Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսությանը
Վեհափառ Տեր,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Սիրելի Արմեն Սարգսյան,
Սիրելի Արամ Սարգսյան, գիտեմ, որ Արամն այսօր Արցախում է և այնտեղի հերոսական ժողովրդի հետ միասին տոնում է Վազգեն Սարգսյանի հոբելյանը,
Պարոնայք գեներալներ և սպաներ,
Հարգելի երկրապահներ,
Վազգեն Սարգսյանի հարազատներ, ընկերներ, զինակիցներ,
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր միասին նշում ենք Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը:
Անգնահատելի են սպարապետ Վազգեն Սարգսյանի ծառայությունները հայոց բանակի կազմավորման և կայացման գործընթացներում:
Նա հսկայական և առանձնահատուկ ներդրում ունի մեր հաղթանակների մեջ, Հայաստանի ու Արցախի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում։
Անհերքելի է պետական ականավոր գործիչ, պաշտպանության նախարար, պետնախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանի մեծ դերակատարությունը պետականության հզորացման, երկրի զարգացման ասպարեզում։
Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող շատ հուշարձաններ կան: Սակայն իր լավագույն հուշարձանը կերտել է հենց ինքը՝ Վազգենը: Դա մեր հաղթական զինուժն է:
Փա՜ռք ու պատիվ հայոց հաղթական բանակին:
Եվ այսօր մեր սրբազան պարտքն է պաշտպանել խաղաղությունը, ավելի հզորացնել մեր զինված ուժերը, հոգալ բանակի, զինվորի ու սպայի, Արցախյան ազատամարտի մասնակիցների, հայրենիքի պաշտպանների և նրանց ընտանիքների կարիքները:
Վազգենն ապրեց և գործեց հանուն հայրենիքի, որպես նվիրյալ մարդ, իր ժողովրդի արժանապատիվ զավակ, զինվոր, մտավորական, գրող,հրապարակախոս, պետական այր:
Որպես մարդ և գործիչ, Վազգենն, իրոք, ինքնատիպ էր ու յուրօրինակ՝ իր մտածելակերպով, գործելաոճով, իր բնավորությամբ ու զգացմունքներով: Նա մարմնացումն էր զորեղ, վճռական ու կամային անհատի:
Հայրենիքը չափազանց խորն ու պինդ էր նստած Վազգենի մեջ: Ամեն ինչ համադրվում էր հայրենիքի շահի հետ՝ անձնական կյանքից մինչև պետական ամենաբարդ գործողություն:
Վազգենը հայրենասիրություն չէր քարոզում:Նա հայրենասիրության օրինակ էր իր գործով և կյանքով:
Պատահական չէ, որ նա իր շուրջն էր հավաքել իր նման հայրենասերների՝ ի դեմս իր մարտական ընկերների:
Վազգենը նաև բաց գիրք էր, որի էջերը որքան պարզ, նույնքան էլ բարդ էին, որի տողատակերում ավելի շատ բան կար, քան՝ երևացող տողերում:
Այո,Վազգենը բաց գիրք էր. նրա յուրաքանչյուր խոսքի ու գործի մեջ որքան պրագմատիզմ կար, նույնքան էլ՝ կիրք ու ռոմանտիզմ, որքան հաստատակամություն ու երբեմն կոշտություն կար, նույնքան էլ՝ սեր, հոգատարություն և զգայականություն:
Այո, Վազգենը բաց գիրք էր, որովհետև նա Վազգենն էր՝ իր ողջ մարդկային էությամբ, ճանաչելի ու անճանաչելի, հասկանալի ու մեկ-մեկ էլ՝ անհասկանալի, կանխատեսելի ու մեկ-մեկ՝ անկանխատեսելի:
Նա գիտեր իր խաչի ծանրությունը և գիտակցաբար էր տանում այն: Որովհետև դա նաև հայրենիքի խաչն էր:
Նա գիտեր իր խաչի զորությունը: Եվ այդ զորությունը միշտ ծառայեցրեց իր երկրին ու ժողովրդին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Վազգենի մարտակա՛ն ընկերներ,
