06
06, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնում

Սիրելի՛ բարեկամներ,

Հարգելի՛ ներկաներ,

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ աշխարհահռչակ երաժշտական փառատոնում` «Միդեմում»։ Արդեն շուրջ կես դար Լազուրե ափն ամեն տարի իր շուրջն է համախմբում համաշխարհային մեծության անունների և մշակութային մեծ ուղի ոտք դրած երիտասարդների, որոնց համար հմայիչ այս քաղաքն ու հեղինակավոր հարթակները ոչ միայն պատվաբեր, այլ երբեմն բախտորոշ նշանակություն ունեն հետագա կայացման տեսանկյունից։

«Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնում Հայաստանն այս տարի պատվավոր հյուր է: Այս հանգամանքը սեփական մշակույթն աշխարհին հասցնելու և այլոց նվաճումներին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է մեր երկրի համար։ Հայաստանն իր պատմությամբ ու մշակույթով հնագույններից է, որ դարեր ի վեր ստեղծել, արարել ու արժեքներ է կերտել։

Մինչդեռ, ավաղ, նախորդ դարասկիզբը հինավուրց մեր ժողովրդի պատմության մեջ դաջվեց ամենամռայլ էջերով. Օսմանյան կայսրությունը ծրագրեց և իրականացրեց Հայոց ցեղասպանությունը։ 1915 թվականը սև սեպի պես խրված է մեր հիշողության մեջ, մտածողության, կենսակերպի մեջ։ Սա հայերիս ողբերգությունն է, նաև՝ ժամանակակից Թուրքիայի ժխտողական կեցվածքի ամոթը։ Սա այն արհավիրքն է, ինչի մասին նախորդ դարասկզբին ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը ասել է. «Մենք վերջապես հասկացանք, որ Արևելքում մեր քույրն է մեռնում, մեռնում է այն պատճառով, որ մեր քույրն է, և նրա հանցանքն այն է, որ կիսել է մեր զգացմունքները, սիրել այն՝ ինչ մենք ենք սիրում, մտածել այն՝ ինչ մենք ենք մտածում, հավատացել այն ամենին՝ ինչին մենք ենք հավատում. նա մեզ նման գնահատել է իմաստությունը, արդարությունը, պոեզիան, արվեստը»։

Այո՛, անխնա ոչնչացնում էին այն ժողովրդին, որը ոչ միայն գնահատում էր արվեստն ու մշակույթը, այլև ստեղծում ու տարածում էր դրանք։ Հենց միայն երաժշտության ասպարեզում օրինակներն արդեն իսկ խոսուն են։ Պոլսում հայերն են ստեղծել առաջին նվագախմբերը, երաժշտական թատրոնները, երաժշտական պարբերականը, օպերան ու օպերետը։ Նույն թուրքական մամուլը ժամանակին գրել է. «Տիգրան Չուխաճյանն առաջին կոմպոզիտորն է, որն աշխատում է թուրքական երաժշտությունը հաղորդակից դարձնել եվրոպական արվեստին»: Ցավոք, հայի միտքն ու տաղանդը չներվեց, և առաջինը հենց դրանք փորձ արվեց ոչնչացնել։

Այսպես եղել է անցած դարասկզբին: Սակայն այսօր, Օսմանյան կայսրությունում իրագործված նախճիրից հարյուր տարի անց, մեզ համար նվիրական ու խորհրդանշական այս տարում, երբ հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, հստակորեն փաստում ենք, որ ոչ մի դաժանություն չկարողացավ հայի հոգում սպանել քաղաքակրթական ու բարոյական առաքինությունները, ապրելու ու արարելու տենչը, ինչպես նաև հոգևոր, ոգեղեն ու մշակութային առաջընթացը: Մեզ առաջընթացի ուժ են տալիս և՛ անկումները, և՛ վերելքները։ Հենց այս արտասովոր ուժն է, որ հային մղել է ժայռի մեջ եկեղեցի փորել, թուրքական յաթաղանից մազապուրծ` թանկարժեք գոհարների ու ոսկե զարդերի փոխարեն գրքեր ու մատյաններ փրկել, Եղեռնից կորացած մեջքը դեռ չուղղած՝ նետվել ֆաշիզմի դեմ պայքարի և շարունակել արարել ու հաղթանակել։

Արտասովոր այս ուժը նախևառաջ հոգևոր կորով է, որն արթնանում է, երբ ունենում ենք ընդհանուր երազանք և ցանկանում ենք իրականություն դարձնել այն։ Այսօր այդ նույն արտասովոր ուժը մեզ օգնում է աշխարհին ներկայանալ այնպես, որ Հայաստանն ընկալեն որպես արժեքների երկիր՝ երկիր, որն ապրում է մշակույթների խաչմերուկում և առանց վարանելու, ազատ ու վստահորեն խոսում և հարաբերվում է երկու աշխարհների` Արևելքի ու Արևմուտքի հետ։

