28
03, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովում

 


Հարգարժա՛ն Նախագահ Սի Ծինփին,

Հարգելի՛ գործարարներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ, որ իմ պետական այցն այս զարմանահրաշ երկիր՝ հյուրընկալ Չինաստան, եզրափակում եմ Ասիայի Բոաո հեղինակավոր համաժողովին ուղղված իմ ելույթով: Այս կառույցն իրավամբ դարձել է ասիական տարածաշրջանի զարգացման, տնտեսական համագործակցության և առաջընթացի ապահովման յուրօրինակ խթան: Նմանօրինակ ներկայացուցչական համաժողովները կարևոր հարթակ են նաև երկխոսության և փոխճանաչողության համար:

Հայաստանը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող մի երկիր է, որ հազարամյակներ շարունակ կապող օղակ է եղել երկու աշխարհամասերի միջև և որտեղ միաձուլված են արևելյան և արևմտյան արժեքները: Այդ կապի առարկայական պատկերը պատմական Մետաքսի մեծ ճանապարհն է, որի անքակտելի մաս է կազմել Հայաստանը: Եվ պատահական չէ, որ մեզ համար այդքան գրավիչ է Նախագահ Սի Ծինփինի՝ ժողովուրդներին միավորող այդ ուղին վերականգնելու առաջարկը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից. մեր կառավարությունն իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, որ երաշխավորված է օրենքով: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերը բարձր են գնահատվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:

Հայաստանը տարածաշրջանի այն եզակի երկրներից է, որ լուրջ ներքաղաքական ցնցումներ չի ապրել և մարդու իրավունքների, օրենքի գերակայության և տարբեր զարգացման ցուցանիշներով զգալիորեն գերազանցում է տարածաշրջանի շատ երկրների, ինչը կարևոր նախադրյալ է ներդրումային գրավչության առումով:

Այսօր Հայաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի շուրջ 250 մլն. բնակչություն ունեցող ԱՊՀ բոլոր երկրների հետ: Իսկ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն ազատ մուտք ունի 170 միլիոնանոց միասնական շուկա, հումքի անմաքս ներմուծման իրավունք ԵՏՄ և 750 ապրանքատեսակի համար ներմուծման արտոնյալ պայմաններ՝ 3-րդ երկրներից:

Օգտվում ենք նաև ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի արտոնությունների համակարգից, այսինքն՝ զրոյական կամ էապես իջեցված մաքսատուրքեր են գործում հայկական ծագում ունեցող ապրանքներն այս երկրներ արտահանելիս: Հայաստանը նաև խոշոր արտահանողներին տրամադրում է արտոնյալ պայմաններ, այդ թվում՝ ազատելով շահութահարկից:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մենք որդեգրել ենք գիտելիքահենք տնտեսություն կառուցելու ուղին, որի նպատակով գործուն քայլեր ենք ձեռնարկել: Մեր հաջողությունների վառ վկայությունն է Հայաստանում գործող Դիլիջան միջազային դպրոցը (UWC), Ամերիկյան, Ֆրանսիական և Սլավոնական համալսարանները և, իհարկե, Կոնֆուցիոսի ինստիտուտը, որը վերածվել է հայ-չինական համագործակցության յուրահատուկ պլատֆորմի: Արդյունքում, ՀՀ-ն արձանագրել է թռիչքային աճ տեղեկատվական տեխնոլոգիաների և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում:

Այսօր Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, աշխարհագրական դիրքով, բազմաթիվ երկրների հետ համագործակցության ձևաչափերով և «ներդրողների կարիքների վրա հիմնված» մոտեցմամբ:

Հայաստանը պատրաստ է դառնալ նաև ասիացի գործարարների շահերի կենտրոն: Կառաջարկեի դիտարկել նաև չինական և այլ ասիական խոշոր ընկերությունների Հայաստանում տարածաշրջանային գլխամասային կենտրոններ հիմնելու հնարավորությունները: Գործարարների համար հատկապես գրավիչ կարող է լինել էներգետիկայի ոլորտը, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կամ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագրերում համագործակցությունը` Մետաքսի ճանապարհ նախաձեռնությանը համահունչ:

Համագործակցության նախադրյալներ կան նաև զբոսաշրջության ոլորտում՝ ներառյալ «Մեծ մետաքսի ճանապարհ» զբոսաշրջային երթուղու շրջանակներում, ինչը կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև միջմշակութային երկխոսության տեսանկյունից: Արձանագրելով տարեկան առնվազն 10% աճ՝ զբոսաշրջությունը Հայաստանում առավել դինամիկ զարգացող ոլորտներից է: Աշխարհագրական դիրքով և հարուստ մշակութային ժառանգությամբ պայմանավորված Հայաստանի զբոսաշրջային մեծ ներուժը ավիացիայի ոլորտի խթանման կարևոր նախադրյալներից է, որի զարգացման նպատակով 2013թ. մենք որդեգրեցինք Բաց երկնքի քաղաքականություն: Արդյունքում, աճեցին ուղևորափոխադրումները, ընդլայնվեց դրանց աշխարհագրությունը, իսկ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը 2013թ. ճանաչվեց լավագույն օդանավակայանը ԱՊՀ երկրների շարքում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Վստահ եմ՝ այսօրվա մեր հանդիպումը մեծապես կնպաստի մեր բարեկամության ամրապնդմանը՝ բացահայտելով փոխշահավետ համագործակցության նոր ուղիներ:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

← Վերադառնալ