Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովում
22 ապրիլի, 2015թ., Երևան
Մեծարգո՛ հյուրեր,
Գլոբալ համաժողովի հարգելի՛ մասնակիցներ
Ողջունում եմ ձեզ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովի շրջանակներում: Շնորհակալ եմ հրավերն ընդունելու և ձեր կարևոր մասնակցության համար: Համաժողովի ներկայացուցչական կազմը վստահություն է ներշնչում, որ այն կվերածվի հանցագործությունների հանցագործության` ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների մշակմանն ու կատարելագործմանն ուղղված համընդգրկուն քննարկումների կարևոր հարթակի: Վստահ եմ, որ այստեղ հնչած ելույթները, ներկայացված տեսակետները կստանան լայն միջազգային արձագանք, ինչն անգնահատելի նշանակություն կարող է ունենալ հիմնախնդրի վերաբերյալ համաշխարհային իրազեկվածությունը բարձրացնելու գործում:
Վերջին շրջանում միջազգային կազմակերպությունների օրակարգը, փոքր և մեծ պետությունների դիվանագիտական ջանքերը, միջազգային մամուլի առաջին էջերը զգալի չափով ուղղված են մարդկության առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից մեկին: Խոսքը ժամանակակից քաղաքակրթության բնօրրանում` Մերձավոր Արևելքում, ծայրահեղականության և անհանդուրժողականության աճի մասին է, որը հանգեցրել է տարբեր փոքրամասնությունների դեմ բռնությունների, որոշ վայրերում՝ նաև ցեղասպան դրսևորումների ի հայտ գալուն: Միջազգային հանրության համար սա հերթական ահազանգն է առ այն, որ ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վտանգն ամենևին չի վերացել և պահանջում է միջազգային կառույցների, պետությունների և քաղաքացիական հասարակության համախմբված և հետևողական քայլեր:
Հարգելի՛ մասնակիցներ,
Այս համաժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող կենտրոնական միջոցառումներից է: Ինչպես տեղյակ եք, այդ տարելիցի առթիվ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են ոգեկոչման միջոցառումներ, որոնք հիմնված են չորս առանցքային հենասյուների վրա: Դրանք են՝ հիշողությունը, երախտագիտությունը, կանխարգելումը և վերածնունդը: Միաժամանակ դրանք այն ուղերձներն են, որոնք Հայաստանի Հանրապետությունը և տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության հետևանքով առաջացած հայկական համայնքները ցանկանում են 100-րդ տարելիցի կապակցությամբ հղել միջազգային հանրությանը և գալիք սերունդներին: Այս չորս գաղափարները հիմնարար նշանակություն ունեցող խորհուրդ են պարունակում նաև մարդկության պատմության ընթացքում իրականացված բոլոր ցեղասպանությունների ոգեկոչման համար:
Համաժողովի ընթացքում քննարկվելիք թեմաներից մեկը վերնագրված է այսպես. «Ո՞րն է հիշողության և ճշմարտության դերը ցեղասպանությունների հետևանքների հաղթահարման հարցում»: Իսկապես շատ դիպուկ ձևակերպված հարցադրում է, քանզի ցեղասպանությունների հարցում հիշողությունն ու ներկա իրականությունն անխուսափելիորեն փոխկապակցված են: Ցեղասպանությունը հանցագործություն է, որի մասշտաբներն այնքան մեծ են, որի պատճառած վնասներն այնքան խոր են, որ անգամ տասնամյակներ անց նրանց ազդեցությունն իրենց վրա զգում են թե՛ ցեղասպանության ենթարկվածների ու այն իրականացնողների ժառանգները և թե՛ ողջ միջազգային հանրությունը:
Հայերիս համար հիշողությունը բարոյական պարտավորություն է և, միաժամանակ, անբաժանելի անհատական և կոլեկտիվ իրավունք: Բարոյական պարտավորություն և իրավունք է հիշելու մեկուկես միլիոն մեր նահատակներին, հարյուր հազարավորների կրած անմարդկային զրկանքները, հազարամյակների ընթացքում մեր ժողովրդի կուտակած նյութական և հոգևոր ժառանգության կորուստը, 20-րդ դարասկզբի հայ մտավորականության՝ հիմնականում Կոստանդնուպոլսում ապրող այն ստվար հատվածին, որին ոչնչացնելով՝ սկիզբ դրվեցին զանգվածային ջարդերին: Իրավունքի և պարտավորության այս միասնականությունն է պատճառը, որ մենք ոգեկոչման միջոցառումներն իրականացնում ենք «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով:
Չի կարելի չհամաձայնել Հոլոքոստը վերապրած, Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելի հետ, ով նշում է. «Սպանվածներին մոռանալը հավասարազոր է նրանց երկրորդ անգամ սպանելուն»: Միաժամանակ հիշողությունը լավագույն միջոցն է ցեղասպանությունն իրականացրածների ժառանգների համար սեփական պատմության հետ առերեսվելու և լավագույն հնարավորություն՝ արդարությունը վերականգնելու համար:
Ցեղասպանությունների` Մեծ եղեռնի, Շոայի զոհերի, ինչպես նաև Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունների հիշատակի օրերը պետք է ոգեկոչվեն ոչ միայն զոհերի, այլ նաև ցեղասպանությունն իրագործածների ժառանգների կողմից: Դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը:
Հարգելի՛ ներկաներ,
Ցեղասպանության իրականացումը հետևանք է ոչ միայն տվյալ պետության կամ հասարակության ներսում գրանցվող զարգացումների, այլ նաև ողջ միջազգային համակարգի ձախողման: Մեկ անգամ չէ ապացուցվել, որ անպատժելիությունը ցեղասպանության կրկնության նախադրյալ է: Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը հնարավոր եղավ իրականացնել համապատասխանաբար Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում: Միջազգային հանրությունը չկարողացավ կանխել դրանց և մյուս ցեղասպանությունների իրականացումը: Այժմ հիշողության միջոցով է հնարավոր պատկերացնել այն մեծագույն կորուստը, որ համաշխարհային քաղաքակրթությունը կրել է ցեղասպանությունների հետևանքով: Անհնարին է բառերով նկարագրել մարդկային արժեքային համակարգի խեղման այն աստիճանը, որն ընկած է այս սարսափելի ոճիրի նախաձեռնման հիմքում:
Ցեղասպանությունների վերաբերյալ մեր հիշողություններում մեծ է երախտագիտության տեղը՝ երախտագիտություն մարդկային առաքինության հանդեպ, որը ցեղասպանությունների ընթացքում փրկել է հազարավոր կյանքեր: Այդպիսի պատմությունները բազմաթիվ են. Իրենա Սենդլերի կամ Ռաուլ Վալենբերգի գործունեությունը Հոլոքոստի ընթացքում, Փոլ Ռուսեսաբագինայի գործունեությունը Ռուանդայի ցեղասպանության, Վան Չուոնի գործունեությունը Կամբոջայի ցեղասպանության շրջանում ոչ միայն ֆիզիկական գոյության երաշխիք են հանդիսացել իրենց կողմից փրկվածների համար, այլ նաև հավատի ներշնչման աղբյուր դաժանության և ատելության տիրապետության ժամանակաշրջանում:
Հայ ժողովուրդը չի մոռանում և շնորհակալ է այն քրդերին և թուրքերին, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ ծածուկ փրկում էին իրենց հարևան հայի կյանքը, արաբ ժողովրդին, որն ապաստան տվեց յաթաղանից մազապուրծ եղած հայերին, որբախնամ և այլ տեսակի մարդասիրական գործունեություն իրականացրած ռուս, ամերիկացի և եվրոպացի անհատներին:
Հավասարապես երախտագիտության են արժանի քաղաքացիական համարձակություն ունեցող այն գործիչները, հոգևորականները, միսիոներները, դիվանագետները և քաղաքական բարեպաշտություն ցուցաբերած այն պետությունները, որոնք իրենց գործունեության մեջ առաջնորդվեցին մարդասիրական վեհ գաղափարներով:
Հարգելի՛ մասնակիցներ,
Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործում հետևողական ջանքեր գործադրելուց զատ մեր արտաքին քաղաքականության օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ակտիվ դերակատարության ստանձնումը: Ընդ որում, այս ուղղությունները փոխկապակցված են, քանզի անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում անգնահատելի դերակատարություն ունեն: Այդ է պատճառը, որ մենք մեծ տեղ ենք հատկացնում ցեղասպանության կանխարգելման հիմնախնդրին՝ ևս մեկ անգամ ընդգծելով մարդկային քաղաքակրթությանն անհարիր երևույթների դեմ պայքարում մեր անսասան վճռականության և քաղաքական կամքի ամրագրումը:
Ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության գործադրած ջանքերում Հայաստանի ակտիվ մասնակցության օրինակներից է ՄԱԿ-ում Հայաստանի նախաձեռնած և կոնսենսուսով ընդունված՝ տարբեր տարիների բանաձևերը: Դրանցից վերջինն ընդունվեց այս տարվա մարտին՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում: Բանաձևում դատապարտվում է նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների միջազգային հրապարակային ժխտումը, քանզի այն պարարտ հող է նախապատրաստում նոր բռնությունների համար և արգելակում է հանցագործության կանխարգելման գործընթացը:
Ժխտողականությունը ցեղասպան միջավայրի սերմանման և հենց բուն սպանդի իրականացման հետ նույն եռանկյունու գագաթներից է: Ցեղասպանության ժխտումը նաև ազգային ատելության նոր ալիքի բարձրացման տարրեր է պարունակում, հաճախ ուղեկցվում է անհանդուրժողականությամբ և իրականացված ցեղասպանությունների արդարացմամբ: Իսկ միջազգային ուժեղացող ճնշման պարագայում ժխտողականությունը ձեռք է բերում ավելի փափուկ, բայց նույնքան վտանգավոր երանգներ կամ տարրալուծվում է պատմության վերաշարադրման արշավներում:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Միանշանակ է, որ մինչ այժմ միջազգային իրավունքի տեսաբանների և պատմաբանների կողմից զգալի աշխատանք է տարվել «ցեղասպանություն» եզրույթի իրավական ամրագրման, ինչպես նաև այդ հանցագործության պատժի մեխանիզմների մշակման ուղղությամբ: Միանշանակ է նաև, որ վերը նշված ուղղություններով անուրանալի և հաճախ առաջնորդող դերակատարություն են ունեցել հասարակական-քաղաքական շրջանակները, լրագրողները, խորհրդարանականները: Ասվածն ամբողջովին տեղին է նաև Հայոց ցեղասպանության դեպքում: 1915-16թթ. համաշխարհային մամուլը լի էր հայերի զանգվածային կոտորածների մասին պատմող ահասարսուռ հոդվածներով: 1915թ. ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք Թայմս» թերթը 145 հոդված տպագրեց, որոնց խորագրերից էր՝ «Ջարդերը դադարեցնելու կոչ՝ ուղղված Օսմանյան կայսրությանը»: Թերթի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը բնորոշվեց որպես «համակարգված», «լիազորված» և «կառավարության կողմից կազմակերպված»:
1915թ. մայիսի 24-ին Դաշնակից պետությունները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ հայության նկատմամբ կատարվածը բնորոշելով որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցանք», ինչն այս ձևակերպման առաջին ամրագրումն էր նման բարձր մակարդակով:
Հետագայում այս հասկացություններն ընդգրկվեցին այդ ոճրագործության բնորոշման հիմնարար ձևակերպումների շարքում՝ ՄԱԿ-ի ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայում, Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտում և միջազգային իրավունքի այլ կարևորագույն փաստաթղթերում:
Ցեղասպանությունների ու մարդկության դեմ գործված հանցագործությունների կրկնության պատճառներից մեկը նաև այն է, որ միջազգային հանրության հետևողականությունը, միասնականությունն ու վճռականությունը բավարար չափով չի դրսևորվել իրականացված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման, ինչպես նաև ցեղասպան միջավայրի ու ժխտողականության բացառման գործում: Որպես ժողովրդավարական արժեքների հենասյուն-կառույցներ՝ վերը նշված ուղղություններով զգալի դերակատարություն ունեն հատկապես խորհրդարանները և խորհրդարանականները:
Կարևորում եմ այն հանգամանքը, որ օրենսդիրների անգնահատելի դերին նվիրված հատուկ քննարկում է նախատեսվում այս համաժողովի շրջանակներում, քանի որ նրանց ուղերձները, որոշումները և հայտարարություններն էական նշանակություն ունեն ինչպես արդարության վերականգնման, այնպես էլ հասարակություններին ու նրանց ապագա սերունդներին ցեղասպանության չարիքի հետևանքների ճիրաններից ազատելու առումով:
Ողջունում և կարևորում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից այս տարի ընդունած երկու փաստաթղթերը` Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունն ու «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությունը, համաձայն որի ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օրը նշվում է դեկտեմբերի 9-ին, ինչը խիստ խորհրդանշական է, քանի որ հենց այդ օրն է ընդունվել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այս համատեքստում մեր կարևորագույն ուղերձներից մեկն էլ վերածնունդն է: 100 տարի առաջ հայ ժողովուրդը վերապրեց իր պատմության ամենամութ և դաժան էջը: Արհավիրքը, որ բաժին ընկավ մեր նախնիներին, իրոք աննախադեպ էր իր մասշտաբներով, սակայն այսօր, 100 տարի անց, ոգեկոչելով իր զոհերին՝ հայ ժողովուրդը համայն աշխարհին ներկայանում է անկախ պետությամբ, ազատ Արցախով, հայապահպանության և հանուն Հայաստանի զարգացման արժեքներով ապրող կենսունակ սփյուռքով՝ համամարդկային քաղաքակրթության զարգացման մեջ նոր ներդրումներ ունենալու ձգտումով:
Այս ամենի հիմքը հայ ժողովրդի վերածնունդն է: Թերևս հենց այստեղ դրսևորվեց մեր ժողովրդի ամենագլխավոր հատկությունը՝ չնայած բոլոր դժվարություններին և դժբախտություններին, համամարդկային արժեքների հանդեպ հավատը պահպանելու, իր մեջ կառուցելու և արարելու ուժ գտնելու ունակությունը: Արդեն 1918թ. վերականգնվեց դարեր առաջ կորսված հայկական պետականությունը: Այնուհետև, խորհրդային ժամանակներում հայ ժողովուրդը ստեղծեց հոգևոր և նյութական բազում արժեքներ՝ մասնակցելով համաշխարհային գիտական և մշակութային շտեմարանի հարստացմանը: Հայ ժողովրդի վերածննդի գագաթնակետը 1991 թվականի համազգային զարթոնքն էր, Հայաստանի նորանկախ Հանրապետության անդամակցությունը ինքնիշխան պետությունների համաշխարհային ընտանիքին:
Հայ ժողովուրդը վերածնունդ ապրեց ոչ միայն իր հայրենիքում, այլև Սփյուռքում: Հայոց ցեղասպանության հետևանքով աշխարհի տարբեր երկրներում ապաստան գտած հայորդիները հաջողությամբ ինտեգրվեցին իրենց ընդունած հասարակություններում՝ միևնույն ժամանակ պահպանելով հայկական ինքնությունը և Հայաստանի հետ խոր կապի գիտակցումը:
Ուստի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մենք բաց ճակատով ենք և վստահաբար հայտարարում ենք, որ այն, ինչին ցանկանում էին հասնել Հայոց ցեղասպանության կազմակերպիչները, չի հաջողվել: Ավելին, հայ ժողովրդին ոչնչացնելու փորձին մեր պատասխանը պետականության կառուցումն է, մեր վերածնունդն է, որն այսօր այլևս անշրջելի է:
Հարգելի՛ մասնակիցներ
Եզրափակելով խոսքս՝ ընդգծեմ, որ այսօրվա համաժողովը քննարկումներին զուգահեռ պետք է հզոր գործնական ուղերձ հղի միջազգային հանրությանն առ այն, որ ցեղասպանությունները բնավ չեն դադարել սպառնալիք հանդիսանալ մարդկության համար, որ դրանց հետևանքների հաղթահարումն ու կանխարգելումը պետք է դառնա կարևորագույն առաջնահերթություն: Անցյալի դասերը մեզ պարզապես պարտավորեցնում են դա անել: Քաղաքակիրթ մարդկությունը պետք է մեկտեղի իր ջանքերը՝ վերջնականապես արմատախիլ անելու ցեղասպանության չարիքը և այն ծնող հանգամանքները:
Հայտնի ճշմարտություն է, որ տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է: Ասվածը ճիշտ է նաև մարդկության քաղաքակրթության համար, քանզի մարդկությունը ռասաների, ժողովուրդների, մշակույթների և կրոնների իր ողջ բազմազանությամբ է, որ կազմում է ներդաշնակ և ամբողջական մի համայնապատկեր: Ցեղասպանությունը հանցագործություն է, որը միտված է պոկելու համաշխարհային քաղաքակրթության ծառի ճյուղերից մեկը: Յուրաքանչյուր ճյուղի կորուստը ճակատագրական կարող է լինել նաև մյուսների համար:
Հետևապես՝ «այլևս երբեք» ասելու վճռականությամբ մեր համեստ ներդրումն ունենանք հանուն բոլորիս միավորող համամարդկային նպատակի՝ ցեղասպանության կանխարգելման՝ միջազգային հանրության այդ առաքելության առավել լիարժեք իրականացման:
Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս օրերին Երևան այցելելու համար և մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք: