16
01, 2018

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման արարողության ժամանակ

Հարգարժա՛ն մաեստրո Չեքիջյան,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այսօր մենք մեծարում ենք Հովհաննես Չեքիջյանին, ով արժանացավ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչման և ում այսօր պատիվ ունեմ հանձնելու Հայրենիքի շքանշանը: Սա բարեբախտություն է ինձ համար և վստահ եմ՝ բոլորի համար, քանի որ մեզ վիճակվել է լինել Հովհաննես Չեքիջյանի ժամանակակիցը:
Մաեստրո Տիգրան Մանսուրյանն արդեն խոսեց մեր հերոսի անցած ճանապարհի մասին, մեզ դրվագներ պատմեց: Իհարկե, մաեստրո Չեքիջյանի մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ դժվար:

Հեշտ է, քանի որ նա ապրել է բացառիկ հարուստ և արգասաբեր ստեղծագործական կյանք, անցել է մի ուղի, որ արժանի է հիացմունքի և երախտագիտու-թյան: Հեշտ է նրան ներկայացնելը, քանի որ նա ինքն իրեն վաղուց ներկայացրել է թե՛ մեզ, և թե՛ ողջ աշխարհին:

Այդուհանդերձ, դժվար է ներկայացնել մաեստրո Հովհաննես Չեքիջյանին, քանի որ գրեթե անհնար է բացատրել այն հսկայական էներգիան, որ առկա է այս ազնիվ մտավորականի մեջ: Այդ էներգիան, որ շռայլորեն և անսպառ կերպով բաշխում է իր շրջապատին, բխում է նրանից արդեն տասնամյակներ շարունակ: Այդ էներգիան բխում է՝ իր շուրջը տարածելով բարին ու գեղեցիկը, մարդկայինն ու հավերժականը, այն լավագույնը, որ ազգային է և միաժամանակ համամարդկային:

Սիրելի՛ բարեկամներ,

Հայաստանի ժողովրդի մի զգալի մասը հայրենադարձներ են կամ նրանց սերունդներ: Սա շատ ընդգրկուն թեմա է, և հիմա, թերևս, դրա շուրջ չեմ ծավալվի: Միայն նշեմ, որ հայրենադարձները շատ բան են բերել Հայաստան` սկսած մեր առօրյայից ու կենցաղից:

Նրանց շարքում եղել են բացառիկ մտավորականներ, որոնք իրենք իրենցով մարմնավորել են մի ողջ դարաշրջան հայ իրականության մեջ: Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Թամանյանի, Գոհար Գասպարյանի, Հակոբ Հակոբյանի և նրանց նման շատերի վերադարձն օրինակ է, թե ինչպե՛ս պետք է վերադառնալ հայրենիք՝ պատրաստված, հավակնոտ ծրագրերով, Հայաստանի վաղվա օրվա հանդեպ մեծ հավատով և, ամենակարևորը` ընդմիշտ: Հովհաննես Չեքիջյանի պարագան այդ բացառիկ օրինակներից է:

Ցանկացած մեծ արվեստագետի ուղին հարթ ու հանգիստ չէ և չի էլ կարող այդպիսին լինել: Մենք գիտենք, որ նույնիսկ փոքր հաջողության թիկունքում տարիների քրտնաջան աշխատանք է թաքնված, ստեղծագործական տառապալից, բայց և բարեբեր ուղի: Առավել ևս դա վերաբերում է մեծ հաջողություններ արձանագրած անհատներին:

Հայ երգչախմբային արվեստի շռնդալից հաղթանակները աշխարհի ամենահեղինակավոր բեմերում խոսում են Հովհաննես Չեքիջյան արվեստագետի բացառիկ խստապահանջության և բարձր չափանիշների մասին: Խոսում են նրա կատարած տիտանական աշխատանքի մասին: Մաեստրո՛, մենք խոնարհվում ենք Ձեր մեծ վաստակի և ստեղծագործական սխրանքի առջև:

Սիրելի՛ պարոն Չեքիջյան,

Դուք Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ղեկավարում եք 1961 թվականից: Այսօրվա Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասն այն ժամանակ դեռ չէր էլ ծնվել: Սակայն ի պատիվ Ձեզ և շնորհիվ Ձեր կատարած հսկայական աշխատանքի՝ Ձեզ գիտեն բոլորը: Եվ թող բոլորն իմանան, որ մենք հենց այսպիսի հերոսներով ենք ներկայանում աշխարհին:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հայրենիքի բարձրագույն կոչմանն արժանանալու կապակցությամբ: Մեր ողջ ժողովրդի անունից մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործում: Մաղթում եմ, որ Ձեր կյանքի տասներորդ տասնամյակը լինի ոչ պակաս հագեցած ու արդյունավետ, քան նախորդներն են եղել:

Մենք տեսնում ենք Ձեր մեջ այդ ուժը, այդ էներգիան և, որ շատ կարևոր է, սիրահարվածությունը կյանքին: Սա կարևոր հանգամանք է: Ապրե՛ք և արարե՛ք ի փառս հայ արվեստի:

Կեցցե՜ Հայաստանը, կեցցե՜ն Հայաստանի Հանրապետության հերոսները: 

← Վերադառնալ