Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից տրված պաշտոնական ընդունելությանը
Հարգելի՛ պարոն Նախագահ,
Հարգարժա՛ն տիկին Չիչուա,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում պարոն նախագահին հայկական պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ, իսկապես եղբայրական ընդունելության համար: Այս այցը, աներկբայորեն, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև արդյունավետ զարգացող համագործակցության հերթական ապացույցն է: Այսօր տեղի ունեցած բանակցությունները մեկ անգամ ևս վկայեցին երկկողմ հարաբերություններին ավելին տալու, դրանց որակական նոր բովադակություն հաղորդելու մեր ձգտումը:
Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների պատմությունն ի սկզբանե խարսխվել է մեր ժողովուրդների անկեղծ համակրանքի, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Դարեր ի վեր մեր մշակութային ռահվիրաները՝ գրողներն ու լուսավորիչները, նկարիչները, դրամատուրգները, դերասաններն ու երաժիշտները իրենց խոսքն ու գործը ծառայեցրել են հայ և վրացի ժողովուրդների մերձեցմանը:
Այս պահին տեղին է հիշել մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետևյալ տողերը. «Մի մեծագույն իմաստություն կա՝ ժողովուրդների լավ հարաբերությունները, որ գալիս են դարերի խորքից»: Իսկապես, հենց այսպիսին՝ պատմության էջերից սերող է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը: Այն ծնվել է հեռավոր անցյալում, արմատավորվել ու կաթիլ-կաթիլ ամրացել դարերի ընթացքում։
Մենք յուրահատուկ ջերմությամբ ենք վերաբերում Վրաստանին ու վրացականին: Այսօր մեր կենցաղի մաս են կազմում թե՛ վրացական կինոն, երգն ու պարը և թե՛ վրացական հացը, գինին և խոհանոցը։
Եվ կարևոր է, որ այսօր Վրաստանի հետ մեր հարաբերությունները կառուցում ենք ժամանակի ոգուն ու մեր հարուստ ժառանգությանը համահունչ, ինչը մեր միջպետական բարձր մակարդակի հարաբերությունների անսասան հիմքն է, և ինչը մենք իրավացիորեն կոչում ենք՝ եղբայրական:
Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի այս հոբելյանական տարում մենք հպարտանալու բան ունեք։ Կարող ենք գոհունակությամբ փաստել, որ մեր համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Ուրախ եմ, որ մեր երկրների միջև ավանդական բազմաշերտ կապերը տարեցտարի նոր բովանդակությամբ են հարստացվում: Խոսքս առաջին հերթին այնպիսի կարևոր ոլորտներում համատեղ ձեռքբերումների մասին է, ինչպիսիք են տրանսպորտային, էներգետիկ, գյուղատնտեսական և զբոսաշրջության ոլորտները: Հետևողականորեն ընդլայնվում և բազմազան է դառնում մեր առևտրաշրջանառության կառուցվածքը, ակտիվանում է համագործակցությունը գիտության, մշակույթի և կրթության ոլորտներում:
Խորհրդանշական է, որ մեր երկխոսությունը մշտապես ընթանում է լիակատար փոխըմբռնման և փոխվստահության մթնոլորտում: Հավատացած եղեք, որ մենք հետևողական ենք մեր փոխադարձ ջանքերի առարկայացման հարցում, ինչի արդյունքները անկեղծորեն գոհացնում են հայ ժողովրդին։
Իհարկե, հայ-վրացական բարեկամության թելերից մեկն էլ մեծաքանակ հայ համայնքն է, որը լինելով վրաց հասարակության ներդաշնակ մի մասը՝ ձեր ժողովրդի հետ միասին կերտում է Վրաստանի ապագան: Մի առիթով վրաց ժողովրդի արժանավոր զավակներից մեկը, հռչակավոր գրող Նոդար Դումբաձեն ասել է. «Հայերը և վրացիները հնագույն մշակույթի ժողովուրդներ են: Մենք միասին ենք քայլել պատմության քառուղիներով: Մենք հարևաններ ենք ֆիզիկապես, մինչդեռ ոգով, պաթոսով, արարմամբ նույն էությունն ենք: Մեր հարազատությունը մեզ ճակատագրով է տրված»։
Պատմությունն ինքն է վկայում, որ մեր պետությունների ամենակարևոր շաղկապը հենց մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն է, հոգևոր ու մշակութային մտերմությունը: Մեզ միավորող արժեքներ, որ երկար, շատ երկար փորձաշրջան են անցել։ Եվ հենց սա է մեր փոխգործակցության ելակետը:
Հարգելի՛ բարեկամներ,
Թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ Վրաստանի Նախագահի և տիկին Չիչուայի, Վրաստանի բարօրության ու առաջընթացի, և իհարկե ի պատիվ մեր երկկողմ բարեկամության ապագայի: