հարգելի մասնակիցներ,

Հոլոքոստի հիշողության շաբաթը, որը նվիրվում է Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին, և այդ շրջանակում այսօրվա միջոցառումը ոչ միայն հարգանքի տուրք է ողջակիզված հրեա ժողովրդին, այլև՝ նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ևս մեկ հիշեցում-ազդանշան։

Հարգելով Հոլոքոստի զոհերի հիշատակը՝ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հրեա ժողովրդին և վերահաստատում մեր վճռականությունը՝ չմոռանալ ցեղասպանության հանցագործությունների մասին, որտեղ էլ դրանք տեղի ունենան և թույլ չտալ, որ նման հանցագործությունները վերստին կրկնվեն, չմոռանալ զոհերի և վերապրածների տառապանքների մասին, ապահովել անվտանգ և բարեկեցիկ կյանք նրանց և նրանց ժառանգների համար, որտեղ էլ նրանք լինեն։

Հայերը և հրեաները կապված են պատմությամբ և ճակատագրով, վերապրելու և իրենց ինքնությունը պահպանելու կամքով։ Որպես հալածված ժողովուրդ՝ մենք հասկանում և կիսում ենք Հոլոքոստի ողբերգության ցավը, մենք հիշում և աղոթում ենք Հոլոքոստի զոհերի համար այն նույն վշտով, ինչպես Հայոց ցեղասպանության զոհերի համար։

Այսօրվա Հայաստանի հողը, որ բազմիցս ասպատակվել, ձեռքից ձեռք է անցել և ավերվել դարերի ընթացքում, իր վրա պահել է հրեական հետքեր և դրոշմներ, որ ուշադիր աչքը կարող է նկատել շատ բաներում` մարդկանց սովորույթների ու վարքագծի մեջ, ճարտարապետական կոթողների վրա, սիմվոլներում, խոսքում...

Նոր ժամանակներում այդ հողն ընդունել է նոր հրեա ընտանիքների, որոնք Հայաստանը համարում են իրենց երկիրը և որոնք չլքեցին այն նույնիսկ վերջին տասնամյակների ամենածանր տարիներին:

Ես իմ համերաշխությունը, հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի հրեական համայնքին, համայնքի յուրաքանչյուր անդամին, որոնք իրենց աշխատանքով և տաղանդով նպաստում են մեր երկրի զարգացմանը, հարստացնում նրա տնտեսությունը, գիտությունն ու մշակույթը:

Մենք երախտապարտ ենք աշխարհի բոլոր այն հրեաներին, որոնք արդեն մեկ դար մեզ հետ միասին պայքարում են ցեղասպանության՝ մարդկության հանդեպ այդ ծանր հանցագործության դեմ՝ այն խստորեն դատապարտելու և հետագայում նման հանցագործությունները կանխարգելելու նպատակով:

Քսենոֆոբիայի և քաղաքական ծայրահեղ արկածախնդրության զոհ գնացած իմ ազգը չափազանց զգայուն է դրա ամենաայլանդակ դրսևորումներից մեկի՝ հակասեմականության հանդեպ: Մենք տեսել ենք, թե ինչ համաշխարհային դժբախտության և աղետի է հանգեցնում այն: Մենք գիտենք, որ քաղաքական անհաջողակների վերջին ապաստանը դա է՝ մեղավորներ փնտրել «օտարների» մեջ: Այսօր ես հակասեմականության մեջ մտցնում եմ ոչ միայն էթնիկ հրեաներին, այլև իմ ազգին, որին գրեթե նույն պատճառներով 20-րդ դարասկզբին ոչնչացրին ֆաշիստների նախահայրերը և ուսուցիչները՝ երիտթուրքերը: Մի՞թե Հիտլերը չէր ասում 1939 թվականի օգոստոսին․ «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածները»:

Ուստի հակասեմականությունը, որպես քսենոֆոբիայի և ռասայական խտրականության դասական օրինակ, պետք է արմատախիլ արվի ամենուր իր բոլոր դրսևորումներով:

Նաև այդ պատճառով Հայաստանը 2013 թվականի մարտի 22-ին նախաձեռնեց ՄԱԿ-ում «Ցեղասպանությունների կանխարգելման դեմ» բանաձևը, որին միացան 62 պետություն: 2015 թվականի սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում միաձայն ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված 69/323 բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Կարծում եմ, որ աշխարհի պետությունները և միջազգային հանրությունը առավել հետևողական և արդյունավետ քայլեր պետք է անեն դատապարտելու համար մարդկության դեմ գործված հանցագործությունները և կանխարգելելու համար նորերի կրկնությունը: Այդ պայքարը չպետք է տուրք տա քաղաքական կոնյունկտուրային և անցողիկ շահերին, այլ՝ պետք է ուղղված լինի մարդկության խաղաղ և համերաշխ ապագային:

Անցյալ շաբաթ ես Երուսաղեմում էի՝ մասնակցելու համար Յադ Վաշեմում Հոլո-քոստի հիշատակին նվիրված «Հիշելով Հոլոքոստը, պայքարելով ընդդեմ հակասեմականության» 5-րդ միջազգային համաժողովին։ Այդ ընթացքում ես հանդիպեցի Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ Մենք համաձայն էինք, որ պետք է միասին պայքարենք ֆաշիզմի, ռասիզմի, ատելության, հակասեմականության բոլոր դրսևորումների դեմ։

Հայ ժողովուրդը վիթխարի կորուստներ է տվել՝ 1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում դառնալով քսենոֆոբիայի զոհ: Եթե այդ պատերազմի ընդհանուր զոհերի թիվը հաշվվում է 15 մլն, ապա դրանցից 10-ից 1-ը հայ էր, որի մասին չկա պատմության դասագրքերում և պատերազմի հաշվեմատյաններում:

Երկրորդ համաշխարհային պատերազմում այլ ազգերի հետ միասին նացիզմի դեմ մարտի ելան վեց հարյուր հազար հայեր, որոնցից երեք հարյուր հազարը զոհեցին իրենց կյանքը։ Դա անհամաչափ մեծ թիվ է՝ հաշվի առնելով մեր նախորդ մարդկային կորուստները: Միաժամանակ դա ցույց է տալիս նաև մեր նշանակալից ավանդը մարդկության դեմ այդ չարիքի վերացման գործում:

Մենք սպասում ենք, որ միջազգային հանրությունը ըստ արժանվույն գնահատի դա: Մենք ակնկալում ենք հատկապես Իսրայելի պետության կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճիշտ գնահատականը: Երուսաղեմում ես իմ հրեա գործընկերներին ասացի, որ Իսրայելը պետք է առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի քաղաքական նպատակահարմարություններով։

Մեզ՝ հայերիս և հրեաների վրա պատմական առաքելություն և պատասխանատվություն է դրված. հավերժացնել մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործությունների՝ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակը և մարդկության մեջ մշտապես վառ պահել հիշողությունն այդ մասին՝ որպես դաս, որպես հիշեցում, որպես կանխարգելում։

Մեր հիշողությունից չպետք է անհետանա ոչ Աուշվից-Բիրկենաուի ողբերգությունը, ոչ էլ այն ազատագրողների հերոսությունը։

Ողջունում եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այս նախաձեռնությունը և հաջողություն մաղթում հավաքին:
 

← Վերադառնալ