Դուք բոլորդ, մենք բոլորս այս երկրի անբաժան մասն ենք՝ որտեղ էլ ապրենք ու գտնվենք, մեր ձեռքին լինի զենք, թե մուրճ, բահ, թե գրիչ: Սա բոլորիս երկիրն է՝ իր հին ու նոր սահմանագծով, անցյալի հիշողությամբ, ներկայի ուղեկցությամբ և ապագայի առաջնորդությամբ։
Սա նաև Վազգեն Սարգսյանի երկիրն է, որի մասին նա ասել էր. «Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում` մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում` քրտինքով»:
Իրոք, մեր սահմանները գծվել են արյամբ: Եվ հիմա մեր խնդիրն է քրտինքով ու աշխատանքով ամրացնել ու պաշտպանել այդ սահմանները:
Ձեզնից շատերի նման, ես Վազգենի հետ ոչ միայն ընկեր ու գործընկեր, այլև, ինչ-որ տեղ, զինակից ու համախոհ ենք եղել:
Երկուսս էլ վստահ էինք, որ 21-րդ դարը մերն է լինելու:
Ես այսօր ուզում եմ վստահեցնել, վստահեցնել նաև Վազգենի փոխարեն՝ այո, 21-րդ դարն իսկապես մերն է լինելու:
Ջերմությամբ, հաճախ նաև՝ կարոտով եմ հիշում հանդիպումներն ու զրույցները Վազգենի հետ: Եւ ամեն անգամ իմ դեմ հառնում են նրա հզոր ու լուսավոր կերպարը, շռայլ հոգին, համարձակ, հաճախ հանդուգն բնավորությունը, չարաճճի աչքերը, մաքուր ժպիտը, և, իհարկե, ուրախ, անկրկնելի, զրնգուն ծիծաղը...
Սիրելի Վազգեն,
Այսօր դու կլինեիր 60 տարեկան, բայց դու դեռ 40 տարեկան ես:
Վստահ եմ՝ գիտես, որ որպես երկիր ու ժողովուրդ, մենք հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում ժամանակի միջով: Եվ այդ ժամանակի մեջ ամուր դաջված է քո մնայուն հետքը, քո անունը:
Վստահ եմ՝ գիտես, որ հաջողությունը չի կարող երես թեքել մեզնից, եթե մենք զգանք ժամանակի զարկերակը, միշտ մտածենք ու գործենք՝ երբեք չմոռանալով, որ ոչ ոք չի կարող մեզանից ավելի շատ ու ավելի անկեղծ սիրել մեր երկիրը:
Սիրել այնպես, ինչպես որ դու էիր սիրում, Վազգեն Սարգսյան...
Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ Վազգեն:
Կանցնեն ժամանակներ, և սերունդներն առավել խորը, ավելի լիարժեք կգնահատեն քո ծանրակշիռ դերն ու տեղը բանակաշինության ու պետականաշինության մեջ, ժամանակակից հայոց պատմության մեջ։
Սակայն այսօր, քո ծննդյան օրն ուզում եմ շնորհակալություն հայտնել քո ծնողներին՝ Գրետա մայրիկին ու Զավեն հայրիկին, և գլուխ խոնարհել նրանց առաջ:
Թող լույս իջնի մայրիկիդ շիրիմին, սիրելի Վազգեն։
Երախտագիտությամբ խոնարհվում եմ Արցախյան ազատամարտի և մեր բոլոր հաղթանակները կերտած հերոսների հիշատակի առաջ:
Նրա՛նց, որ իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքին՝ ազատագրական պայքարի առաջին օրերից մինչև ապրիլյան պատերազմ ու մինչև այսօր:
Խոնարհվում եմ ազատամարտի բոլոր մասնակիցների, քո մարտական ընկերների, երեկվա ու այսօրվա մեր բոլոր զինվորների առաջ:
Գլուխ եմ խոնարհում մեր ողջ ժողովրդի առաջ:
Հավերժ հիշատակ ու փառք Վազգեն Սարգսյանին։
Փա՜ռք հայ ժողովրդին, որը ծնել է սպարապետ Վազգեն Սարգսյանին։
Կեցցե՜ Արցախի Հանրապետությունը:
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ մեր ողջ հայ ժողովուրդը։
Ծնունդդ շնորհավոր, Վազգեն Սարգսյան։