Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Սահմանադրության օրն է: Միեւնույն ժամանակ, այսօր մենք նշում ենք նաեւ պետական խորհրդանիշների օրը, ինչը կրկնակի տոնական ու կարեւոր է դարձնում այսօրվա խորհուրդը: Պետական խորհրդանիշները բացարձակ արժեքներ են, որոնց նշանակության գիտակցումը եւ պատշաճ արժեւորումը կարեւոր նշանակություն ունեն երկրի այսօրվա եւ վաղվա օրվա համար:
Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշ: Սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ եւ, միաժամանակ, օրենքով պաշտպանված քաղաքացին է:
Սահմանադրությունն այն հիմնարար փաստաթուղթն է, որը որպես մեր անկախության եւ հետագա զարգացման երաշխիք, ամրագրում է իրավունքի գերակայության, օրինականության, արդարության եւ ժողովրդի իշխանության վրա հիմնված արժեհամակարգը մեր երկրում:
Վերջին շրջանում պետականաշինության մեջ կատարվող քայլերը նույնպես հենվում են երկրի հիմնական օրենքի այդ տրամաբանության վրա:
Սահմանադրության հերթական տարեդարձի օրը մենք կարող ենք հպարտությամբ արձանագրել ոչ միայն ինքնիշխան, զարգացող, ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի Հանրապետության աներկբա գոյության փաստը, այլեւ միջազգային ասպարեզում նրա աճող վարկանիշի առկայությունը:
Այն շարունակաբար բարձրացնելը բոլորիս իրավունքն ու պարտականությունն է, եւ առհասարակ մեր բարոյական պարտքն է հայրենիքի հանդեպ:
Սահմանադրական արժեքները կարող են ապրող իրողություն դառնալ այն դեպքում, երբ մեզանից յուրաքանչյուրն իր ներսում այդ արժեքների կրողը լինի:
Սահմանադրությունը իրավունքի ու պարտականության օրինական սահմանն է: Այն, ըստ էության, զատում է թույլատրելին անթույլատրելիից, ուրվագծում այն իրավական դաշտը, որին ենթակա են նաեւ մեր բարոյական օրենքները:
Պետք է մտածել ու գործել ի շահ երկրի, օգտվել Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից եւ պաշտպանել Սահմանադրությունը:
Ու այդժամ, երկիրը կդառնա ավելի լավը, երկրի քաղաքացին` ավելի վստահ, երկրի իշխանությունը` ավելի պատասխանատու եւ ավելի վստահելի:
Սահմանադրությունը եւ ժողովրդի կամքը փոխկապակցված են իրար: Այսօր ժողովուրդն է իր կյանքի, պետության զարգացման օրակարգի լիարժեք ձևավորողը:
Այդ օրակարգը պետք է զերծ լինի զգացմունքի գերակայությունից եւ կյանքի կոչվի Սահմանադրության նկատմամբ հարգանքի հենքի վրա` որպես ազատ, ժողովրդավարական եւ ուժեղ Հայաստանի գրավական:
Միասին պետք է շարունակենք կառուցել քաղաքականապես ու տնտեսապես ներդաշնակ, քաղաքացու եւ իշխանության փոխադարձ հարգանքի վրա զարգացող Հայաստանը:
Իրավունքի, օրենքի ու արժանապատվության երաշխավորմամբ ապրելը պետք է լինի ոչ թե երազանք, այլ՝ իրականություն: Որովհետեւ Սահմանադրությամբ եւ օրենքներով ապրելը ոչ թե սոսկ անհրաժեշտություն եւ պարտականություն է, այլ` ազատ մարդկանց առավելությունը, ովքեր գիտեն իրենց եւ այլոց իրավունքների արժեքը:
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն եւ բարեկեցություն: