Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք։ Թող գարնանային այս պայծառ տոնը ձեր հաջողությունների համար նոր սկիզբ դառնա։
Մեր ժողովրդի ընկալումներում մայրությունը միշտ սրբազան է եղել, և հավատարմությունն այդ ավանդույթներին շարունակվում է առ այսօր։ Համոզված եմ՝ այդպես է լինելու նաև ապագայում։
Դեռևս Ավարայրից սկսած՝ հայորդիները մարտի են գնացել պաշտպանելու մեր մեծագույն արժեքները` ընտանիքը, հայրենիքը, հավատը։ Հարյուրամյակներ շարունակ մեր մարտակոչերում հնչել է նույն բանաձևը` պաշտպանել մայրերին, քույրերին, հարսներին, նշանակում է պաշտպանել հայրենիք և հավատ։
Ի նշան հարգանքի և ակնածանքի՝ այսօր գլուխ ենք խոնարհում մեր զինվորների մայրերի առջև, ովքեր ծնում և դաստիարակում են կորյուններ: Նաև երախտագիտություն ենք հայտնում մեր մայրերին, քույրերին ու կանանց այն մեծ դերակատարության համար, որ նրանք ունեն մեր երկրի առաջընթացի և շենացման գործում:
Սիրելի՛ կանայք, կրկին շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, հպարտություն ներշնչող զավակներ, երջանկություն և խաղաղ երկինք։