Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Ապագա» համահայկական երիտասարդական երկրորդ համաժողովի մասնակիցներին
Ջերմորեն ողջունում եմ համահայկական երիտասարդական երկրորդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին:
«Ապագա» խորագիրը կրող այս կարևոր հավաքը մեկտեղել է սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդ ներկայացուցիչներին: Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում քննարկվելիք հարցերի շարքում են լինելու հայ երիտասարդության մասնագիտական ներուժի համախմբումը, հայոց լեզվի և ազգային ինքնության պահպանումը, ուծացման մարտահրավերներին դիմակայելու տարբերակների առաջադրումը, ինչպես նաև միջհամայնքային կապերի զարգացումը՝ ի նպաստ Հայաստան-սփյուռք գործակցության ամրապնդման:
Արդի հարափոփոխ աշխարհում մրցակցությունը տեղափոխվել է առավելապես գիտելիքի դաշտ: Ուստի, հայ երիտասարդը բոլոր բնագավառներում և հատկապես իր մասնագիտության մեջ պետք է լինի մրցունակ ու առաջավոր: Ձեզանից յուրաքանչյուրը պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենա իր աշխատանքին և հանրային դերակատարությանը, քանի որ նաև ձեր միջոցով են ճանաչում հային և հայ ժողովրդին:
Խորհրդանշական է, որ այս համաժողովը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Աշխարհի չորս կողմերում անցկացվեցին սրբադասված մեր նահատակների ոգեկոչման հազարավոր միջոցառումներ, որոնք հերթական անգամ ապացուցեցին հայի ապրելու, արարելու և պայքարելու անկոտրում կամքը: Այդ գործում ամենալուրջ մասնակցությունը ցուցաբերեցին հայ երիտասարդները: Հենց դուք էիք այդ ձեռնարկների առաջամարտիկները և մեր արդար դատի նվիրյալ պաշտպանները: Վստահ եմ, որ այսուհետ ևս ավելի համախմբված ու կազմակերպված եք շարունակելու վերածնված մեր ազգի պայքարը:
Լիահույս եմ, որ լավագույնս կօգտագործեք այս համաժողովը առկա խնդիրները հանգամանալից քննարկելու և հետագա անելիքները նախանշելու համար:
Համաժողովին մաղթում եմ բովանդակալից և արդյունավետ աշխատանք, իսկ ձեզ՝ հաջողություններ, ուժ ու եռանդ: