23
04, 2018

Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

Հարգելի քաղաքացիներ,
Սիրելի հայրենակիցներ,
Պահը պատասխանատու է։

Ինչպես գիտեք, մի քանի ժամ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը հրաժարական տվեց։

Սրանից մի քանի շաբաթ առաջ սկսվեց քաղաքացիական շարժում։ Այդ շարժումը շատ արագ վերածվեց քաղաքական շարժման, եւ գոհունակությամբ ուզում եմ նշել, որ շարժման առաջնորդները եւ շարժման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը որդեգրեցին եւ առաջնորդվեցին շատ կարեւոր սկզբունքով՝ ցույցերը եւ միտինգները վարել խաղաղ ճանապարհով։

Սա ոչ միայն խելացի մարտավարություն է, այլ սկզբունքային հարց է, որովհետեւ մեր ազգը, մեր ժողովրդի համար, ինչքան էլ որ խորը լինեն դժվարությունները, խնդիրները, միեւնույն է՝ առճակատումը եւ հակազդեցությունն այս կամ այն կողմից անթույլատրելի է։

Իհարկե, բոլորս էլ գիտենք, եւ սրա մասին բազմիցս խոսել ենք, որ երկրում կան բազմաթիվ խնդիրներ։ Խնդիրներ, որոնք սոցիալական են, խնդիրներ, որոնք կապված են անհանդուրժողականության հետ, նաեւ կոռուպցիայի երեւույթների հետ։ Եւ տարիների ընթացքում մեր ժողովրդի ներսում կուտակվել է չբավարարվածության զգացում։ Տարիների ընթացքում ժողովրդի եւ, մասնավորապես, երիտասարդների շրջանում առաջացել է ապագայի, հույսի ու հավատի նկատմամբ հստակ պատկերացման բացակայություն։ Թվում է, այս գործոնները նյութական չեն, ուղղակիորեն կապված չեն տնտեսական աճի եւ ցուցանիշների հետ, սակայն մեզանից յուրաքանչյուրն իր անձնական կյանքում օրեցօր զգացել է այդ ճնշումը։

Եւ կուտակված դժգոհությունը, ապագայի նկատմամբ վստահության բացակայությունը հանգեցրեցին ժողովրդական շարժման։

Ինչպես գիտեք, ես առավոտյան հրավիրեցի Հանրապետության քաղաքական ղեկավարությանը, Արցախի նախագահին եւ Վեհափառին, որտեղ քննարկվեցին այս պահի քաղաքական իրավիճակը՝ նայելով վաղվա օրվան։ Վաղը՝ ապրիլի 24-ը, մեր ազգային սգո, մեր ազգային միասնության եւ պայքարի օրն է։ Եւ իհարկե, անթույլատրելի կլիներ, եթե վաղը մեր միասնության, ազգային ողբերգության օրը գոնե մեկ կաթիլ հայկական արյուն թափվեր։ Եւ այս էր մեր այսօրվա հանդիպման նպատակը եւ նյութը։

Հանդիպման արդյունքում ձեւավորվեց կոչ Հայաստանի, Արցախի քաղաքացիներին եւ մեր ողջ սփյուռքին, որի հիմնական դրույթնները գիտեք:

Իրադարձությունները, որոնք տեղի ունեցան, մեկ անգամ եւս հաստատեցին, որ մեր պետությունը, հայ ժողովուրդը չի սահմանափակվում միայն մեկ հանրապետության տարածքում։ Հայաստանի քաղաքացիներին անհանգստացնող եւ քաղաքացիական ակտիվության դրդող խնդիրները ոչ միայն հանրապետության քաղաքացիներինն են, այլեւ Արցախի մեր հայրենակիցներինը եւ, իհարկե, սփյուռքահայերինը, մենք փոքր պետություն եւ համաշխարհային ազգ ենք։ Եւ ինչպես տեսանք,. ոչ միայն Երեւանում, Հանրապետությունում, այլեւ Արցախում եւ ամբողջ սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցները ամեն պահ, ամեն րոպե ապրում են Հայաստանի խնդիրներով, ցավերով, եւ դրանց լուծման ճանապարհը գտնելու հարցերով։

Կրկին ուզում եմ վերադառնալ առավոտվա հանդիպմանը։ Հանդիպումից հետո անմիջապես փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այցելեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, զրույց ունեցավ, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը եւ իր պատգամավոր գործընկերներն ազատ արձակվեցին։ Եւ մի քանի ժամ անց վարչապետը հրաժարական տվեց։

Ուզում եմ իմ գնահատականը տալ վարչապետ Սերժ Սարգսյանը իմաստուն որոշմանը, քանի որ այդ որոշմամբ, նա ոչ միայն բացառեց որեւէ ընդհարում, անկարգապահության կամ առճակատման երեւույթներ, որոնք կարող էին անկանխատեսելի հետեւանքի հասցնել, այլեւ երկխոսության դուռ բացեց հասարակության, տարբեր քաղաքական ուժերի միջեւ։ Դուռ բացեց, որպեսզի այս ճգնաժամը դրական ելք ունենա, կուտակված էներգիան, եռանդը, որը ի հայտ եկավ բողոքի ցույցերի ձեւով, վաղը, վաղը չէ մյուս օրը վերածվի կենսական շինարար, ստեղծագործ աշխատանքի։

Մեր ժողովուրդը հսկայական հնարավորություններ ունի, խնդիրն այն է՝ կկարողանա՞նք բոլորս միասին նախագահից մինչեւ պարզ շինարար այդ եռանդը եւ հնարավորությունը կյանքի կոչել։

Բազմիցս ասել եմ, որ շատ գործընկերներ, մտավորականներ, գործարարներ այստեղ, թե սփյուռքում նշել են այն հսկայական ներուժը, որ մեր ժողովուրդն ունի։ Ժամանակն է, որ այդ ներուժը կյանքի կոչվի։

Մենք ի վիճակի ենք օրինակ լինել բազմաթիվ ժողովուրդների, ազգերի ու պետությունների համար, որովհետեւ մեր ներքին, ընտանեկան խնդիրները կարող ենք լուծել պարզ երկխոսությամբ, իրար հարգելով։ Սա իրոք պատմական պահ է։ Որպեսզի կարողանանք գնահատել ոչ միայն մեր անցած հաղթանակները, հաջողությունները, այլ նաեւ ուշադիր հետեւենք անցած 26 տարիների ամբողջ ընթացքին եւ կարողանանք գնահատել, թե որտեղ եւ ինչպես սխալներ գործեցինք։ Եւ իհարկե, այս պահին քաղաքական բոլոր ուժերի իմաստնության, պատրաստակամության եւ հայրենասիրության հիման վրա ստեղծենք նոր Հայաստան, ստեղծենք նոր տեսլական, ներգրավենք ողջ հայ ժողովրդին Հայրենիքի կառուցման, Հայրենիքի հաջողության եւ ապագա հաղթանակների գործում, որպեսզի որեւէ հայ այս գործընթացից դուրս չմնա, եւ յուրաքանչյուրը մեզնից իր մասը բերի, մաս կազմի եւ զգա, որ ինքն էլ է պատասխանտու է, ինքը մեր մեծ ժողովրդի քաղաքացի է, եւ իր ներդրումը բերի ապագա հաջողություններին։

Հարգելի հայրենակիցներ,

Վաղը բոլորս միասին Երեւանում, Գյումրիում, Արցախում, Լոս Անջելեսում, Մոսկվայում եւ Փարիզում միասնաբար դուրս գանք այն հավատով, որ չկա խնդիր, որ մենք միասին չենք կարող լուծել, չկա իրավիճակ, որից մենք միասին չենք կարող դուրս գալ եւ վստահ ենք մեր ապագային ու հաջողություններին։ Այսօր մեր բոլորի ձեռքերում է հնարավորությունը, թե ինչպիսի Հայաստան ենք կառուցելու վաղը։

Կառուցելո՞ւ ենք արդյոք Հայաստան, որտեղ սահմանին կանգնած զինվորը իրեն վստահ է զգալու, որ իր տանը, գյուղում,քաղաքում, հայրենիքում, ամեն ինչ կարգին է, եւ երկիրը առաջ է գնում:

Կկարողանա՞նք արդյոք կառուցել Հայաստան, որտեղ յուրաքանչյուր մարդ կունենա աշխատանք եւ այդ աշխատանքով կկարողանա արժանապատիվ կերպով հոգալ ընտանիքի կարիքները:

Կկարողանա՞նք արդյոք կառուցել Հայաստան, որտեղ ուսանողը լինի նախեւառաջ քաղաքացի, բայց միաժամանակ, որ շատ կարեւոր է, լինի լավ ուսանող, գիտելիքի ծարավ եւ վստահ, որ իր ապագա կապված է լինելու իր Հայրենիքի՝ Հայաստանի հետ։

Կկարողանա՞նք արդյոք կառուցել Հայաստան, որտեղ ոչ միայն արտագաղթը բացառվի, այլ, ընդհակառակը, մեր հայրենակիցները գիտակցելով, որ Հայաստանը ճիշտ ուղի է բռնել, սկսեն վերադառնալ իրենց հայրական տուն։

Կարծում եմ, սա է մեր բոլորի երազանքը, եւ կարծում եմ միասին մենք ի վիճակի ենք այդ երազանքը իրականություն դարձնել։

Շնորհակալություն:
 

← Վերադառնալ