01
07, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին


Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին։ Հայրենիքում և սփյուռքում պարբերաբար կազմակերպվող ձեր մասնագիտական համագումարներն իրենց վրա են վերցրել շատ կարևոր առաքելություն` համախմբել հայրենիքի և սփյուռքի բժշկական ներուժը, համատեղ ծրագրերով զարգացնել առողջապահական համակարգերը Հայաստանում և Արցախում։

Սա հայրենիքի և սփյուռքի արդյունավետ համագործակցության լավագույն օրինակ կարող է հանդիսանալ։ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի տարում կազմակերպվող հերթական համագումարը պարտադրում է իրադարձություններին գնահատականներ տալ փոքր-ինչ այլ տեսանկյունից։

Սփյուռքն արդյունք է հարյուր տարի առաջ կատարված մարդկային ամենածանր եղեռնագործության։ Սակայն այսօր ուժեղ ենք հայրենիք-սփյուռք-Արցախ միասնականության մեջ։ Ոլորտ առ ոլորտ ամրացող մեր կապերն ավելի ինքնավստահ ու անպարտելի են դարձնում մեզ։

Պատահական չէ, որ բավական խոր ակունքներ ունեցող այս նախաձեռնության հե-ղինակներն ունեն մարդկային անգնահատելի արժեքների՝ գթասրտության և կարեկցանքի վրա հիմնված մասնագիտություն։ Ես հպարտությամբ եմ արձանագրում, որ հայ բժիշկները թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում բարձր են պահում իրենց մասնագիտական արժանապատվությունը։

Ինչ խոսք, նորանկախ մեր պետությունը դեռևս երկար ճանապարհ պիտի անցնի առաջատար երկրների առողջապահական համակարգերի հետ համեմատվելու համար։ Բայց մասնագիտական ձեր վաղեմի համագործակցության, ինչպես նաև ներքին մեծ ներուժի շնորհիվ առանձին ծառայությունների գծով տարածաշրջանում լուրջ դերակատարություն ունենք։

Այսօր մենք համարձակ ծրագրեր ենք իրականացնում ինչպես մարզային առողջապահությունը զարգացնելու, այնպես էլ ամենաժամանակակից հնարավորություններով Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն կամ տարածաշրջանային նշանակության արյունաբանական ծառայություն ստեղծելու ուղղությամբ։

Հարգելի՛ բարեկամներ,

Վստահ եմ, որ հերթական այս հավաքը ևս արդյունավետ է լինելու և համագործակցության նոր հեռանկարներ է բացելու, և համոզված եմ, որ հայրենիքի յուրաքանչյուր հաջողություն ընկալվում է որպես համայն հայության առաջընթաց:

Մաղթում եմ ձեզ մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, որոնք կնպաստեն մեր ընդհանուր հայրենիքի առաջընթացին, իսկ համագումարին` բովանդակալից և արդյունավետ աշխատանք:
 

← Վերադառնալ