Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության 90-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության 90-ամյակի առթիվ, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ դինամոյականներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հիմնադրման 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դեռևս 1925 թվականին մարզական հասարակական կազմակերպության հիմնադրումն արդյունք էր ոչ միայն նվիրյալների կազմակերպական մեծ ջանքերի, այլև այն գիտակցության, որ նման կառույցների ստեղծումը պարտադիր է առողջ հասարակություն ունենալու համար: «Դինամոն» մեր հասարակության մեջ իսկապես դարձավ ինչպես մասնագիտական, այնպես էլ զանգվածային սպորտը զարգացնող և հանրայնացնող կարևոր կազմակերպություն:
Տարիների և տասնամյակների հետևողական աշխատանքը չէր կարող չտալ իր նշանակալի արդյունքները: «Դինամոյի» հարկի տակ հասակ առան ու կայացան հազարավոր մարզիկներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության մարզական փառքն ու պատիվը մարմնավորող լեգենդար մարզիկներ՝ Խորհրդային Միության, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների և օլիմպիական խաղերի չեմպիոններ ու մեդալակիրներ: Պակաս կարևոր չէ հայրենական մարզիչների մեծ բանակի առկայությունը, որ նույնպես «Դինամոյի» տևական և նպատակասլաց աշխատանքի արդյունքն է:
Հիմնադրված լինելով մի խումբ իրավապահների կողմից՝ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունը նպատակ է ունեցել բարձրացնելու իրավապահ մարմինների աշխատակիցների ֆիզիկական և մարտական պատրաստվածությունը, մարզվելու հնարավորություններ է ստեղծել Հայաստանի Հանրապետության ոստիկանության հազարավոր աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների համար:
Հարգելի՛ դինամոյականներ,
Մեր հասարակության և պետության համար ձեր գործունեությունը կարևոր է և բարձր գնահատականի արժանի: Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ ձեր շնորհակալ գործունեության մեջ»: