29
06, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը կառավարության նիստում

Հարգելի՛ գործընկերներ,

Առաջին հերթին, իհարկե, շնորհավորում եմ բոլորիդ ձեր պաշտոններում նշանակվելու, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հիմնականում վերանշանակվելու առթիվ: Այսպիսով, ապահովվել են գործադիրի աշխատանքի շարունակականությունը, և կան բոլոր հնարավորությունները նախկինում սկսված ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար:

Երևանի քաղաքապետի պաշտոնամուտի առթիվ իմ խոսքում ընդգծել էի, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններով մենք ավարտեցինք 2017 թվականի ընտրական շրջանը: Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Մերխնդիրն է այդ շրջափուլն անցկացնել արդյունավետ և հնարավորինս անցնցում:

Անցած ընտրություններում Հանրապետականը ստացավ անհրաժեշտ վստահության քվեն իր աշխատանքը շարունակելու համար: Մեր ստացած մանդատը բավարար էր միայն Հանրապետականի ուժերով կառավարություն ձևավորելու համար: Սակայն մենք որոշեցինք շարունակել նախկինում ստեղծված ձևաչափով համագործակցությունը: Հայ հեղափոխական դաշնակցության մեր գործընկերների հետ միասին մենք ձևավորել ենք մի կառավարություն, որը, վստահ եմ, ունակ է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները:

Այժմ մենք շարունակելու ենք միասնական և կուռ թիմով հետևողականորեն իրականացնել արդեն նախանշված ծրագրերը: 

Թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում և օրենսդիրում, այնպես էլ՝ տեղական ինքնակառավարման մարմիններում: Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը:

Միևնույն ժամանակ ընդգծեմ, որ ես՝ որպես Հանրապետության Նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար, ինչպես նաև դուք` բոլորդ, վստահ եմ, չունենք որևէ նախապաշարում. մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ գործադիր և օրենսդիր իշխանությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և անգամ նշված կառույցներից դուրս: 

Նման համագործակցության համար մեր կողմից միակ նախապայմանն է քաղաքավարության և բարեկրթության նորմերի պահպանումը: Ընդ որում ընդգծեմ, որ քննադատությունը նշածս նորմերի խախտում չենք համարում, հատկապես, եթե այն կառուցողական է և նպատակ ունի բարելավելու իրավիճակը: 

Հարգելի՛ գործընկերներ,

Գալիք տարիների մեր անելիքների մասին արդեն բավականաչափ խոսել ենք, ուստի և կրկին մանրամասնելու կարիքը չկա: Մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանին և մեր ժողովրդին հղած ուղերձում ես մանրամասն ներկայացրել եմ երկրի զարգացման իմ տեսլականը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրները: 
Մենք միասին սահմանել ենք մի շարք կարևոր թիրախներ, որոնք արտացոլվել են կառավարության արդեն հաստատված ծրագրում: Պետք է լինենք պահանջկոտ և չբավարարվենք ձեռք բերածով: Հակառակ պարագայում հեռուն չենք գնա:

Բացի դրանից, մենք այժմ Սահմանադրության վերափոխման անցումային շրջանում ենք, իսկ դա նշանակում է, որ մինչև մյուս տարվա ապրիլի կեսը պետք է կատարենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ: Այդ աշխատանքը հաջողությամբ առաջ տանելու համար անհրաժեշտ է գործել նպատակասլաց և սերտորեն համադրել կառավարության ու Ազգային ժողովի քայլերը:

Այժմ անհրաժեշտ եմ համարում հակիրճ անդրադառնալ այն հարցին, թե ինչպես պետք է իրականացնենք կառավարության ծրագիրը:
Թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը: Այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլև Հայաստանի Սահմանադրության՝ վերափոխված պահանջներին համապատասխանելու և նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մեր ընդհանուր ջանքը: 

Ձեզնից յուրաքանչյուրն անձամբ պետք է չափանիշներ սահմանի և օրինակ ծառայի ուրիշների համար: Ձեզնից է կախված ոչ միայն ձեզ վստահված ոլորտի, այլև մեր ընդհանուր առաջընթացը: Դուք եք սահմանելու այդ առաջընթացի դինամիզմն ու տեմպը:

Այս առումով անցած տարիների փորձից կարող ենք կատարել մի շարք եզրակացություններ: Առաջինը, հաջողություն ենք արձանագրել այն բարեփոխումների պարագայում, որոնք հետևողականորեն և մանրակրկիտ բացատրել ենք հասարակությանը: Որքան էլ ցավոտ են եղել այդ ծրագրերը, հասարակությունը նման աշխատանքի շնորհիվ հստակ գիտակցել է դրա կարևորությունը և ընդունել է դրանք՝ միգուցե սկզբում դժկամությամբ, բայց այնուհանդերձ ընդունել է:

Կառավարության անդամները երբեք չպետք է զլանան իրենց անելիքը հանրությանը ներկայացնել ու բացատրել:

Այդպիսի մի կարևոր աշխատանք այս պահին ունենք իրականացնելու համայնքների խոշորացման ծրագիրն իրագործելու ուղղությամբ: Մենք պետք է հետևողականորեն բացատրենք այս բարե-փոխման անհրաժեշտությունը, մեր եղած սուղ միջոցները ճիշտ բաշխելու և արդյունավետ կառավարելու կարիքը: 

Երկրորդը, թափանցիկությունն ինքնանպատակ չէ և, անշուշտ, ինքնադրսևորման միջոց չէ: Թափանցիկության հիմնական նպատակն է կոռուպցիայի և հովանավորչության վերացումը: Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ողջ հասարակության համար: Այժմ մենք ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր և բավականին ազդեցիկ միջոցներ և այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ: 

Երրորդը, մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել մեզ համար արտաքին քաղաքական միջավայրը բարելավելու ուղղությամբ, սակայն պատրանքներ չպետք է ունենանք: Մենք պետք է աշխատենք՝ ելնելով այն կանխադրույթից, որ մեր անբարյացկամ հարևանների հետ հարաբերություններում որևէ դրական փոփոխություն այժմ տեղի չի ունենում:

Հարգելի՛ գործընկերներ,

Վերջին տարիներին հաճախ է հնչում չինացիներին վերագրվող ասացվածքը, շատերը սկսել են դա հնչեցնել, ըստ որի՝ անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ: Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն իսկապես դժվար է, սակայն նաև՝ հետաքրքիր:

Ակնկալում եմ, որ դուք շահախնդրությամբ և պատվախնդրությամբ կլուծեք այս կարևոր պահին մեր ծրագրերի իրականացմանը և մեր բոլորի առջև ծառացած խնդիրները : Մենք պետք է իրապես լծվենք այս աշխատանքներին: Հավատում եմ, որ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարող է դա ամբողջովին անել: Անհրաժեշտ են կարծրատիպերից դուրս ստեղծագործական մոտեցումներ, և մեր ժողովուրդը հենց ձեզ է վստահել դրանք գտնելու և իրագործելու պատվաբեր առաքելությունը:

Ուրեմն՝ շարունակենք եռանդով աշխատել: 

Շնորհակալ եմ և բոլորիդ հաջողություն եմ մաղթում:

← Վերադառնալ