Այս ամենի կենտրոնում, անշուշտ, մեր մշակույթն է, որը հայի համար դարձել է իր գոյությունը, ինքնությունն ու տեսակը հաստատելու նպատակ ու միջոց։ Ուր էլ որ լինի հայը, նա չի վախենում ժամանակի հետ համընթաց քայլելուց, չի երերում մեծ աշխարհում իր մնայուն ներկայությունն ու արժեքավոր գոյությունը հաստատագրելուց։

Դեռևս մեկ դար առաջ իր ազգային երգով Ֆրանսիային ներկայացավ հայ մեծանուն երգահան Կոմիտասը։ Նա ընդունվեց Ֆրանսիայում, ավելին` նրա առջև ծնկի եկավ ֆրանսիացի մեծ կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին, իսկ մյուս մեծ ֆրանսիացին` Ռոմեն Ռոլանը Կոմիտասի համերգից հետո գրեց. «Հայը խորն է, ողբերգական և առնական նույնիսկ իր երազկոտության մեջ... Ի՜նչ հրաշալի երաժշտություն է։ Եվրոպական արվեստը վաղ թե ուշ կկրի այդ արվեստի ազդեցությունը»։ Հետևաբար շատ խորհրդանշական է, որ վաղն այս հիասքանչ քաղաքում, աշխարհի գլխավոր երաժշտական այս իրադարձության շրջանակներում հենց Դեբյուսիի անունը կրող դահլիճում կհնչի Կոմիտասի երաժշտությունը:

Հայի հարատևած մշակութային ու հոգևոր տոկունության օրինակները շատ են։ Դրանց ապացույցներն այժմ նաև այս սրահում են։ Նախորդ դարասկզբին Մարսելում խարիսխ նետած նավերը Ֆրանսիա բերեցին այնպիսի հայորդիների, որոնց ժառանգներն այսօր զարդարում են Ֆրանսիայի մշակույթը` Շառլ Ազնավուր, Ռոզի Արմեն, Ալեն Թերզյան, Ալեքսանդր Սիրանոսյան, Ռոբեր և տիկին Գեդիգյաններ։ Այս անհատականություններն այլևս Ֆրանսիայի լիարժեք ու պատվավոր քաղաքացիներն են, բայց, այնուամենայնիվ, նրանց մեջ ապրում են իրենց ազգի ժառանգությունը, պատմությունը, հավատն ու մշակույթը։ Իրենց անցյալի հիշատակներն ու ծագման հիշողությունն են յուրահատուկ հմայք հաղորդում նրանց ստեղծած արվեստին, նրանց պահում հայ և միաժամանակ՝ համաշխարհային ու համամարդկային։

Սիրելի՛ բարեկամներ,

Այսօր ֆրանսիական հողը մեզ համախմբել է արվեստներից միգուցեև ամենահասկանալիի, ամենամարդկայինի, ամենաընկալելիի ու ներազդողի` երաժշտության շուրջ։ Այսօր մենք այստեղ ներկայանում ենք մարդկության համապարփակ այն լեզվով, որտեղ խոսքը համրանում է։ Սա այն դեպքն է, երբ բառերն ավելորդ են դառնում։ Սա այն դեպքն է, երբ արվեստը ելնում է սրտից ու պիտի հասնի սրտերին։

Այդպես է եղել միջնադարյան բանաստեղծ ու երգահան Ներսես Շնորհալուց մինչև Կոմիտաս, Ալեքսանդր Սպենդիարյան ու Արմեն Տիգրանյան, ապա Արամ Խաչատրյան ու Ավետ Տերտերյան։ Այդպես շարունակվելու է միշտ։ Հայոց երաժշտական մշակույթում շնորհալիներ այսօր էլ կան։ Նրանցից մի քանիսն այստեղ են, մեզ հետ նույն սրահում` Հովհաննես Չեքիջյան, Ռոբերտ Ամիրխանյան, Արամ Սաթյան, Արթուր Գրիգորյան։ Նրանք կան ու դեռ շատանալու են։ Նրանց արվեստը հարատևող է ու ապրեցնող։

Այս օրերին, երբ կունկնդրեք հայ երաժշությունն իր բոլոր ժանրերում, հավատացած եմ` կզգաք, թե որքան ազգային ու յուրօրինակ, միևնույն ժամանակ նույնքան անսահման ու համամարդկային է մեր արվեստը։ Համոզված եմ, որ հայոց հողից ծնված ու սնվող ազգային մեղեդիներն իրենց համամարդկային հնչեղությամբ կխլացնեն ձեր տխրությունը, կշոյեն ձեր լսողությունը և կլցնեն ձեր հոգիները ներդաշնակությամբ։

Շնորհակալություն:

← Վերադառնալ