Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին
Սրտանց ողջունում եմ արդեն բարի ավանդույթ դարձած և մեր երկրների ու տարածաշրջանների միջև համագործակցության ամուր հիմք դրած հերթական՝ Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի բոլոր մասնակիցներին:
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները հետևողականորեն զարգանում են, ներառելով փոխշահավետ համագործակցության տարբեր ոլորտներ՝ քաղաքական, ռազմատեխնիկական, առևտրատնտեսական և մարդասիրական: Մեր երկրների ապակենտրոնացված փոխգործակցությունը ներդաշնակորեն լրացնում է այս երկկողմ ռազմավարական գործընկերության հարուստ ներկապնակը, որի հիմքում ընկած են մեր ժողովուրդներին դարեր շարունակ միավորող բարեկամական կապերը:
Հիմնվելով արդեն անցկացված համաժողովների արդյունքների վրա, որոնց ընթացքում ստորագրվել են բազմաթիվ համաձայնագրեր, մենք կարող ենք արձանագրել, որ այս ոլորտում համագործակցությունն ապացուցել է իր արդյունավետությունը: Համաժողովի աշխատանքի տեսանելի արդյունքներից են միջտարածաշրջանային կապերի ամրապնդումը, համատեղ գործնական նախագծերի իրականացումը և համագործակցության հեռանկարային ուղղություններում ներդրումների ներգրավումը:
Հայ-ռուսական համաժողովները դարձել են կարևոր հարթակ, որը հավաքում է մեր երկրների պետական իշխանության, գործարար և հասարակական շրջանակների ներկայացուցիչներին, նրանց հնարավորություն ընձեռելով մշակել գործուն մեխանիզմների և համագործակցության նոր ուղղություններ՝ ուղղված մեր տարածաշրջանների ռեսուրսային ներուժի բացահայտմանը:
ԵԱՏՄ մտնելով՝ մեր երկրները բարձրացան փոխշահավետ գործընկերության որակական նոր մակարդակի, և մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի օգտագործենք ԵԱՏՄ-ի ընձեռած լայն հնարավորությունները, մասնավորապես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը՝ ի նպաստ մեր երկրների բարգավաճման: Մեր աշխատանքը պետք է նպատակաուղղված լինի առևտրային և ներդրումային հոսքերի մեծացմանը, գործնական կապերի ամրապնդմանը, և ի վերջո, մեր տնտեսությունների ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակի հասնելուն:
Անկասկած, միջտարածաշրջանային համագործակցության կարևոր բաղկացուցիչներից է հումանիտար ոլորտում փոխգործակցությունը, որը հետևողականորեն զարգանում է:
Այս տարի Երևանում բացվեց Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի մասնաճյուղը: Բառացիորեն օրեր առաջ Երևանում անցկացվեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովը, որի անցկացման վայրը պայմանավորված էր հայ ազնվական դինաստիայի՝ Լազարյանների կողմից Արևելյան լեզուների ճեմարանի հիմնադրման 200-ամյակի նշմամբ, որը ՄՄՀՊԻ ձևավորման հիմք դարձավ: Մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված մշակութային կապերի պահպանումն ու ընդլայնումը պետք է դառնա միջտարածաշրջանային համագործակցության օրակարգի առաջնային ուղղություններից մեկը:
Համոզված եմ, որ ձեր բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ մենք նշանակալի արդյունքներ կարձանագրենք հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացման գործում:
Մաղթում եմ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ: