15
11, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման արարողության ժամանակ

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Հարգելի՛ բարեկամներ,

Մեծագույն հաճույք է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ միասին մասնակցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման արարողությանը համաշխարհային ճանաչում ունեցող խոշորագույն թանգարաններից մեկում՝ Տրետյակովյան պատկերասրահում:

Այսօրվա միջոցառումը համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին: Սրանք նշանակալի տարեթվեր են, որոնք վկայում են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների որակական նոր մակարդակի մասին` կառուցված բարեկամության բազմադարյա կապերի վրա, որոնցով միահյուսված են մեր եղբայրական ժողովուրդների ճակատագրերը: Մենք մշտապես միասին ենք եղել ՝ և՛ խաղաղ ժամանակ, և՛ ծանր փորձությունների տարիներին: Մեր հայրերն ու պապերը մեկ անգամ չէ, որ միասին ուս ուսի տված մարտնչել են ռազմաճակատներում: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել և երախտագիտությամբ նշել Խորհրդային Միության կրկնակի հերոս Մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի կիսանդրու բացումը Մոսկվայում Մեծ Հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում:

Ժամանակի ընթացքում մեր երկրների ու ժողովուրդների կյանքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, սակայն անփոփոխ են մնացել Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների փոխադարձ ջերմությունն ու անկեղծությունը՝ փոխկապակցված պարզ մարդկային ճակատագրերով:

Վերջին քառորդ դարի ընթացքում տպավորիչ առաջընթաց է արձանագրվել նաև հումանիտար կապերի զարգացման գործում: Ավանդական արժեքներին ու ազգային ինքնատիպությանը հավատարիմ մեր ժողովուրդները մշտապես եղել են բաց և խորապես հետաքրքրված մշակույթների փոխներթափանցմամբ: Մեզ շատ բան է մտերմացնում: Դա և՛ սրտաբացությունն է, և՛ բարյացակամությունը, և՛ մարդամոտությունը, և՛ զգացմունքայնությունը, և՛ իհարկե, ամեն նորի հանդեպ ընկալունակությունը: Ռուսաստանն իրավացիորեն համարում են համաշխարհային մշակույթի կենտրոններից մեկը: Պատահական չէ, որ Հայաստանի մշակույթի գործիչների զգալի մասը՝ մեր գրողները, երաժիշտները, ճարտարապետներն ու նկարիչները, դարձել են ոչ միայն ռուսական արվեստի դպրոցի շրջանավարտներ, այլև նրա փառահեղ ավանդույթների շարունակողներ, ովքեր բազմապատկում են ընդհանուր հոգևոր-մշակութային ժառանգությունը:

Այսօր Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի մշակույթը, անհնար է պատկերացնել առանց այնպիսի մեծությունների, որոնցից են՝ Հովհաննես Այվազովսկին, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Միքայել Թարիվերդիևը և շատ այլ ականավոր գործիչներ, ովքեր դարձել են հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշեր:

Պատահական չէ, որ Հայաստանի մշակույթի օրերը մենք բացում ենք 20-րդ դարի մեծ գեղանկարիչներից, համարձակ նորարար Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսով, ով վարպետորեն միավորել է Արևելքի գեղարվեստական ավանդույթները 20-րդ դարի ռուսական և եվրոպական մշակույթի նոր միտումների հետ:Իսկ տառացիորեն այսօր Մոսկվայում բացվել է մեծ վարպետին նվիրված հուշատախտակ այն տան պատին, որտեղ նա ժամանակին ապրել է: Դեռ կես դար առաջ Սարյանն ասել է. «Արվեստը կարող է մարդկայնացնել, մոտեցնել մարդկանց գիտության և տեխնիկայի բոլոր զարմանալի հայտնագործություններին»: Այսպիսին էր սարյանական աշխարհընկալումն ու մշակույթի ընկալումը, որը հավերժացած է նրա արվեստում համամարդկային և վերժամանակային արժեքներով:
Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մենք կունենանք նոր սարյաններ ու այվազովսկիներ, խաչատրյաններ ու թարիվերդիևներ, իսկ մշակույթի ոլորտում մեր համագործակցությունը կհարստանա տպավորիչ և հետաքրքիր նախագծերով:

Հարգելի՛ բարեկամներ,

Հատկանշական է, որ «Հայաստանի մշակույթի օրերն» անցկացվում են ոչ միայն Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, այլև Ռուսաստանի տարածաշրջաններում: Սա հրաշալի հնարավորություն է առավել մոտիկից ծանոթանալու միմյանց հետ, բացահայտելու մեր երկրի պատմության, մեր ժողովրդի մշակույթի անհայտ էջերը: Համոզված եմ, որ մշակութային այս մեծ նախագիծը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և դրանց հետագա փոխհարստացման համար:

Ռուսական մշակույթի բացառիկ գրական և երաժշտական ժառանգությունը, Ռուսաստանի ճարտարապետական հուշարձանները, Ռուսաստանի ժողովրդի ավանդույթները միշտ մեծ հետաքրքրություն են առաջացրել մեր երկրում: Կարծում եմ՝ դա փոխադարձ է, և «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում կազմակերպված միջոցառումները հավասարապես հետաքրքրական կլինեն ինչպես մշակույթի և արվեստի գործիչների, այնպես էլ լայն հասարակայնության, մասնավորապես, երիտասարդ սերնդի համար:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ անկեղծ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին իր մասշտաբով եզակի այս իրադարձությանն աջակցելու համար: Հենց նմանատիպ նախաձեռնություններից էլ ձևավորվում է մեր բարեկամության կենդանի հենքը:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև հռչակավոր նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը Հայաստանին վերադարձնելու համար, որը Հայաստանից գողացվել էր դեռևս 1995 թվականին:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուսաստանցի բարեկամներին` այսօրվա ցուցահանդեսի անցկացմանը հիմնավորապես և, ինչը շատ կարևոր է, սրտանց մոտենալու համար, ինչպես նաև` միջոցառումների ամբողջ շարքին, որոնք կայանալու են Մշակույթի օրերի շրջանակներում:

Մաղթում եմ բոլոր ներկաներին, առաջիկա միջոցառումների բոլոր մասնակիցներին վառ, հետաքրքիր տպավորություններ: 

← Վերադառնալ