17
11, 2015

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման արարողության ժամանակ

Հարգելի՛ պարոն Կասպերսկի,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Սրտանց ողջունում եմ ձեզ և բարի գալուստ եմ մաղթում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայր:

Ես մեծ հաճույքով հաճելի պարտականություն կատարեցի` պարոն Եվգենի Կասպերսկուն հանձնեցի Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի այս տարվա մրցանակը:

Աշխարհով մեկ սփռված համակարգիչներից օգտվող միլիոնավոր մարդկանց համար «Կասպերսկի» և «Կասպերսկու լաբորատորիա» անունները հատուկ ներկայացնելու կարիք չկա: Այս անունները մարդկանց առօրյայի մաս են դարձել՝ օգնելով բոլորին պաշտպանել սեփական տեղեկատվությունը:

Յուրաքանչյուր համակարգ կարող է լինել թերի ու խոցելի: Համակարգերի թերությունները պետք է ուղղվեն, իսկ խոցելի հատվածները ճիշտ ժամանակին հայտնաբերվեն ու պաշտպանվեն ներքին ձախողումներից և առավել ևս` անհարկի միջամտություններից: Հենց այստեղ է, որ արդեն ավելի քան քառորդ դար իր բեղմնավոր գործունեությունն է ծավալել պարոն Եվգենի Կասպերսկին՝ օգնության հասնելով միլիոնավոր օգտատերերի:

Վերջին տարիներին Հայաստանում թերևս ամենակարևոր ձեռնարկումներից մեկը եղել է հատուկ ուշադրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Համադրելով պետական և մասնավոր հատվածների ջանքերը՝ մեզ հաջողվել է այս ոլորտը դարձնել իսկապես ռազմավարական: Եվ այստեղ, իհարկե, ամենաուրախալին մեր երիտասարդների շարունակական ներգրավումն է այս բնագավառում:

Այնուամենայնիվ, կարևոր է գիտակցել, որ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի կյանքում զուտ տնտեսական գործոն չեն: Այսօր այս տեխնոլոգիաների միջոցով Հայաստան է մուտք գործում արդիականությունը: Ավելին, տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են Հայաստանի արդիականացման ամենակարևոր միջոցներից մեկը:

Համակարգը բնութագրվում է ոչ թե սխալով, այլ սխալին արձագանքելու իր կարողությամբ: Հենց այստեղ է, որ մեզ բոլորիս օգնության են գալիս համակարգչային վիրուսների և վնասակար տարրերի դեմ պայքարելու գործին լծված մարդիկ: Նրանց շարքում Եվգենի Կասպերսկին և նրա ստեղծած լաբորատորիայում միավորված մասնագետները, իհարկե, զբաղեցնում են իրենց ուրույն և կարևոր տեղը:

Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են աշխարհով մեկ գլուխ բարձրացնում հետադիմական ուժերը, որոնք փորձում են խեղդել ժամանակակից աշխարհն ու արդիականացման գաղափարախոսությունը: Չգիտեմ՝ արդյո՞ք պարոն Կասպերսկին գիտի, թե ինչ հակավիրուս է մեզ անհրաժեշտ այդ չարիքի դեմ պայքարելու համար: Սակայն, վստահ եմ, որ արդի աշխարհն այնքան ճկուն և խոհեմ է լինելու, որ ի վերջո գտնելու է նաև այդ չարիքից պաշտպանվելու հակավիրուսը: Եվ դա լինելու է արդիականության և արդիականացման հաղթական պատասխանը հետադիմության և տգիտության վիրուսին:
Հարգարժա՛ն պարոն Կասպերսկի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Կասկած չկա, որ Ձեր կատարած աշխատանքը գնահատված է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Դուք և ձեր համախոհները նոր դռներ եք բացում մարդկության առջև, միաժամանակ նաև օգնում հուսալիորեն պաշտպանել այդ դռները: Հայտնի է, որ ում շատ է տրված, նրա հանդեպ ներկայացվող պահանջներն էլ բարձր են:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին առողջություն և ամենայն բարիք, նորանոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործունեության մեջ: Համոզված եղեք, որ այդ հաջողություններով մենք միշտ հպարտանալու և ուրախանալու ենք Հայաստանի Հանրապետությունում:
Շնորհակալություն: 

← Վերադառնալ