Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ
Թանկագի՛ն հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր Հայաստանի Անկախության օրն է:
Այն առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր հնարավորությունները, մեր ներուժը:
Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ:
Ինչ որ կարողանալու ենք ձեռք բերել, լինելու է կրկին մեր շնորհիվ՝ մեր համախմբվածության, մեր միասնական ջանքի, գործի վերածված մեր մտքի, միմյանց հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության:
Լավագույն ճանապարհն ամենօրյա աշխատանքն է, ամենօրյա արարումը, հոգատարությունը երկրի, պետության հանդեպ, հայրենապաշտությունը և հայրենաճանաչությունը:
Հայրենիքը կմնա ընդամենն աշխարհագրական քարտեզ, եթե այն չապրեցնենք մեր մեջ, չապրեցնենք մեզնով և չապրենք նրանով:
Հայրենիքը սիրելու և նրանով ապրելու համար պետք է այն ճանաչել: Իսկ ճանաչելու համար քարտեզի վրա նրա տեղն իմանալը բավարար չէ: Հայրենիքը տեսնել է պետք՝ Գյումրիից մինչև Գորիս, Սյունիքից մինչև Լոռի, Արցախից մինչև Տավուշ, Լորից մինչև Ահնիձոր:
Հայրենիքը տեսնելուց և զգալուց հետո ավելի հստակ է դառնում, թե ինչ է պետք անել նրա համար, ինչպես է պետք է անել և ինչու է պետք անել: Մենք պետք է ունենանք տեսլական, առաջարկենք և իրագործենք գաղափարներ ու ծրագրեր:
Հայրենիքը ճանաչելու համար պետք է հասկանալ հայրենատիրոջը, որովհետև Հայրենիքը նաև մարդիկ են, որոնք մեզ հետ, մեր կողքին ապրում և արարում են:
Ինչպես անկախության ձեռք բերման բախտորոշ օրերին և դրան հաջորդող դժվար տարիներին, այսօր էլ մեր պետության առջև կան մարտահրավերներ, որոնց հաղթահարման բանալին գտնվում է բացառապես մեր ձեռքերում։
Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «Հայրենիք ենք հիմնել, Հայրենիք ենք բարձրացնում...Հայրենիքը պահանջում է իր բոլոր որդիների, մեր ամենամյա, ամենօրյա, այսժամյա հավատավոր ջանքը»:
Չխնայե՛նք մեզ, մեր ջանքը, մեր միտքը, մեր սերը Հայրենիքի համար: Պաշտպան ու պահապան լինենք մեր պետությանը, մեր եկեղեցուն, հանդուրժող ու սրտացավ լինենք միմյանց հանդեպ:
Որպես պետություն, որպես ժողովուրդ մենք կամուրջ ենք քաղաքակրթությունների միջև: Աշխարհի տարբեր վայրերում խեղաթյուրվում են արժեհամակարգերը, քաղաքակրթությունները զոհաբերվում են քաղաքականությանը, մարդկային հարաբերությունները՝ տարատեսակ շահերի, մարդիկ միմյանց հանդեպ դառնում են անտարբեր ու հաճախ՝ օտար:
Ուստի առավել քան անհրաժեշտ է հոգատար լինել մեր արժեհամակարգի, մեկմեկու նկատմամբ: Մենք կարող ենք որպես մարդ լինել միմյանցից տարբեր, բայց հանուն մեր ընդհանուր նպատակների, հանուն մեր անկախության, հանուն մեր ապագայի պարտավոր ենք լինել համախմբված ու միասին:
Հավերժ փառք անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հերոսներին:
Աստված զորավիգ անկախության և անվտանգության երաշխավոր մեր բանակին։
Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
Աստված պահապան բոլորիս: