Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյակի առթիվ
Այս տարի նշում ենք Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-րդ տարեդարձը: Ճանապարհը, որ սկսվեց Հայաստանի անկախության վերականգնմամբ, կայուն կերպով ձևավորեց և ամրապնդեց մեր տեղն ազգերի ընտանիքում: Այս տարիների ընթացքում մենք շատ ձեռքբերումներ ենք ունեցել, բայց գիտակցում ենք, որ դեռ անելիքներ կան:
Որպես ՄԱԿ-ի անդամ՝ Հայաստանը հետևողականորեն աջակցել է խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանն ուղղված միջազգային ջանքերին:
Համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու նպատակով Հայաստանն ակտիվորեն շարունակում է իր ներդրումը բերել խաղաղության և անվտանգության ապահովման գործին՝ մասնակցելով ՄԱԿ-ի խաղաղապահ առաքե-լություններին, բարելավելով միգրացիոն հոսքերի համակարգման գործընթացը, սահ-մանային հսկողությունն ու թրաֆիքինգի վերահսկումը, ինչպես նաև մասնակցելով մարդասիրական առաքելություններին:
Հայաստանը մեծ նվիրումով առաջ է մղում մարդու իրավունքների և դրանց խախտումների կանխարգելման օրակարգը, այդ թվում՝ ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի հարցերը: Այս ուղղությունը եղել և շարունակում է մնալ ՄԱԿ-ի շրջանակներում մեր գործունեության առանցքում: Հայաստանի միջազգային համագործակության առաջնահերթություններից է նաև մեր վճռական հանձնառությունը՝ ուղղված ներառական, մարդակենտրոն և իրավունքների վրա հիմնված կայուն զարգացման հավաքական ջանքերին: ՄԱԿ-ի և նրա զարգացման գործակալությունների հետ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունն անփոխարինելի դեր է կատարել Հայաստանի զարգացման ներուժն ամրապնդելու գործում՝ անցումային գործընթացների և բարեփոխումների միջոցով նպաստելով մեր առաջընթացին:
Ինչպես 25 տարի առաջ, այսօր էլ հայ ժողովուրդը ՄԱԿ-ն ընկալում է որպես խաղաղության, միասնության և համագործակցության խորհրդանիշ: Հենց այս հիմնարար արժեքներն են եղել կազմակերպության հիմքում: Անցնելով բարեփոխումների և ՄԱԿ-ի ընդլայնման գործընթացի միջով՝ դրանք այսօր էլ շարունակում են անխախտ մնալ: Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունն այս արժեքներին և շարունակելով համատեղ ճանապարհը՝ հետամուտ է ՄԱԿ-ի հետ իր գործընկերության հետագա խորացմանը: